Ինչպես Երանոսյանը կորցրեց իրեն ամրակցված զենքը
2010թ. հուլիսի 9-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը վճռով Լեռնիկ Երանոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով և 372-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել՝ ՀՀ քրեական օրեսնգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկում 2 (երկու) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկում 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի կարգով` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Լ. Երանոսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով: Հիշեցնենք, որ Լեռնիկ Երանոսյանը ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի եղբայրն է:
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Լ. Երանոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` 1 (մեկ) տարի փորձաշրջանով:
Իսկ ի՞նչ «հերոսություն» էր կատարել Երանոսյանը.
2010թ. հունիսի 3-ին «հանդիսանալով պաշտոնատար անձ` ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, կոչումով փոխգնդապետ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելով, անձնական շահագրգռվածությունից ելնելով, զինծառայողների նկատմամբ իր հեղինակությունը բարձր պահելու, գերիշխանության, վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով, կատարել է իշխանազանցություն` 2010թ. ապրիլի 2-ին, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, զորամասի ճաշարան ճաքած ձու ընդունելու համար, զորամասի մի խումբ սպաների ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ու քաշքշել զորամասի պահեստապետ, ենթասպա NN-ին, իսկ երբ վիճաբանությունը կանխելու նպատակով նրանց է մոտեցել հրամանատարի տեղակալ NN-ը, սեռական բնույթի հայհոյանքներ է տվել, քաշքշել և հարվածներ հասցրել նաև վերջինիս:
Վերադառնալով զորամասի շտաբ՝ հանդիպելով ենթասպա NN-ին, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով գերիշխանության վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով կատարել է իշխանազանցություն` իրեն ամրակցված ՏՏ տեսակի ատրճանակն ուղղել վերջինիս ուղղությամբ և առանց պատճառի պահանջել է դիմում գրել և դուրս գալ աշխատանքից:
Նույն օրը ժամը 22:00-ի սահմաններում Լեռնիկ Երանոսյանն իր ավտոմեքենայով հետապնդելով NN-ին և զորամասի տարածքից դուրս հանդիպելով նրան՝ հատել է վերջինիս ճանապարհը, սպանության սպառնալիքի իրական վտանգ ներկայացնելով իրեն ամրակցված ՏՏ տեսակի ատրճանակն ուղղել է NN-ի կողմ և պահանջել ավտոմեքենան կայանել: Վերջինս, սարսափած, դեպքի վայրից ավտոմեքենայով դիմել է փախուստի:
02.04.2010թ. ժամը 23:00-ի սահմաններում Լեռնիկ Երանոսյանը խախտելով ՀՀ պաշտպանության նախարարի զենքի և զինամթերքի պահպանման հրահանգի 15-րդ կետի 6-րդ ենթակետի դրույթներն այն մասին, որ արգելվում է հասարակական միջավայրում գտնվելիս զենք կրել, եթե այնտեղ գտնվելը կապված չէ ծառայության հետ, Էջմիածին քաղաքում կորցրել է իրեն ծառայողական իրավունքով ամրակցված ՏՏ տեսակի ատրճանակը»:
Առաջադրված մեղադրանքներում Լեռնիկ Երանոսյանն իրեն մեղավոր է ճանաչել:
Թողնել մեկնաբանություն