Skip to main content

Իրավապաշտպանը բացատրել է՝ ինչու չի ստորագրել ՀԿ-ների նամակը

Այսպիսի տպավորություն է ստացել Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը՝ ստանալով նամակի նախագիծը: Պատասխանելով Epress.am-ի հարցին, թե ինչու նա շատ քիչ իրավապաշտպանների թվում է, ովքեր հայտարարությունը չեն ստորագրել, Դանիելյանն ընդգծել է, որ Հայաստանում այսօր առկա են տարբեր հանձնակատարների ուշադրությանն արժանի շատ ավելի լուրջ խնդիրներ, ինչպիսին են օրինակ՝ բանտերում առկա անմարդկային պայմանները, ոստիկանության բաժիններում խոշտանգումները, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի խնդիրը, այն փաստը, որ դատարանները դատախազության և ոստիկանության կամակատարներն են:
Հիշեցնենք, որ ՀԿ-ներն իրենց նամակում մատնանշում են վերջին շրջանում խաղաղ հավաքների ընթացքում բողոքողների նկատմամբ ոստիկանների կողմից կիրառած բռնի ուժը, ակտիվիստների վրա հարձակումները, քրեական հետապնդումները:
«ՀԿ-ների նամակում նշված խնդիրները, իհարկե, կարևոր են, սակայն ոչ առաջնային: Այդ բոլոր հարցերը չէին ծագի, եթե իմ կողմից նշված խնդիրները լուծված լինեին: Մենք, օրինակ, գիտենք, որ Տիգրան Առաքելյանը մեղադրվում է ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ, ու դա սարքովի դատ է: Եվ ուրեմն այն բոլոր դեպքերում, երբ ոստիկանները ակտիվիստների ու լրագրողների նկատմամբ վատ վերաբերմունք են դրսևորում, իշխանության կողմից դիտվում են որպես օրինաչափություն», – հայտարարել է Հելսինկյան ասոցիացիայի նախագահը:
Դանիելյանը նաև նշել է, որ ՄԱԿ-ն իր համար լուրջ կազմակերպություն չէ, ինչպես և ՄԱԿ-ի հանձնակատարները: Պատասխանելով Epress.am-ի այն հարցին, թե ինչու էր ինքը ժամանակին համագործակցում ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի հետ, Դանիելյանն ասել է, որ Համարբերգը, ի տարբերություն, ՄԱԿ-ի հանձնակատարների, ոչ թե չինովնիկ է, այլ իրավապաշտպան, և նա շատ լավ է հասկանում ու տիրապետում իրավիճակին, մինչդեռ ՄԱԿ-ում այդ աթոռներին ճակատագրի բերումով են հայտնվում:
«Կրկնում եմ, եթե ցանկանում էին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարին հրավիրել, ապա հարկավոր էր հարցերի ավելի լայն ու լուրջ շրջանակ կազմել: Մի երկրում, որտեղ խղճի գերիներ կան և չի բացահայտվել 2008 թվականի մարտի 1-ը, այլ բաների մասին խոսելն անիմաստ է», – եզրափակել է Դանիելյանը:

Տեղեկատվությունը՝ Epress.am-ի:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով