Skip to main content

Խոշտանգման մեջ մեղադրվողներն ավելի բարձր պաշտոններ են ստացել

Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում, կարծես, օրինաչափ է դարձել, որ խոշտանգում կատարող անձանց պաշտոնները բարձրացվում են։ Ոստիկանապետը, տարբեր տարիների ընթացքում, մի շարք անձանց պաշտոններ է բարձրացրել։ Այս եզրահանգմանը գալու համար ուսումնասիրել ենք մի շարք գործեր։

Երկար տարիներ ոստիկանական համակարգում աշխատող, կոչումով մայոր Գերասիմ Մարդանյանը, մեղադրվում է  խոշտանգում կատարելու համար` ՀՀ ՔՕ 309.1 հոդվածով։

Ըստ մեղադրանքի՝ նա 2017թ. հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժնի շենքում խոշտանգել է Ժորա Սիմոնյանին: Միջադեպից հետո Իջևանի քրեական հետախուզության բաժնի պետի լիազորությունները կասեցվել էին։ Իսկ ահա 2020 թ ոստիկանապետի հրամանով նշանակվել է Դիլիջանի քրեական հետախուզության բաժնի պետ: Երբ գործը դեռ ներպետական ատյաններում է եւ չկա վերջնական դատավճիռ։

Իսկ ահա «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Արտուշ Միրաքյանը, ով  մեղադրվում է խմբի կազմով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Արմեն Աղաջանյանին խոշտանգելու մեջ, ոստիկանապետի հրամանով այս տարի  աշխատանքի է  անցել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում:

Նա ունի ամբաստանյալի կարգավիճակ եւ գործը գտնվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում։

Աշխարհի չեմպիոնին եւս ոստիկանները չէին խնայել։ 2020 թ  Ոստիկանության Նոր Նորքի բաժնում նրան եւ ընկերոջը խոշտանգել էին։ Բաժնի պետ Արտակ Ասատրյանին, ՝ պաշտոնական լիազորություններն անցնելու հոդվածով, մեղադրանք էր առաջադրվել։ Ըստ մեղադրանքի՝ նա ոչ մի քայլ չէր կատարել խոշտանգումը կանխելու համար։ Հետագայում  քրեական գործի վարույթը, ոչ արդարացման հիմքով,  կարճվել է։  Բայց նույնիսկ այդ հանգամանքը չի խանգարել  ՀՀ ոստիկանապետին, որ նրան` Արտակ Ասատրյանին, նշանակի Չարենցավանի ոստիկանապետ:

Հանրությունը ցնցվեց նաեւ  2017թ հունիսի 28-ին «Սասնա Ծռեր»-ի 4 անդամներին դատարանի նկուղում ծեծի ենթարկելու լուրից։ Մեղադրանք առաջադրվեց ոստիկանության ողեկցող գումարտակի հրամանատար Արմեն Ղազարյանին։ Այդ ընթացքում, սակայն, նրա լիազությունները չկասեցվեցին։ Արմեն Ղազարյանը շարունակում էր «Սասնա ծռեր»-ին, այդ թվում նաեւ այլ կալանավորների, տեղափոխել դատարաններ։  4 տարի քննելուց հետո գործի վարույթը կարճվել է։ Որոշումը վիճարկվում է դատարաններում։

Վերջերս պարզվեց, որ ոստիկանների խոշտանգումները ոչ միայն փակ տարածքներում են կատարվում, այլ նաեւ բաց։  Համացանցում նոյեմբերի 12-ին տեսանյութ  տարածվեց, թե ինչպես են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի երկու աշխատակիցները ծեծի ենթարկում տուժող Վրեժ Մկրտումյանին, իսկ բաժնի  պետ Սուրեն Բագրատունյանը քաղաքացու հետ զենքով էր խոսում եւ սպառնում կրակել ոտքերին։ Այս փաստով ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է քրեական գործ, սակայն մեղադրյալ մինչ օրս չկա։  Ի դեպ, այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Արդարադատության նախարարության կողմից իրականացվում են ոստիկանական համակարգի բարեփոխումներ։ Բարեփոխումների շրջանակում նշվում է, որ համակարգում չպետք է լինեն վարկաբեկված ոստիկաններ, ոստիկանների կողմից քաղաքացիների իրավունքները պետք է հարգվեն,  սակայն ինչպես տեսնում ենք, ոչինչ չի փոխվում։

 

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով