Skip to main content

Հյուման Րայթս Ուոչի մամուլի ասուլիսը-Բեռլին 25.06.2015

Իշխանությունները պետք է անհապաղ ամբողջական և անկողմնակալ հետաքննություն սկսեն, պարզելու համար, թե օրինական և համաչա՞փ է եղել արդյոք ուժի կիրառումը, եթե ոչ, պետք է ապահովեն ուժի գերազանցման համար պատասխանատու անձանց հաշվետվողականությունը: Նրանք պետք է հետաքննեն բոլոր հայտարարությունները ծեծի, լրագրողների սարքավորումների ապօրինի ոչնչացման, բողոքի ցույցերը լուսաբանող լրագրողների կամայական ձերբակալությունների վերաբերյալ: Հետաքննությունը պետք է ուսումնասիրի նաև այն հանգամանքները, որոնց պարագայում ջրցան մեքենաներ են օգտագործվել, օրինակ, ի՞նչ նախազգուշացումներ են տրվել ցուցարարներին և ի՞նչ օպերատիվ հրահանգներ են տրվել ջրի շիթերի ուղղության վերաբերյալ:
Եթե անգամ Երևանի ցույցն արտոնված չէր, ոչինչ չի կարող արդարացնել ֆիզիկական հարձակումները առավելապես խաղաղ ցուցարարների և բողոքը լուսաբանող լրագրողների նկատմամբ,-ասել է «Հյուման Րայթս Ուոչ» իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասի ավագ հետազոտող Գեորգի Գոգիան: -Պետք է պատասխանատվության ենթարկել Ոստիկանությանը՝ ցուցարարներին ծեծելու և լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար:
Հունիսի 19-ին ցուցարարները սկսեցին շուրջօրյա բողոքի ակցիաները մայրաքաղաք Երևանում ՝ էլելկտրաէներգիան 3 տարվա ընթացքում արդեն 3-րդ անգամ թանկացնելու ՀԷՑ որոշման դեմ: Հարյուրավոր երիտասարդներ միացան բողոքի ցույցերին, որոնք տեղի էին ունենում Ազատության Հրապարակում և կազմակերպված էին անկուսակցական, ոչ քաղաքական «Ոչ թալանին»  խմբի կողմից:
Հունիսի 22-ին, ԶԼՄ-ները ներկայացնում են,-հարյուրավոր ցուցարարներ երթով շարժվեցին դեպի նախագահական նստավայր: Երբ ոստիկանությունը փակեց նրանց ճանապարհը, նրանք նստեցին Մարշալ Բաղրամյան պողոտայում, Երևանի գլխավոր փոփոցներից մեկում: Հունիսի 23-ի վաղ առավոտյան իշխանությունները զգուշացրել են ցուցարարներին, որ հավաքը արտոնված չի և պահանջել են ազատել փողոցը: Ոստիկանությունը զգուշացրել է, որ եթե ցուցարարները չհամագործակցեն, ոստիկանությունը կօգտագործի «հատուկ միջոցներ» նրանց ցրել համար: Շատ չանցած ոստիկանությունը բռնի ուժով ցրել է ամբոխը:
Ականատեսներից մեկը Հյուման Րայթս Ուոչին հեռախոսով պատմել է, որ այն բանից հետո, երբ ոստիկանությունն առնվազն երկու նախազգուշացում է արել ցրելու վերաբերյալ, շատ ցուցարարներ տեղում են մնացել։ Գրեթե անմիջապես ոստիկանությունը բարձր ճնշմամբ ջրցան մեքենաներն ուղղել է ցուցարարների դեմ։ Ականատեսը ջրի հարված է ստացել դեմքին, ինչի պատճառով նրա տեսողությունը ժամանակավորապես վատացել է, և ցուցարարները նրան հիվանդանոց են տեղափոխել:
Ոստիկանության պաշտոնյաները հայտնել են լրատվամիջոցներին, որ առնվազն 25 մարդ, այդ թվում, 11 ոստիկաններ, վիրավորվել են: Մի քանի ցուցարարներ բժշկական օգնություն են ստացել հիվանդանոցներում:
«Ազատություն» ռադիոկայանի տեսանյութում երևում է, թե ինչպես է ոստիկանությունը ջրցան մեքենաներ կիրառում մարդկանց դեմ, ովքեր դիմադրում են ցրելու կոչերին՝ նստելով գետնին, մինչ որոշ մարդիկ հեռանում են ցույցից: Տեսանյութում երևում է, թե ինչպես են համազգեստով ոստիկաններն ու քաղաքացիական հագուստով տղամարդիկ հարձակվում ցուցարարների վրա և, նրանց քաշելով, տանում, ինչպես նաև ոստիկանների մի մասը հետապնդում է փախչող ցուցարարներին:
Մեկ այլ տեսանյութում երևում է, թե ինչպես են քաղաքացիական հագուստով և «ոստիկանություն» տառերով թևկապով տղամարդիկ ծեծում մի երիտասարդի, ով հստակ չէ՝ արդյոք մասնակցում էր ցույցին, թե ոչ:
Համաձայն ԶԼՄ-ների հաղորդագրությունների՝ ոստիկանությունը հարձակվել և ձերբակալել է բազմաթիվ լրագրողների և որոշ դեպքերում կոտրել և առգրավել է տեսախցիկները և ջնջել նրանց լուսանկարները և տեսանյութերը:
ԳԱԼԱ անկախ հեռուստաընկերության լրագրող Փայլակ Ֆարհադյանը Հյուման Րայթս Ուոչին պատմել է, որ համազգեստավոր և քաղաքացիական հագուստով ոստիկանները հարվածել են իրեն, վիրավորվել կողոսկրը, թեև նա կրում էր մամուլի կրծքանշան և ուներ խոսափող, որոնք տեսանելի էին: Ոստիկանությունը նրան մոտ 40 րոպե պահել է ոստիկանական բաժանմունքում:
«1in.am» հեռուստաընկերության օպերատորը Հյուման Րայթս Ուոչին պատմել է, որ քաղաքացիական հագուստով ոստիկանները կոտրել են իր տեսախցիկը և հարվածել իր գլխին, քանի որ նա նկարահանում էր ոստիկանության գործողությունները:
Ոստիկանությունը բերման է ենթարկել ավելի քան 200 ցուցարարների, օրվա մեծ մասը պահելով նրանց խմբակային խուլիգանություն կատարելու և գույքային վնաս պատճառելու կասկածանքով: Որոշ ակտիվիստներ պնդում են, որ բերման ենթարկվածների թիվը ավելի մեծ է եղել, սակայն Հյուման Րայթս Ուոչը չի կարող ստուգել այդ տեղեկատվությունը:
Հյուման Րայթս Ուոչը ստացել է մի շարք զեկույցներ ոստիկանության կողմից ցուցարարների մոտ փաստաբանի մուտքը արգելելու վերաբերյալ: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանն ասել է, Շենգավիթի ոստիկանության բաժանմունք աշխատակիցները արգելել են նրան մուտք գործել իր պաշտպանյալի մոտ ավելի քան մեկ ժամ, որի ընթացքում նրանք հարցաքննել են իր պաշտպանյալին: Ոստիկանությունը շարունակել է հարցաքննությունը Ռևազյանի ներկայությամբ, բայց հետո բռնի ուժով հրել են Ռևազյանին բաժանմունքից  դուրս և ապա իրականացրել ալկոհոլի և թմրանյութերի փորձքննություն իր պաշտպանյալի հետ: Մեկ այլ իրավաբան Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայից ունեցել է նմանատիպ խնդիրներ ոստիկանական նույն բաժանմունքում, սպասելով երկու ժամ իր պաշտպանյալին տեսնելու համար:
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը Հյուման Րայթս Ուոչին տեղեկացրել է, որ հունիսի 23-ի երեկոյան բոլոր նրանք, ովքեր բերման էին ենթարկվել, արդեն ազատ են արձակվել առանց մեղադրանքի, սակայն ոստիկանությունը նրանց ասել է, որ վերջիններս կարող են հետագայում հարցքննվել որպես վկաներ կամ կասկածյալներ հետաքննության ընթացքում:
Հայաստանը միացել է մարդու իրավունքների վերաբերյալ մի շարք միջազգային պայմանագրերի, այդ թվում՝ նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, որը պարտավորեցնում է իշխանություններին հարգել հավաքի ազատության իրավունքը և ձեռնպահ մնալ բոլոր հանգամանքներում ցուցարարների նկատմամբ կոպիտ վերաբերմունքից: Մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ չնայած կառավարությունները կարող են պահանջել, որ ցույցերը նախապես ստանան թույլտվություն, հավաքների ազատության իրավունքը պահանջում է, որ իշխանությունները հանդուրժողականություն ցուցաբերեն խաղաղ հավաքների նկատմամբ, անգամ եթե դրանք արտոնված չեն։
 Իշխանությունները նաև պարտավորություն ունեն արագ, ամբողջական և արդյունավետ հետաքննություններ իրականացնել ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ և աշխատանքներ տանեն խախտումների վերացման ուղղությամբ:
Ըստ ԶԼՄ-ների հաղորդումների՝ հունիսի 23-ի երեկոյան մի քանի հազար մարդ է հավաքվել ցույցը ցրելու վայրում՝ ոստիկանության կիրառած ուժի դեմ բողոքելու համար: Նոր ցույցին մասնակցել են նախորդ օրերին ցույցերի մասնակիցները, ինչպես նաև նրանց ծնողներից և աջակիցներից շատերը: Խաղաղ ցույցերը շարունակվել են հունիսի 24-ին:
«Վերսկսված ցույցերով՝ Հայաստանի իշխանությունները հնարավորություն ունեն խաղաղ հավաքների նկատմամբ իրենց հարգանքը ցույց տալ և խուսափել ցուցարարների դեմ բռնությունը կրկնելուց»,- ասել է Գոգիան: «Իշխանությունները պետք է բարձր մակարդակով հստակ ցույց տան, որ ոստիկանության ագրեսիվ և անօրինական գործողությունները ոչ մի կերպ չեն հանդուրժվի»,-հավելել է նա։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով