Մամուլի ասուլիս երկու աղմկահարույց սպանության գործերով՝ Կ.Կունգորցեվ եվ Հ.Աղամալյան
Կից ծանոթացեք գործերի հակիրճ նկարագրությանը.
ԿԱՐԵՆ ԿՈՒՆԳՈՐՑԵՎ
2013թ. հոկտեմբերի 12-ում Վանաձորում տեղի է ունեցել վիճաբանություն Երևանից Վանաձոր մրցումների մեկնած տղաների և տեղի թիմի տղաների միջև, որի արդյունքում սպանվել է 15-ամյա Դավիթ Հովակիմյանը: Դեպքի օրը աշխատանքի վայրից ձեռբակալվել է Կարեն Կունգորցևը, ով, ինչպես ֆիքսել են դեպքի վայրի 4 տեսախցիկներից 2-ը, այդ պահին քայլելիս է եղել այն հատվածով, որտեղ տեղի է ունեցել դեպքը: Հանրությանն է ներկայացվել 4 տեսախցիկներից միայն 2-ի ձայնագրությունը, այն էլ մոնտաժված հատվածներով: Ոստիկանությունում Կունգորցևին 3 օր շարունակ ծեծի են ենթարկել` պահանջելով ինքնախոստովանական ցուցմունք գրել, ինչը վերջինս մինչ օրս չի արել: Չնայած սրան, հեռուսատատեսությամբ և լրատվամիջոցներով, խախտելով անմեղության կանխավարկածը, ասվեց, որ “մարդասպանը” հայտնաբերվել է և խոստովանել է, որ հենց ինքն է սպանել: Վանաձորում լուրեր են շրջանառվում, որ 15-ամյա տղային սպանել է ԱԱԾ աշխատակից Արտակի որդին: Շուրջ 10 ամիս Կունգորցևին անհիմն կալանքի տակ պահելուց հետո, այժմ դիտավորյալ սպանության հոդվածը փոխարինվել է սպանության փորձ կատարելու հոդվածով: Սույն թվականի օգոստոսի 26-ին գործով ձերբակալվել է «Վանաձոր» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ՝ Վլադիմիր Ղուկասյանը, ում մեղադրանք է առաջադրվել մասնագիտական պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և դրանք ոչ պատշաճ կատարելու հետևանքով անզգուշությամբ բուժվող հիվանդի մահն առաջացնելու համար:
ՀԱՅԿ ԱՂԱՄԱԼԱՆ
Հայկ Աղամալյանը Երևան քաղաքի քննչական վարչությունում քննված և ներկայումս Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ 13141613 քրեական գործով մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով` 2013թ ապրիլի 9-ին(նախագահի երդմնակալության օրը)` ժամը 15:15-ի սահմաններում Երևան քաղաքի Տերյան փողոցի 72-րդ շենքի հարևանությամբ մի խումբ անձանց հետ, դանակի գործադրմամբ բռնություն գործադրելով խուլիգանություն կատարելու և այդ ընթացքում նույն դանակով Տիգրան Հայրապետյանի կրծքավանդակի աջ շրջանին հարվածելու և նրան դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու համար:
Տիգրան Հայրապետյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի թե’ նախաքննության, թե դատաքննության ընթացքում քրեական վարույթն իրականացնող մարմինները, խախտելով քրեական դատավարության մի շարք սկզբունքներ, մասնավորապես` ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 17-րդ և 25-րդ հոդվածներով ամրագրված օրինականության, գործի արդարացի քննության և ապացույցների ազատ գնահատման սկզբունքները` չեն կատարել և չեն կատարում գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները:
Մեղադրանքի հիմքում ընկած է Հայկ Աղամալյանի ինքնախոստովանական ցուցմունքը, որն ի դեպ կորզվել է ծեծի և սպառնալիքների արդյունքում և ևս 2 վկաների ցուցմունքներ, մինչդեռ դեպքի մասնակից են եղել մոտ 40-50 անձ: Նույն օրը երեկոյան հեռուստատեսությամբ «Հերթապահ մաս» հաղորդման շրջանակներում, խախտելով անմեղության կանխավարկածը, ասվում է, թե հայտնաբերվել է սպանությունը կատարած անձը, որն ինքնախոստովանական ցուցմունք է տվել, մինչդեռ նույնիսկ ինքնախոստովանական ցուցմունքը Հայկ Աղամալյանը տվել է հաղորդումից ժամեր անց:
Տիգրան Հայրապետյանի դիակի դատաբժկական փորձաքննության եզրակացության և նրա հագուստների նկարագրության արձանագրության հետ ծանոթանալուց հետո Հայկ Աղամալյանը հայտնում է, որ այն անձը, որին ինքը դանակով հարվածել է, Տիգրան Հայրապետյանը չի եղել:
Թողնել մեկնաբանություն