«Չեմ վճարելու, չեմ հաշվառվելու». Փաստաբանները նոր պետական տուրքի դեմ ակցիա են սկսել

Երեկվանից արդեն մի քանի փաստաբաններ Facebook սոցիալական ցանցի իրենց էջերում արդեն տեղադրել են հետևյալ հայտարարությունը.
«Հարգելով փաստաբանի մասնագիտական արժանապատվությունը` ոչ եմ ասում պետական մարմնի կողմից փաստաբանների հաշվառման գրանցամատյան ներդնելու և տարեկան 60.000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ պետական տուրք վճարելու պարտականություն նախատեսող` ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերին:
Հայտարարում եմ, որ չեմ հաշվառվելու պետական մարմնի կողմից վարվող գրանցամատյանում և չեմ վճարելու պետական տուրք: Պահանջում եմ ՀՀ փաստաբանների պալատից պետական գրանցամատյանում փաստաբանների հաշվառման հետ կապված որևէ գործողություն չիրականացնել», – սա է հայտարարության տեքստը, որը ստորագրում և հրապարակում են փաստաբանները:
Հիշեցնենք, որ օրենքում փոփոխություն կատարել առաջարկում է ՀՀ կառավարությունը:
Ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում երեք փաստաբաններ խոսել էին նոր տուրքի անընդունելի լինելու մասին, իսկ Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ Գայանե Խաչատրյանը նախաձեռնությունը «պետական ռեկետ էր» անվանել:
Տեղեկատվությունը՝ Epress.am-ի:
Թողնել մեկնաբանություն