ՊՊԾ գնդի կալանավորված ապստամբը տեղյակ չի իր կալանքի հիմքերի, իրեն առաջադրված մեղադրանքի և կալանավորման որոշման մասին. փաստաբան (տեսանյութ)
Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան Արայիկ Պապիկյանը, ով իրականացնում է հուլիսի 26-ին ՊՊԾ գնդում հրազենային վիրավորում ստացած ապստամբ խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի պաշտպանությունը, մեզ հետ զրույցում որոշ մանրամասներ հայտնեց իր պաշտպանյալի վիճակի ու տեղի ունեցածի մասին:
Նա տեղեկացրեց, որ Աշոտ Պետրոսյանը ներկայումս գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, նրա առողջական վիճակը բավարար է:
Արայիկ Պապիկյանը հատուկ ցանկանում էընդգծել այն հանգամանքը, որ պաշտոնական հաղորդագրությունները, որոնք տարածվել են իր պաշտպանյալի վերաբերյալ՝ մեքենայի հետ կապված դեպքը, երբ նրանք մոտենում են և շրջադարձ կատարելու փորձ են կատարում, ինչպես նաև խոսակցությունների այն կտրտված հատվածները, որոնք ցուցադրեցին, և դրա վերաբերյալ պաշտոնական մեկնաբանությունները չեն համապատասխանում իրականությանը:
«Այսինքն՝ կա ակնհայտ ենթատեքստ, որով խախտվել է ոչ միայն անմեղության կանխավարկածը, այլ ի սկզբանե հենց այս պահից, նպատակը պարզ է, որ քննությունը բոլորովին այլ ուղղությամբ տարվի»,- ասաց Արայիկ Պապիկյանը:
Խոսելով ոստիկանական մեքենայի հետ կապված միջադեպի մասին՝ Արայիկ Պապիկյանն ասաց, որ ընդամենը կարող է ասել, որ նրանց գործողությունները ընդհանրապես ուղղված չեն եղել որևէ անձի, այդ թվում նաև ոստիկանների դեմ:
Հիշեցնենք, որ երեկ միջադեպի վերաբերյալ Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես ասված է, որ Ժամը 01.00-ի սահմաններում գնդի տարածքից դուրս է եկել ոստիկանության «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան ու շարժվել ոստիկանության Էրեբունու բաժնի ուղղությամբ՝ դեպի արգելապատնեշում կանգնած ոստիկանական շղթան։
Այնուհետև փաստաբանը նշեց, որ Աշոտ Պետրոսյանը փաստացի զրկված է եղել պաշտպանվելու իրավունքից ու թեև ֆորմալ առումով իրեն տրամադրել են հանրային պաշտպան, բայց մինչ այս պահը Աշոտը տեղյակ չի իր կալանքի հիմքերի, իրեն առաջադրված մեղադրանքի և կալանավորման որոշման մասին:
Մանրամասները՝ տեսանյութում
Թողնել մեկնաբանություն