Skip to main content

Սեդրակյանը չի պատվիրել վախեցնել Հայրիկյանին և Միքայել Մինասյանին, պնդում է ամբաստանյալը

«Եվ ես, և Սամվելը սուտ ցուցմունք ենք տվել, թե Սեդրակյանն է պատվիրել», -հավելել է Պողոսյանը:

Ըստ նրա՝ ստելու պատճառն այն է, որ իրենք հույս ունեին, թե Սեդրակյանը կարող է օգնել իրենց, սակայն չէին մտածում, որ ներքաշում են մարդուն քրեական գործի մեջ:
Դատարանում հիշատակվել է նաև այն, որ նախաքննական ցուցումնքում ամբաստանյալներն ասել էին, թե Սեդրակյանը նախ պատվիրել էր վախացնել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին, ապա Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին: Նախաքննության ընթացքում Խաչատուր Պողոսյանն ասել էր, թե Սեդրակյանը սկզբում պատվիրել է «բենզինով շիշ շպրտել Միշիկի մեքենայի վրա», բայց այն ժամանակ,երբ մեքենայում մարդ չլինի: Հետագայում, սակայն, Սեդրակյանը հայտարարել է, որ պետք է վախեցնեն Հայրիկյանին:
Նախաքննական ցուցումնքի այս հատվածը Պողոսյանը ևս հերքել է:
Նրա խոսքով՝ իրենց ստելու փաստը կհաստատի նաև Սամվել Հարությունյանն իր ցուցմունքում, որն ամբաստանյալը կտա հաջորդ դատական նիստի ժամանակ:
Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանի վրա կրակել էին հունվարի 31-ին: Մարտին նա բուժման է մեկնել Հոլանդիա, իսկ ապրիլին վիրահատվել է Բելգիայում:
Հանցափորձ կատարելու մեղադրանքով ձերբակալվել են Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը, ովքեր, ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության, ինքնախոստովանական ցուցմունք են տվել: Համաձայն մեղադրական եզրակացության, Պողոսյանը կրակել է Հայրիկյանի վրա, Հարությունյանը կազմակերպել է մահափորձը, իսկ պատվիրատուն եղել է ՀՀ նախագահի մեկ այլ նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը:
Պողոսյանն ու Հարությունյանը աշխատել են Սեդրակյանի տանը, զբաղվել են բնակարանի նորոգմամբ: Սեդրակյանը մինչև ձերբակալվելն ասել էր, որ նախընտրական շրջանում Պողոսյանին ու Հարությունյանին է պատվիրել իր քարոզչանյութերը բաժանելը:

Տեղեկություն՝ Epress.am-ի:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով