Քննիչը չի հիշում ինչու է իրեղեն ապացույց ճանաչել գործի հետ կապ չունեցող կտրոնը
06.03.2014 թ. տեղի ունեցած դատական նիստին, որպես վկա դատարան էր հրավիրվել ու հարցաքննվել դատապարտյալ` Արմեն Հայրապետյանը, ով հայտնել էր, որ նախաքննության ընթացքում իրեն ոստիկանությունում ծեծել են, ու ստիպել ցուցմունքում գրել, թէ Անդրանիկն էլ է իր հետ եղել սպանության ժամանակ: Դատախազի միջնորդությամբ 03.04.2014 դատական նիստին որպես վկա հարցաքննվել է գործով քննիչ Սիմոն Հարությունյանը, ով այժմ տեղափոխվել է ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչություն: Թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով որպես վկա չի կարող կանչվել քննիչը, ով իրականացրել է իր դատավարական լիազորությունները սույն գործի հետ կապված, սակայն դատապարտյալի վկայությունից հետո և գործով թույլ տրված սխալները պարզելու համար վերջինս ներկայացել էր դատարան և պատասխանել կողմերի հարցերին:
Ինչպես հայտնում է Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Զարուհի Հովհաննիսյանը, ամբաստանյալ Գասպարյանի փաստաբանը դեռևս նախորդ նիստերի ընթացքում էր նշել, որ քննիչը քրեական գործը քննելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի բազմաթիվ խախտումներ: Այդ հանգամանքները պարզելու նպատակով մի շարք հարցեր են ուղղվել քննիչին, որը թեև ոչ մի հարցի հստակ և հիմնավոր պատասխան չի տվել: Մասնավորապես` փաստաբանի հարցին, թե ինչու՞ է նա ասել Հայրապետյանի հարազատներին, թե Հայրապետյանին ՁՊՎ են տարել 2008թ. փետրվարի 6-ին, սակայն փաստաթղթերում նշված է` փետրվարի 7, քննիչը պատասխանել է, թե դա տեխնիկական վրիպակ է: Հարցին, թե ինչպե՞ս կբացատրի այն հանգամանքը, որ իրեղեն ապացույց ճանաչված այն հյուրանոցի կտրոնը, որտեղ եղել են մեղադրյալները հանցագործությունից առաջ, 2007թ.-ի է, սակայն դեպքը տեղի է ունեցել 2008թ.-ին, քննիչը պատասխանել է, թե չի հիշում:
Դատախազի հարցին, թե իսկապե՞ս ոստիկանությունում Հայրապետյանին բռնության են ենթարկել, քննիչը պատասխանել է, որ դա անհեթեթություն է, քանի որ Հայրապետյանը ինքնակամ է եկել ոստիկանություն: Հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ ոստիկանությունում Հայրապետյանին ստիպել են, որպեսզի հրաժարվի պաշտպանից, քննիչը պատասխանել է, որ նրան ոչ ոք չի ստիպել, նա ինքնակամ է հրաժարվել փաստաբանից:
Վկայի հարցաքննությունից հետո դատական նիստը հետաձգվեց, այն կկայանա ապրիլի 8-ին, ժամը 15:00-ին:
Թողնել մեկնաբանություն