Skip to main content

«Ա՜յ քեզ բան»․ ՓՊ խորհրդի անդամը՝ Արայիկ Պապիկյանի հայտարարությանն ի պատասխան

Փաստաբանների պալատի խորհրդում քննվում էր դեռեւս տարվա սկզբին՝ հունվարի 9-ին,   «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստի ժամանակ փաստաբանների կողմից դահլիճը լքելու կարգապահական գործը։

Հունվարի 9-ի դատական նիստի ժամանակ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի վարաքագիծը գնահատելու եւ դատական սանկցիա կայացնելու համար դատավոր Արթուր Օհանյանը հեռացել էր խորհրդակցական սենյակ։ Խորհրդակացական սենյակից վերադառնալուց հետո պարզվել էր, որ փաստաբաններ Արայիկ Պապիկյանը, Մուշեղ Շուշանյանը, Դավիթ Գյուրջյանը, Հարություն Բաղդասարյանը եւ Հայարփի Սարգսյանը նիստերի դահլիճում չեն։ Նրանք միասնական դիմում են ուղարկել դատարան, որում մասնավորապես նշված էր, որ նրանց պաշտպանյալները լքել են նիստերի դահլիճը եւ իրենց բացակայությամբ հրաժարվում են փաստաբանական ծառայություններից՝ ուստի չեն կարող եւ իրավասու չեն մասնակցել նիստին։

Կարգապահական վարույթի նիստի ժամանակ Արայիկ Պապիկյանը միջնորդեց թույլատրել տեսանկարահանում անցկացնելը։ Նիստը նախագահող Սեդրակ Ասատրյանը հիշեցրեց՝ տեսանկարահանումը թույլատրվում է միայն կողմերի համաձայնությամբ։

«Ո՞վ է դիմողը»,- հարց բարձրացրեց Արայիկ Պապիկյանը, որին ի պատասխան Սեդրակ Ասատրյանը պարզաբանեց․ «Դատավորը։ Ուզում եք ասել՝ հիմա չի աշխատո՞ւմ»։

Պատասխանողը հիշեցնում է՝ սուբյեկտը դատավորն է։

Հիշեցնենք, որ մարտի 14-ին դատավոր Արթուր Օհանյանի լիազորությունները դադարեցվել են։

«Ո՞ւմ եք ուղարկել ծանուցումը։ Դատարա՞ն։ Բայց չէ՞ որ դատավորն է դիմողը, դատարանը չէ»,- հարց բարձրացրեց Արայիկ Պապիկյանը։

   Այնուամենայնիվ, խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ ՓՊ խորհուրդը որոշեց արգելել տեսանկարահանումը։ Նիստը նախագահողը տեղեկացրեց՝ Փաստաբանների պալատի նախագահը որոշել է այս գործով դիմող ճանաչել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանին (դատավոր Ա․ Օհանյան), քանի որ հունվարի 1-ից գործում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը։

Արայիկ Պապիկյանը խնդրեց ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ դիմող ներկայացվել է դատավոր Արթուր Օհանյանը։

«Դատավոր Օհանյանը շեշտվում է ոչ թե նրա համար, որ իրենք պետք է դիմեին։ Ախր տարրական հարց ենք մենք քննարկում»,- ասաց նիստը նախագահող Սեդրակ Ասատրյանը։

Իսկ Արայիկ Պապիկյանը հակադարձեց․ «Եթե ձեզ թվում է՝ տարրական հարցերին չեմ տիրապետում, դուք սխալվում եք։ Ինձ մի վիրավորեք»։ Այնուհետեւ նա հայտարարեց, որ չի մասնակցելու նիստին։ «Մի մասնակցեք, ա՜յ քեզ բան, ձեր իրավունքն է»,- ասաց Սեդրակ Ասատրյանը։

     Փաստաբան Արայիկ Պապիկյանը խնդրեց պարզաբանում, թե ի՞նչ է նշանակում «ա՜յ քեզ բան»-ը։ «Այ քեզ բան, նշանակում է այ քեզ բան»,- պատասխանեց Սեդրակ Ասատրյանը։

   Դրանից հետո Արայիկ Պապիկյանը լքեց նիստերի դահլիճը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով