Skip to main content

ԱՄՆ դեսպանին խնդրում են վիզա չտրամադրել հայաստանցի դատավորներին

ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆրենին ուղղված նամակում «Հելսիսնկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը իր խնդրանքը պատճառաբանում է դատավորներ Կարինե Ղազարյանի, Գրիշա Մելիք-Սարգսյանի և Հենրիկ Տեր-Ադամյանի կողմից թույլ տրված չարաշահումներով և անօրինականություններով: Հիշեցնենք, որ մի շարք դատավորներին մուտքի արտոնագիր չտալու խնդրանքով Հելսինկյան ասոցիացիան ԱՄՆ դեսպանությանը դիմել էր նաև անցյալ տարվա մարտին:
Հերթական նամակում իրավապաշտպանները նշում են, որ Վերաքննիչ դատարանի նշված 3 դատավորները 3 սպանության գործեր են կոծկել, դրանցով կատարել կեղծ, հանցավոր նախաքննություն: Մասնավորապես, դա վերաբերում է Արտակ Նազարյանի, Թորգոմ Սարուխանյանի և Ալբերտ Ադիբեկյանի գործերին:
Հելսինկյան ասոցիացիան նշում է, որ առաջին երկու գործերը ՀՀ ՊՆ Քննչական ծառայության աշխատակիցներն ապօրինաբար որակել են որպես ինքնասպանություն` չնայած փաստերն ապացուցում են, որ կատարվածը դիտավորյալ սպանություն է:
ԱՄՆ դեսպանին ուղղված նամակում իրավապաշտպան կազմակերպությունը նշում է նաև այն հիմնական հանցագործությունները, որոնք ընդհանուր են բոլոր երեք գործերի համար, մասնավորապես, ՌՈ բաժին բերված զինվորներին ծեծել են, խոշտանգել, նվաստացրել, ստիպել են տալ իրականությանը չհամապատասխանող, կեղծ ցուցմունքներ իրենց անմեղ ծառայակիցների դեմ, բոլոր երեք գործերով ոչնչացվել են դեպքի վայրերը, անհայտացել կամ փոխվել են իրեղեն ապացույցները, երեք դեպքում էլ զենքերի վրայից ոչնչացվել են մատնահետքերը, կազմվել են կեղծ արձանագրություններ, վկաներից խաբեությամբ կորզվել են կեղծ ցուցմունքներ և այլն:
Իրավապաշտպանները նշում են, որ բոլոր գործերով դատավորները աչք են փակել աղաղակող անօրինականությունների վրա, որոնք պարզորոշ նկատելի էին քրեական գործի նյութերից:
«Առաջին և երկրորդ գործերով դատավորները մերժել են մի քանի տասնյակ կարևորագույն միջնորդություններ նոր վկաներ հրավիրելու, նոր փորձաքննություններ կատարելու, նոր ապացույցներ ձեռք բերելու վերաբերյալ: Երրորդ գործով կայացվել է գործով ձեռք բերված փաստերին կտրուկ հակասող դատավճիռ: Բոլոր երեք գործերը վարույթ ընդունելիս՝ եռյակը կայացրեց միևնույն որոշումը` «գործը քննել վճռաբեկության կարգով», ինչը նշանակում էր, որ դատարանը չպետք է հրավիրեր ու լսեր նոր վկաների, չպետք է կատարեր ապացույցների հետազոտում, չպետք է նշանակեր նոր փորձաքննություններ: Չնայած այս գործերով կողմերի բողոքներին ու հիմնավորումներին` եռյակը չփոխեց իր վերը նշված երեք որոշումները և կարճ ժամկետում կոծկեց գործերը:
Ավելացնենք, որ նշված 3 գործերով անօրինականություններ են կատարել նաև առաջին ատյանի դատարանները.
1. Արտակ Նազարյանի գործով` Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Մարդանյան
2. Թորգոմ Սարուխանյանի գործով` Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Համլետ Դավթյան: Ընդ որում` դատաքննությունն ապօրինաբար անց է կացվել այլ պետության` ԼՂՀ մայրաքաղաքում` Ստեփանակերտում
3. Ալբերտ Ադիբեկյանի գործով` Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյան
Կարծում ենք, որ Ձեզ պետք է հետաքրքրեն վերը նշված փաստերը և նաև այն փաստը, որ ներկայումս սույն 6 դատավորների ապօրինի գործողությունների արդյունքում թվով 9 անմեղ երիտասարդներ ենթարկվել են տարբեր տարիների ազատազրկման:
Անհրաժեշտության դեպքում կարող ենք Ձեզ տրամադրել նշված գործերից յուրաքանչյուրով մանրամասն տեղեկագրեր: Միաժամանակ առաջարկում ենք, որպես նախազգուշական սանկցիա, դիմելու դեպքում, սույն դատավորներին չտրամադրել ԱՄՆ մուտքի արտոնագրեր», – ասված է Հելսինկյան ասոցիացիայի նամակում:

 

Տեղեկատվոււթյունը՝ Epress.am-ի

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով