Skip to main content

Արայիկ Պապիկյանի պաշտպանյալի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է

   Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանն այսօր կարճել է պաշտպան Արայիկ Պապիկյանի պաշտպանյալ Արայիկ Մուրադյանի նկատմամբ հարուցված քրեական գործը։

   Արայիկ Մուրադյանը մեղադրվում էր սպանության փորձ կատարելու մեջ։

«Պաշտպանյալս, համաձայն գործի նյութերի, 4 անգամ   մարմնական վնասվածք էր հասցրել տուժողին, բայց թափանցող կամ ծանր վնասվածքներ չկային։ Ե՛ւ նախաքննության, ե՛ւ դատաքննության ընթացքում մենք պնդում էինք, որ սպանության փորձ չի եղել, պաշտպանյալս ուղղակի ցանկացել է, իր բառերով ասեմ, վախեցնել կամ կարգի հրավիրել։ Ցավոք սրտի,   այդ ընթացքում նաեւ մարմնական վնասվածք է հասցրել»,- ասում է Արայիկ Պապիկյանը։

Թե նախաքննության, եւ թե դատաքննության ընթացքում պաշտպանական կողմը պահանջել էր արարքը վերաորակել՝ Քրեական օրենսգրքի 112՝ (Ծանր մարմնական վնասվածք պատճառելը) կամ 113 հոդվածներով՝ թեթեւ մարմնական վնասվածք պատճառելը։

       Փոխարենը մեղադրանքի կողմը պնդել էր մեղադրանքը եւ միջնորդել՝ կիրառելով Քրեական օրենսգրքի 64 հոդվածը՝ այն է՝ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը՝ Արայիկ Մուրադյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման։

   Այս գործով տուժողը պնդել էր, որ որեւէ բողոք չունի։

Դատավոր Լուսինե Աբգարյանը Արայիկ Մուրադյանի արարքը վերաորակել է ՔՕ 113 հոդվածով եւ, տուժողի բողոքի բացակայության հիմքով, քրեական հետապնդումը կարճել։

Շուրջ 1 տարի է Արայիկ Մուրադյանը գտնվում էր կալանքի տակ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով