«Արա, բան ունե՞ս ասելու». դատախազը՝ Ներսես Պողոսյանին
Այսօր Ժիրյար Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդեց, որպեսզի իր պաշտպանյալի նկատմամբ կիրառվի խափանման այլընտրանքային միջոց:
«Նախաքննության ընթացքում Ներսես Պողոսյանը որևէ խնդիր չի առաջացրել, որևէ անօրինական ազդեցություն չի գործադրել ոչ մեկի վրա: Նրա խնամքին են երեք փոքրահասակ երեխա, կինը, վատառողջ մայրը, որը վերջերս ավտովթարի ենթարկվելու հետևանքով ներկայումս բուժումներ է ստանում, անձը հայտնի է, ունի մշտական բնակության վայր: Այս ամենը հավստիք են, որ կալանքի մեջ չգտնվելու պայմաններում Ներսես Պողոսյանը կդրսևորի պատշաճ վարքագիծ: Ներսես Պողոսյանի պատշաճ վարքագիծը անձնական երաշխավորությամբ երաշխավորել են ՀՀ ԱԺ ութ պատգամավորներ»,- ասաց Արայիկ Պապիկյանը:
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտնելով իր կարծիքը միջնորդության վերաբերյալ՝ ասաց, որ առարկում է՝ միջնորդությունը համարելով անհիմն: Մեղադրողի խոսքերով՝ գործի քննության ընթացքում առկա են եղել և պահպանվել են ամբաստանյալի կողմից գործի քննությունից թաքնվելու հիմքեր, նաև գործի քննությանը խոչընդոտելու վերաբերյալ:
Դատավորը խորհրդակցական սենյակում միջնորդությունը քննելուց հետո դահլիճ վերադարձավ և մերժեց այն:
Դրանից հետո Ներսես Պողոսյանն ասաց, որ ցանկանում է հայտարարություն անել:
«Նախ սկսեմ նրանից, որ էդ դատախազն ասեց կփախնի բան. Եթե իրանք կարան իրանց մամային պառկած թողնեն, երեք երեխեքին թողնեն փախնեն, իմ շրջապատում նման մարդիկ չկան, ընկերներսի մեջ՝ նույնպես: Երկրորդ՝ էսքան մեղադրյալներցի որևիցե մեկը թող կանգնի ասի, որ իրանց նկատմամբ բռնվելուց մինչև հիմա մեկի հանդեպ ինչ-որ ճնշում եղել ա՞, որ տենց բաներ ասեց՝ առանց հիմնավորելու: Որ ասում ա հարգել չհարգելը, դա հաստատ կանգնել չկանգնելով չի որոշվում, եթե ձեր նկատմաբ, անձի նկատմամբ ոչ մի բան չունեմ, ուղղակի Հայաստանում, որ դատարան չկա, դա փաստ ա: Ու այդ ամենից ելնելով՝ հայտարարում են անժամկետ հացադուլ: Էս անգամ հաստատ, գլխավոր դատախազին կփոխանցես, որ կուտը չեմ ուտի, պարոն Պետրոսյան»,- ասաց Ներսես Պողոսյանը:
Այնուհետև, երբ դատավորը տեղեկացնում էր վկաների ծանուցման մասին՝ մեղադրող Պետրոսյանը դիմելով Ներսես Պողոսյանին՝ ասաց.
«Արա, բան ունե՞ս ասելու… »: Դրան հետևեց աղմուկ դատական նիստերի դահլիճում: Դատախազի վարքագծի վերաբերյալ դատավորը կիրառեց դատական սանկցիա՝ նախազգուշացում, որից հետո դատական նիստը հետաձգվեց:
Թողնել մեկնաբանություն