Արբակ Բաբասյանի գործով վկան պարբերաբար հակասում էր ինքն իրեն (տեսանյութ)
Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց քաղաքացի Արբակ Բաբասյանի գործով դատական նիստը: Այսօրվա նիստի ժամանակ հարցաքննվեց գործով անցնող վկա Վլադիմիր Կոդաբաշյանը, որի ներկայությունն ապահովելու համար նախորդ դատական նիստին դատավորը որոշում կայացրեց նրան բերման ենթարկել:Իդեպ, վկան չցանկացավ, որ դատարանի դահլիճում իրեն տեսանկարահանեն:
Նշենք, որ վկան իր ցուցմունքի մեջ սկզբում ասաց, որ տեսել է, թե ինչպես է Արբակ Բաբասյանը մի քանի անգամ հարվածում գործով տուժող Լևոն Գրիգորյանին, հետո ասաց, որ հնարավոր է մի երկու հարված հասցրած լինի Գրիգորյանին: Այնուհետև նա նշեց, որ տեսել է, թե ինչպես է Արբակ Բաբասյանը Գրիգորյանի՝ գետնին ընկած ժամանակ, նրա գրպանից ինչ-որ թուղթ հանել, որը միգուցե ծրար է եղել, այնուհետև նա ասաց, որ միգուցե դա Բաբասյանի գրպանից է ընկել և նա վերցրել է:
Վկայի հարցաքննությունից հետո Արբակ Բաբասյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցումունքները, քանի որ դրանցում առկա են էական հակասություններ:
Հակասությունների մասին հարցին վկան տալիս էր դարձյալ իրար հակասող պատասխաններ, նույնիսկ նշեց, որ հնարավոր է քննիչն իրեն լավ չի հասկացել և իր մտքերը ճիշտ չի արձանագրել:
Հարցաքննությունից հետո դատարանն անցավ ապացույցների հետազոտման փուլին, հրապարակեց գործում առկա փաստաթղթղերը: Դրանից հետո հարցաքննեցին Արբակ Բաբասյանին, ով ասաց, որ ինքը գնացել էր Գրիգորյանից վերցնելու այն գումարը, որը Գրիգորյանը պարտքով վերցրել էր իր հորից և հետ վերադարձնելը ձգձգում էր: Եվ երբ հերթական անգամ գնացել է իր գումարը հետ վերցնելու Լևոն Գրիգորյանը դիտավորյալ սրել է իրավիճակը, հրել է Բաբսյանին, ինչից հետո վերջիսն մեկ անգամ հարվածել է Գրիգորյանին և մեկ անգամ էլ հրել է նրան, հարվածի արդյունքում Գրիգորյանի աչքի հատվածում կապտուկ է առաջացել, իսկ հրելուց հետո Գրիգորյանն ընկել է աթոռների վրա, և անհաջող շարժում է արել ու ընկել գետնին: Իսկ ծրար կամ գումար՝ Գրիգորյանի գրպանից չի հանել:
Նշենք նաև, որ Արբակ Բաբասյանն իր հարցաքննությունից հետո դատարանին ասաց, որ ինքը ցանկանում է դատարանին տրամադրել մի կրիչ, որում առկա է իր հոր և Գրիգորյանի հեռախոսազրույցների ձայնագրությունը, որտեղ հստակ կա խոսակցություն պարտք տված գումարի, իր հարվածի մասին:Նա նշեց, որ հունվարին չի տվել, որ կցվի գործին, քանի որ չի տեսել քննչական մարմնի լրջությունը:
Դրանից հետո,Արայիկ Պապիկյանը մեկ օր ժամանակ խնդրեց դատարանից՝ միջնորդություն պատրաստելու համար, որպեսզի վերոնշյալ կրիչը կցվի գործի նյութերին: Դատավորը հետաձգեց դատական նիստը և այն նշանակեց սեպտեմբերի 2-ին, ժամը 15.00-ին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Թողնել մեկնաբանություն