Արդար դատաքննության իրավունքը՝ որպես մարդու հիմնարար իրավունք
Արդար դատաքննության իրավունքը մարդու հիմնարար իրավունք է: Այդ իրավունքը պետք է ապահովվի պետության կողմից: Միաժամանակ դատարանը պետք է անկախ լինի և զերծ մնա պետության այլ ինստիտուտների միջամտություններից:
Արդար դատաքննության իրավունքը հավասարապես վերաբերում է բոլոր տիպի վարույթներին՝ քրեական, քաղաքացիական և վարչական գործերին։ Յուրաքանչյուր ոք իրավունք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, ողջամիտ ժամկետում քննության իրավունք։ Հարկ է նշել, որ ողջամիտ ժամկետները դատարանի կողմից շատ հաճախ խախտվում են։ Գործեր կան, որ դատարանում քննվում են 6-7 տարի շարունակ։ Գործերի քննության ժամկետները խախտվում են ինչպես դատավարության մասնակիցների չներկայանալու, փորձաքննություն նշանակելու, այնպես էլ դատավորների ծանրաբեռնվածության պատճառով։
Ըստ վիճակագրության՝ 2020 թվականին Հայաստանում 100 հազար բնակչությանը բաժին է ընկել 8 դատավոր, մինչդեռ Եվրոպայի խորհրդի երկրներում այս թիվը կրկնակի է։ 2020 թ-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել շուրջ 37 հազար քաղաքացիական գործ, հաջորդ տարի այս թիվը կրկնապատկվել է։ 2022 թ դեկտեմբերի դրությամբ գործերի թիվն անցնում է 65 հազարը, որը քննել կամ քննում է ընդամենը 35 դատավոր։ Այսինքն՝ մեկ դատավորին միջինը բաժին է ընկել շուրջ երկու հազար քաղաքացիական գործ, և դատավորի ծանրաբեռնվածությունը թույլատրելիից մեծ է երեք անգամ։ Նույն վիճակն է նաև քրեական գործերով։
Դատարանի անկախ և անաչառ լինելու սահմանադրական երաշխիքը բխում է նաև 26.04.2002 թ. ՀՀ կողմից վավերացված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին Եվրոպական համաձայնագրի 6-րդ հոդվածից, ըստ որի յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ, անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։
Դատարանի անկախությունը և անկողմնակալությունն արդար դատաքննության իրավունքի հիմնարար բաղադրիչ են, որը նշանակում է դատարանի անկախություն իշխանություններից և դատարանի պատրաստակամություն վեճը լուծել արդարացի և անաչառ մոտեցմամբ՝ ազատ ցանկացած տեսակի կանխակալ և կողմնակալ վերաբերմունքից: Սա նշանակում է կողմնակալ վերաբերմունքի ցանկացած անգամ չափավոր դրսևորման բացառում։
Հայաստանում գործում է եռաստիճան դատական համակարգ՝ ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններ։ Եռաստիճան դատական համակարգում հաջողության չհասնելուց հետո, մեր քաղաքացիները արդարություն են փնտրում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, թեև այնտեղ որոշում կայացնելը կարող է տևել տարիներ։ Ըստ ՄԻԵԴ-ի Հայաստանի դեմ կայացված վճիռների՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտումները երկրորդ տեղում են, իսկ առաջին տեղում՝ արդար դատաքննության իրավունքի խախտումն է։
Սա նշանակում է՝ Հայաստանում արդար դատաքննությունը պարբերաբար խախտվում է։ Դեռ 2019 թ․ մայիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.
- «Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից:
- Բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ եւ օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարեւոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին:
- Հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար, եւ մենք պետք է մեկ-երկու ամսվա ընթացքում ամփոփենք վերջին յոթ-ութ ամիսներին այս ուղղությամբ մեր կատարած աշխատանքը»։
Ցավով պետք է արձանագրել, որ պետության առաջին դեմքի խոստումներից և որեւէ մեկը չի իրականացել։ Ավելին՝ քաղաքական պատվերներով ակնհայտ անարդար վճիռներ կայացրած դատավոր Մնացական Մարտիրոսյանը ոչ միայն հրաժեշտ չտվեց դատավորի աթոռին՝ ավելի պարգևատրվեց նոր պաշտոնով։ Ներկայումս նա զբաղեցնում է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի պաշտոնը։
Չնայած իրավապաշտպանների ու փաստաբանների քննադատությանը՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց հրամանագիրը, որով 59-ամյա Մարտիրոսյանը համակարգում է 60 դատավորների աշխատանքը։
Նրա վճիռներով բազմաթիվ քաղաքական գործիչներ, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանը, դատապարտվել, այնուհետև արդարացվել են։
Դատավորներին համակարգից հեռացնելու հարցը ևս լուծվում ըստ նպատակահարմարության։ Բարձրագույն դատական խորհուրդն ամիսներ առաջ որոշում կայացրեց դադարեցնել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյան լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով: Կայացման համար հիմք է հանդիսացել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որով արձանագրվել են իրավական որոշակիության, դատական ակտերի վերջնական լինելու սկզբունքների, ինչպես նաև քաղաքացու հիմնարար իրավունքների խախտումներ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Սիոֆրա Օ’Լիրին այս տարվա սկզբին հրապարակել է դատարանի 2022 թվականի գործունեության մասին զեկույց՝ ներկայացնելով Եվրախորհրդի անդամ երկրներին, այդ թվում՝ նաև Հայաստանին վերաբերող նախորդ տարվա վիճակագրությունը։
Ըստ զեկույցի՝ Հայաստանում ամենաշատը ոտնահարվել են անձի ազատության, անվտանգության և անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից պաշտպանվելու իրավունքները։ Նախորդ տարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի դեմ քննած 31 դիմումների վերաբերյալ կայացրել է 21 վճիռ, փոխհատուցումների ընդհանուր գումարային արժեքը զեկույցում նշված չէ։
Սույն հոդվածը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հոդվածում արտահայտված է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության դիրքորոշումը, որի համընկնումն ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:
Թողնել մեկնաբանություն