Արդյո՞ք տարի ու կեսը ողջամիտ ժամկետ է
Այս սահմանադրական դրույթն իր ամրագրումն է ստացել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17 հոդվածով, որի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք»: Մինչդեռ «ողջամիտ ժամկետ» եզրույթի օգտագործումը իրավական ակտերում որոշ դատավորներին առիթ է տալիս անհիմն ձգձգել դատական նիստերը, դատավորի կողմից կարգ ու կանոնը չպահպանելը և դատական նիստերի անհիմն հետաձգումները բնականաբար օրինակ են ծառայում նաև գործով մասնակից փաստաբանների և դատախազների համար, որոնց անհարգելի բացակայությունների պատճառով ևս դատական նիստերը հետաձգվում են: Հելսինկյան ասոցիացիայի դիտորդներ՝ Ա.Վեզիրյանը, Է.Դանիելյանը և ԶՀովհաննիսյանը մի շարք քրեական գործերով արձանագրել են մեկ տարուց ավել քննվող քրեական գործեր, որոնց դատական նիստերը անհիմն հետաձգվել են, ընդ որում առանց դատական նիստը բացելու նշանակված ժամից մեկ ժամ հետո կարգադրիչների կողմից այդ մասին հայտնելու միջոցով:
Մասնավորապես՝
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վ.Ռշտունու նախագահությամբ քննվող թիվ ԵԱԴԴ/0040/01/12 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Հրաչյա Գևորգյանի և այլոց ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 2-րդ մասի 1,3,4,7 կետերով, 34-139 հոդվածի 1-ին մասով, 316 հոդվածի 1-ին մասով, 182 հոդվածի 1-ին մասով: Գործը ընդունվել է վարույթ 27.03.2012 թ-ին և շարունակվում է մինչ օրս:
Թիվ ԵԱԴԴ/0021/01/12 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Արմեն Կաբալյան ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Գործը ընդունվել է վարույթ 28.02.2012 թ-ին և շարունակվում է մինչ օրս:
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ, քննության է առնվել քրեական գործն ըստ մեղադրանքի Առաքել Մանվելյանի, Հովհաննես Աբգարյանի, Ռոբերտ Հարությունյանի, Վահե Հայրիկյանի և Գոռ Ավագյանի ՀՀ քրեական օրենսգրքի 175, 35-175 և 317 հոդվածների մի քանի մասերով:
Սույն քրեական գործով բոլոր նիստերը սկսվում են նշանակվածից ժամ կամ ժամ ու կես ուշացումով, ընդ որում նիստերի մեծ մասը հետաձգվել է սահմանված ժամանակից մեկ ժամ հետո կարգադրիչների կողմից այդ մասին տեղեկացնելով, թեև դատարանը պարտավոր էր բացել դատական նիստը հայտնել հետաձգման պատճառների մասին և լսելով կողմերի կարծիքը որոշում կայացնել:
Սույն քրեական գործը մուտք է եղել դատարան 2011 թվականի դեկտեմբերի 28-ին և մինչ օրս գտնվում է դատարանի վարույթում:
Լուսանկարները`court.am կայքից:
Թողնել մեկնաբանություն