Skip to main content

Բժիշկները չեն ընդունում իրենց մեղքը. Տեսանյութ

Լիլիթ Վարդանյանին և Զարինե Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջիններս հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձինք՝ Արաբկիր ԲՀ-ի բոքսային բաժանմունքի մանկաբույժներ, ոչ պատշաճ են կատարել մասնագիտական պարտականությունները՝ դրանց նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով անզգուշությամբ առաջացրել են բուժվող հիվանդի մահ։
Ըստ ներկայացվող մեղադրանքի` Լիա Միսակյանը հիվանդանոց էր տեղափոխվել 2012թ. դեկտեմբերի 31-ին, իսկ 2013թ. հունվարի 2-ին մահացել էր: Լիլիթ Վարդանյանը տվել է հիվանդության սխալ ախտորոշում և հետագայում հետևողական չի եղել արյան անալիզի արդյունքները ստանալու հարցում: Զարինե Այվազյանը, ընդունելով հերթապահությունը Լիլիթ Վարդանյանից հետո, ևս հետևողական չի եղել արյան անալիզի արդյունքները ստանալու հարցում, դրսևորել է անգործություն, մինչդեռ արդունքները պատրաստ են եղել շատ ավելի վաղ, քան դրանք ստացվել են և ավելի վաղ ստանալու դեպքում հնարավոր կլիներ փրկել 2,5-ամյա Լիա Միսակյանի կյանքը:
Մանկաբույժների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել` ստորագրություն չհեռանալու մասին: Լիա Վարդանյանը և Զարինե Այվազյանը չեն ընդունում մեղադրանքը:
Գործով պաշտպաններն են` ՀՀ փաստաբանների պալատի անդամներ Գիվի Հովհաննիսյանը և Երեմ Սարգսյանը:
Որպես տուժողի իրավահաջորդ է հանդես գալիս Գեորգի Միսակյանը, ում շահերի ներկայացուցիչն է իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Վերջինիս մասնակցության հետ կապված` առաջին դատական նիստին դատավորը հայտնել է, որ գործից բացակայում է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ ճանաչելու մասին որոշումը, չկա նույնիսկ համապատասխան լիազորագիր, սակայն Գեորգի Միսակյանը նույն պահին տվել է իր բանավոր լիազորությունը, ինչին կողմերը չեն առարկել:
Մարտի 27-ի դատական նիստին հարցաքննվել են «Արաբկիր» ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աշոտ Գյուլբուդաղյանը և մանկաբույժ Իրինա Մանյանը: Գյուլբուդաղյանը պատմել է, որ 2013թ. հունվարի 2-ի երեկոյան իրեն զանգահարել են, հայտնել, որ կլինիկական մահվան վիճակով հիվանդ է տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք և խնդրել հնարավորության դեպքում ներկայանալ հիվանդանոց: Վկան պատմել է, որ մտնելով վերակենդանացման բաժանմունք, 45 րոպե շարունակել է մասնակցել արդեն սկսված վերակենդանացման միջոցառումներին, որից հետո վրա է հասել երեխայի կենսաբանական մահը: Երեխայի հոր`Գեորգի Միսակյանի հարցին` թե երեխան ջեջմային ցնցումներ ունենալու դեպքում պետք է տեղափոխվի վերակենդանացման բաժանմու՞նք, թե պալատ հարցին, վկան պատասխանել է, որ դա որոշում է բժիշկը: Դատավորի հարցին` թե արդյո՞ք քննարկվել է, թե ինչ կարող էին անել, որ չեն արել և ով է սխալ արել, վկան պատասխանեց, որ ինքն իրավասու չի դա որոշել, դա դատական մարմինների գործն է: Քանի որ հիվանդության պատմության նկարագիրը չի եղել, չեն կարողացել այդ հարցը լիարժեք քննարկել, միայն արյան անալիզից են որոշ ենթադրություններ արել, իսկ ռենտգեն պատկերով և նկարագրությամբ հայտնաբերված թոքաբորբը այնպիսին չի եղել, որը կարող էր առաջացնել հիվանդի մահ:
Մյուս վկան` մանկաբույժ Իրինա Մամյանն ասել է, որ ինքը հերթափոխն ընդունելով բժշկուհի Զարինե Այվազյանից, նկատել է, որ երեխան դժվար է շնչում, ծնողներն իրեն տեղեկացրել են, որ երեխան ամբողջ գիշեր այդպես է շնչել, որից հետո նա ծանոթացել է հիվանդության պատմությանը, տեսնելով արյան անալիզները, նշանակել է ռենտգեն հետազոտություն և կրկնել արյան անալիզները` հասկանալու համար, թե արդյոք վիճակը նույնն է: Հետազոտությամբ թեթև թոքաբորբ է արձանագրվել, նշանակվել է բուժում, սակայն առավոտյան երեխայի վիճակը կտրուկ վատացել է, ունեցել է փսխում, ծանր շնչառություն, բժիշկներ են հրավիրվել, զննել են երեխային: Մանկաբույժի` ընդունարանում լինելու ընթացքում իրեն է զանգահարել բուժքույրը, տեղեկացրել, որ երեխան շատ վատ է, երբ հասել է երեխայի մոտ, տեսել է, որ վերջինս չի շնչում, սրտի տոները չեն լսվում, ինչից հետո նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ նա մահացել է:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի հարցին, թե կարող էր արդյոք հիվանդությունը մի քանի ժամում զարգանալ, մանկաբույժը պատասխանել է, որ կարող էր զարգանալ նաև մի քանի ժամում, կարող էր և օրերի ընթացքում լինել:
Պաշտպան Գիվի Հովհաննիսյանի հարցին. «եթե դուք լինեիք դետեմբերի 31-ի բժիշկը, արդյոք նո՞ւյնը կախտորոշեիք երեխայի մոտ», մանկաբույժը դրական պատասխան է տվել:
Պաշտպան Երեմ Սարգսյանն էլ նշելով, որ ըստ դատաբժշկական եզրակացության՝ երեխայի մահվան պատճառը նշիկաբորբն ու թոքաբորբն են եղել, մանկաբույժին հարցրել է, թե արդյո՞ք վերջինս, տեսնելով երեխայի արյան անալիզները, կարող էր նշիկաբորբ ախտորոշել, ինչին վկան բացասական պատասխան է տվել, նշելով, որ նման արյան անալիզի ցուցանիշներ կարող էր ունանալ նաև այլ հիվանդություն ունեցող անձը:
Հաջորդը դատական նիստը տեղի կունենա ապրիլի 11-ին, ժամը 11:00-ին:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով