Դատական նիստի տեսանկարահանման հարցը քննվում է խորհրդակցական սենյակում
Դատական «նորարարություն». Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մանուկյանը դատավարության մասնակցի կարգավիճակ չունեցող անձի՝ դիտորդի-լրագրողի դիմումը` նիստը տեսանկարահանելու մասին, քննում է խորհրդակցական սենյակում և կայացնում որոշում: Որոշումը՝ ստորև:
ԳործNՇԴ2/0037/01/15
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Դատաքննության տեսալուսանկարահանման հարցը քննության առնելու մասին
18 Օգոստոսի 2017թ. ք. Գյումրի
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ՝ դատավոր Ա.Մանուկյանի, քարտուղարությամբ՝ Խ.Դանիելյանի, մասնակցությամբ՝ մեղադրող ՝ Ա. Շիրոյանի, տուժողի իրավահաջորդ Ռ. Ադանալյանի, պաշտպան՝ Ա. Հայրապետյանի, ամբաստանյալ՝ Ա. Մարտիրոսյանի, դռնբաց դատական նիստում քննության առնելով դատաքննությանը տեսալուսանկարահանումը թույլատրելու հարցը.
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատաքննության ընթացքում դատական նիստերի դահլիճում գտնվող՝ Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ ՝ Արման Վեզիրյանը հայտարարեց, որ ցանկանում է նիստը տեսալուսանկարահանել:
Նշված հարցի կապակցությամբ մեղադրող՝ Ա. Շիրոյանը, տուժողի իրավահաջորդ՝ Ռ. Ադանալյանը, նշված հարցի վերաբերյալ առարկություն չներկայացրեցին:
Պաշտպան՝ Ա. Հայրապետյանը առարկեց հարցի դեմ, և հայտնեց, որ չեն ցանկանում որ դատաքննությունը տեսալուսանկարահանվի:
Ամբաստանյալ՝ Ա. Մարտիրոսյանը միանալով իր պաշտպանի դիրքորոշմանը , հայտնեց, որ ինքը չի ցանկանում, որ դատաքննությունը տեսալուսանկարահանվի, մասնավորապես, որ իրեն տեսալուսանկարահանեն:
Դատարանը, քննարկելով դատաքննությունը տեսալուսանկարահանելու հարցը, լսելով կողմերի կարծիքը, գտնում է, որ այն պետք է մասնակի բավարարել հետևյալ հիմնավորմամբ.
Համաձայն Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի (2003) 13 հանձնարարականի՝ ուղղված Եվրոպայի խորհրդի երկրների, որի 14-րդ սկզբունքում ասված է. ««Լրատվամիջոցների կողմից ուղիղ հեռարձակումը դատական նիստերի դահլիճից, կամ նկարահանումը պետք է արգելվի, բացառությամբ այն դեպքերի, երբ դա բացահայտորեն թույլատրվում է օրենքի կամ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից տեղեկատվություն հաղորդելու այլ ձևը չպետք է թույլատրվի, եթե դրանով ստեղծվում է քրեական դատավարության, տուժողների, վկաների, կողմերի, երդվյալների կամ դատավորների վրա անցանկալի ներգործության լուրջ վտանգ»:
Հետևաբար, դատարանը գտնում է, որ նման պայմաններում դատական նիստի տեսալուսանկարահանումը ամբաստանյալի մասով պետք է արգելել, իսկ մնացած մասով թույլատրել:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102, 313 հոդվածներով՝ դատարանը.
ՈՐՈՇԵՑ
Դատաքննության տեսալուսանկարահանումը ամբաստանյալ՝ Արթուր Մարտիրոսյանի մասով արգելել, իսկ մնացած մասով թույլատրել:
ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ՄԱՆՈՒԿՅԱՆ
Թողնել մեկնաբանություն