Դատավորը մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունները և դատավորին հայտնած ինքնաբացարկը
Հետազոտվել են քրեական գործի նյութերը, ցուցմունք են տվել տուժողները, վկաները և ամբաստանյալները: Հերթական դատական նիստին 20.11.2015 թ-ին Ա.Մանուչարյանի պաշտպան Գ.Խաչատրյանը ներկայացրել է չորս միջնորդություն՝ 11.12.2014 թ-ի խուզարկություն կատարելու վերաբերյալ արձանագրությունը և 11.12.2014 թ-ի Մուշեղ Մանուչարյանի մոտից հայտնաբերված փաթեթը զննելու և առգրավվելու մասին արձանագրությունը , ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ՝ Ա.Դավթյանի 13.04.15 թ-ի թիվ 78-2/1-1104 գրությունը, «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում կատարված գաղտնալսումներն ու սղագրությունները և իրեղեն ապացույցը անթույլատրելի ապացույցներ ճանաչելու մասին: Ամբաստանյալ Մ.Մանուչարյանի պաշտպանը միջնորդություն չի ներկայացրել: Դատավոր՝ Ն.Օհանյանը, լսելով կողմերի կարծիքները պաշտպան՝Գ.Խաչատրյանի ներկայացրած միջնորդությունների վերաբերյալ, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102 հոդվածը որոշել է միջնորդությունների լուծմանը անդրադառնալ խորհրդակցական սենյակում դատական ակտ կայացնելիս: Պաշտպանը առարկելով դատարանի անօրինական գործողությունների դեմ, ներկայացրել է նաև դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն, որը դատավորը կրկին մերժել է: Նույն դատական նիստին մեղադրողը նաև ներկայացրել է մեղադրական ճառը, որով համարել է, որ ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը հիմնավոր է, միջնորդելով Ա.Մանուչարյանին դատապարտել ազատազրկման ինը տարի ժամկետով, իսկ Մ.Մանուչարյանին՝ ազատազրկում ութ տարի ժամկետով:
Պաշտպանական կողմը պաշտպանական ճառը ներկայացնելու համար միջնորդել է հետաձգել դատական նիստը տաս օրով, որը դատարանի կողմից բավարարվել է:
Սույն թվականի նոյեմերի 30-ին և դեկտեմբերի 11-ին նշանակված դատական նիստերը չի կայացել պաշտպան՝ Գ.Խաչատրյանի վատառողջ լինելու հետևանքով դատարան չներկայանալու պատճառով:
Թողնել մեկնաբանություն