Skip to main content

Դատավորի գրությունն էլ չօգնեց նիստի հրապարակային անցկացմանը

Նույնիսկ դատավորի գրությունը չօգնեց, որ Փաստաբանների պալատի խորհրդի նիստն անցկացվի հրապարակային:

Խորհուրդը քննարկում էր փաստաբաններ Արայիկ Պապիկյանին, Մուշեղ Շուշանյանին եւ Տիգրան Հայրապետյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Պալատ դիմել էր Սասնա ծռերի գործով դատավոր Արտուշ Գաբրելյանը:

Կարգապահականի նիստին Արայիկ Պապիկյանը ներկայացրեց գրություն, ըստ որի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը չի առարկում, որ կարգապահականի նիստն անցկացվի հրապարակային, թեեւ այդ վարույթներն իր նիստերով չեն եղել, բայց տալիս է իր համաձայնությունը այն հրապարակային անցկացնելու համար:

Արայիկ Պապիկյանը նշում է, որ դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, չի դիմել Արշակ Վարդանյանին: Նա հիշում է՝ մեկ ամիս առաջ խորհրդի անդամ Սեդրակ Ասատրյանը նշել էր, որ դա տարրական գիտելիք է՝ կարգապահական վարույթի համար դիմողը դատարանն է, ոչ թե դատավորը: «Ճիշտ սուբյեկտը դատարանն է, ոչ թե դատավորը: Դատարանին եմ դիմել, բայց դատարանից ստացել եմ պատասխան՝ ստորագրված Արշակ Վարդանյանի կողմից»,- ասում է Արայիկ Պապիկյանը:

Ի դեպ, նիստը նախագահող Կարեն Սարդարյանը հայտարարել է, որ «հրապարակային» բառը չի նշանակում տեսանկարահանում անցկացնել:

Քանի որ տեսանկարահանում չի թույլատրվել, Արայիկ Պապիկյանը լքել է դահլիճը: Դրանից հետո Պալատի խորհուրդը որոշել է Արայիկ Պապիկյանին, Մուշեղ Շուշանյանին եւ Տիգրան Հայրապետյանին ենթարկել պատասխանատվության՝ նկատողության:

«Դատարանը ապօրինի որոշում է կայացրել: Մինչ ինձ սանկցիայի ենթարկելը, նիստերի դահլիճը երկու փաստաբաններ արդեն լքել էին: Դատավորը ոչինչ չէր արել, երբ ես լքեցի դահլիճը։ Ապա նա գնաց խորհրդակցական սենյակ եւ երեքի մասով կայացրեց որոշում: Դատավորը պարտավոր էր գնալ խորհրդակցական սենյակ եւ որոշում կայացներ։ Լքել էր մեկը, նիստը շարունակվել էր, լքել էր երկրորդը, նորից նիստը շարունակվել էր, իսկ երբ ես լքեցի, որոշեց գնալ խորհրդակցական սենյակ»,- հիշում է Արայիկ Պապիկյանը:

Ըստ նրա՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կարգապահական վարույթ հարուցելուց պետք է տեսներ, որ իրականում հիմքեր չկան: Իսկ կարգապահականի նիստում խորհրուրդն Ա․ Պապիկյանին ապօրինաբար զրկել է բացատրություն տալու իրավունքից։

«Նրանց մոտ փոփոխություններ պետք է անել, ուղղակի մահացած տրամաբանությունը դիահերձման ճանապարհով պետք է բացենք եւ հիվանդությունը ճիշտ ախտորոշենք»,- ասաց Արայիկ Պապիկյանը:

Ըստ նրա՝ մեկ ամիս առաջ խորհուրդն իրեն ասում էր, որ դատարանն է սուբեյկտը, հիմա էլ ասում են, որ դատարանը չէ սուբյեկտը, սուբեյկտը դատավորն է։ «Մեկ ամիս հետո խորհրդի անդամների ուղեղներում ինչ հեղափոխություն է տեղի ունեցել, չեմ կարող ասել»։

Կարգապահականի որոշումը բողոքարկվելու է դատարանում: «Թող պատրաստվեն հետագա փորձություների միջով անցնելուն: Խորհուրդը որդեգրել է մի որոշում, որ բոլոր այն փաստաբանները, որոնք իրենց հետ նույն կարծիքը չունեն, եւ ունեն անձնական, սեփական կարծիք, ապա այդ մարդկանց անպայման պետք է պատժել։ Խորհրդի վարքագիծը եւ պալատի ղեկավարության պահվածքը մի բանի մասին է վկայում․ եթե որևէ կարծիք իրենց դիրքորոշման հետ չի համընկնում, ապա նախագահի բնորոշմամբ մենք ընդդիմադիրներ ենք: Թե ինչու ենք ընդդիմադիրներ, հավանաբար այն պարզ պատճառով, որ չենք ենթարկվում իրենց կանոններին»,- եզրափակեց Արայիկ Պապիկյանը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով