Skip to main content

Դատարանը Վահե Գրիգորյանի հայցով որոշում է հրապարակելու

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր վերսկսվեց փաստաբան Վահե Գրիգորյանն ընդդեմ փաստաբանների պալատի հայցով նիստը։

Դեռ օգոստոսի 28-ին այս գործով պետք է որոշում հրապարակվեր, սակայն դատավոր Ռուբեն Վարդազարյանը որոշել էր դատաքննությունը վերսկսել։ Դատավորը գտել է, որ լրացուցիչ ապացույցներ հետազոտելու անհրաժեշտություն կա:

Փաստաբան Վահե Գրիգորյանը դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել   պալատի նախագահի  և խորհրդի որոշումները։ Նա մեղավոր է ճանաչվել «Փաստաբանի վարքագծի կանոնագրքի» խախտման համար։  Իսկ մեղավոր ճանաչվելու համար հիմք էր հանդիսացել փաստաբան Գեւորգ Գեւորգյանի դիմումը։

Պատմությունը սկսել էր  փաստաբաններից Տիգրան Աթանեսյանի ՖԲ-ում «Attorney at Law» խմբում կատարած գրառումից հետո, հայցվոր Վահե Գրիգորյանի կողմից տրված  մեկնաբանությունից հետո։

«Ինձ թվում է, որ դու [դիմելով պրն. Տ. Աթանեսյանին] պետք է փաստաբանների դպրոցում ժամեր վերցնես դասավանդելու համար «Ինչպիսին չպետք է լինեն Փաստաբանների պալատը եւ այն ներկայացնող անձինք» թեմայով եւ, որպես ուսումնական նյութեր, ունկնդիրներին բաժանես քո գործերով եւ դիմումների հիման վրա քեզ ուղղված նամակները: Իսկ այս նամակի 2-րդ կետին նախորդող պարբերության հեղինակը, որի մտքով անցել է նման պատասխան գրել փաստաբանին, իմ կարծիքով տառապում է կրիտինիզմով՝մի հիվանդություն, որը որոշակի հորմոնային անբավարարության հետեւանքով ժամանակին շեշտակիորեն դանդաղեցրել կամ առհասարակ կասեցրել է անձի մտավորզարգացումը: Դրահամար, չեմ օգտագործի նրա նկատմամբ վիրավորական արտահայտություն՝հասկանալով, որ դա ֆիզիկական դիսֆունկցիայի հետեւանք է»,- գրված էր մեկնաբանության մեջ։

Այսօրվա դատական նիստին Վահե Գրիգորյանն ու նրա ներկայացուցիչը չէին ներկայացել։ Դատավորը մի քանի հարց ուղղեց Փաստաբանների պալատի ներկայացուցիչներին, մասնավորապես՝ Գեւորգ Գեւորգյանը փաստաբան է, թե՞ պալատի աշխատակազմի ներկայացուցիչ, ինչպես նաեւ ՖԲ «Attorney at Law» խմբում միայն փաստաբաննե՞ր են ընդգրկված, թե՞ այլ անձինք էլ կան։

Փալատի ներկայացուցիչ Արտաշես Խալաթյանը նշեց, որ Գեւորգ Գեւորգյանը հանդիսանում է փաստաբան։ Իսկ մյուս ներկայացուցիչը՝ Էմիլ Ամիրխանյանը, ավելացրեց, որ խմբում կարող են լինել նաեւ իրավական թեմաներ լուսաբանող լրագրողներ։

Դատավոր Ռուբեն Վարդազարյանը դատաքննությունը համարեց ավարտված։ Որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 30-ին։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով