Skip to main content

Դատարանի գրասենյակից քաղաքացու բողոքը կորել է

Շուրջ 4 ամիս Ա.Պողոսյանը սպասել է դատարանի կողմից բողոքի քննությանը, սակայն որևէ արձագանք չստանալով, մոտեցել է դատարանի գրասենյակ պարզելու համար բողոքի ընթացքը: Սակայն ի զարմանս Ա.Պողոսյանի գրասենյակում չեն գտել բողոքը, և անգամ չեն կարողացել պարզել թե ով է ստորագրել հետադարձ ծանուցման անդորրագիրը:
Հատուկ քննչական ծառայությունը վիճարկվող որոշումը կայացրել էր դատարանի միջնորդության հիման վրա, քանի որ դատաքննության ընթացքում քրեական գործով ամբաստանյալ` Տավրոս Ոսկանյանը հայտարարել էր, որ ձերբակալվելուց հետո, նախաքննության ընթացքում մի դրվագով ընդունել է մեղքը, անմարդկային վերաբերմունքի և հոգեբանական ճնշման հետևանքով, քանի որ գիշերային ուշ ժամի բաժնում է գտնվել հղի կինը, որին սպառնացել են և թույլ չեն տվել տուն գնալ, որպեսզի վերջինս համոզի ամուսնուն ընդունել մեղքը, ի դեպ Ա.Պողոսյանի հղիությունը հետագայում այդ ապրումների պատճառով ընդհատվել է: ՀՔԾ-ը նյութեր է նախապատրաստել և 16.11.2013 թվականին որոշել քրեական գործի հարուցումը մերժել ՀՀ ոստիկանության աշխատակիցների արարքում հանցակազմի բացակայության հիմքով, իսկ Տ. Ոսկանյանի և Ա.Պողոսյանի արարքներում` սուտ մատնություն կատարելու` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Վերադաս դատախազը մերժել է բողոքը նշված որոշման դեմ, սակայն մի փաստ ակնհայտ է` եթե ոստիկանության աշխատակիցների արարքում հանցակազմ չլիներ, ապա ամբաստանյալին ու նրա կնոջը կմեղադրեին սուտ մատնության համար, հետևաբար եթե սուտ մատնություն կատարելու հանցակազմը բացակայում է, ապա անմարդկային վերաբերմունքի արժանանալու հայտարարությունը հիմնավոր է: Դատախազի բողոքի մերժման որոշումը ստանալուց հետո ամբաստանյալի կինը բողոք է ներկայացրել դատարան, որը ինչպես վերը նշվել է անհետացել է գրասենյակից: Թերևս այս փաստը վկայում է այն մասին, որ ամեն եղանակով փորձ է արվում կոծկել այս գործով տեղի ունեցած ապօրինությունները:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով