Ենթադրյալ խոշտագման դեպքով անարդյունավետ քննություն․ Վճռաբեկ դատարանը փաստել է
Վճռաբեկ դատարանը կրկին փաստել է` ենթադրյալ խոշտանգման դեպքով չի իրականցվել արդյունավետ քննություն:
Հիշեցնենք, որ ոստիկանական մեքենայում, այնուհետեւ ոստիկանության բաժնում 2020 թ մարտի 27-ին Տիգրան Կարապետյանը ենթադրյալ խոշտանգման էր ենթարկվել։
Այս տարիների ընթացքում բազմաթիվ միջնորդություններ եւ բողոքներ են ներկայացվել թե նախաքննական մարմնին, թե դատարան։ Ստորադաս ատյաններում հաջողության չհասնելուց հետո, բողոք էր ներկայացվել Վճռաբեկ դատարան։ Իսկ այս բողոքը վերաբերում էր ենթադրյալ խոշտանգման գործը կասեցնելուն եւ արդյունավետ քննություն չիրականացնելուն։
Դատարանը ընդգծել է, որ ստորադաս դատարանները պատշաճ գնահատման առարկա չեն դարձրել այն հանգամանքը, որ առերևույթ խոշտանգման դեպքով չի իրականցվել արդյունավետ քննություն:
«Եվ ամենակարևոր հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանն արձանագրել է՝ ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ նախաքննության փուլում տուժողի նկատմամբ չի նշանակվել դատահոգեբանական փորձաքննություն և այլ գործողություններ, որոնք պետք է կատարվեին»,- ընդգծում է տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղարագյոզյանը։
Նրա խոսքերով՝ Վճռաբեկ դատարանը նաեւ արձանագրել է, որ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է կատարել անհրաժեշտ դատավարական գործողություններ, որոնք կապահովեն քրեական գործով վարույթի անխոչընդոտ և անխափան ընթացքը:
Դատարանն իր որոշման մեջ անդրադարձել է վերաքննիչ դատարանի այն դատողություններին, թե մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանի կողմից անդրադառնալու դեպքում կխախտվի քրեական դատավարության փուլային կառուցվածքը, իսկ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը կվերածվի բուն արդարադատության իրականացման գործընթացի։
«Վճռաբեկ դատարանը գտել է, որ այն ընդունելի չի կարող համարվել: Շատ կարևոր է, որ խոշտանգման գործերով սառույցը կոտրվել է և Վճռաբեկ դատարանը կայացնում է նմանատիպ առաջադեմ որոշումներ, որոնք ցուցիչ պետք է լինեն դատարանների և դատախազների համար, որ այլևս նմանատիպ խոշտանգումների գործերով չկատարվի ոչ արդյունավետ քննություն»,- ավելացնում է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը։
Նա միաժամանակ հիշեցնում է, որ այս գործով ենթադրյալ խոշտանգում գործադրողները մինչ օրս անպատիժ են մնացել։
Թողնել մեկնաբանություն