Skip to main content

Ինչպես է որպես դատավոր կայանում նախկին դատախազ Արթուր Մկրտչյանը

Իր գործունեության առաջին իսկ տարիներին Մկրտչյանն աչքի է ընկել մի շարք աղմկոտ գործերի քննությամբ, որոնցում նաև քաղաքական գործոն է եղել:
Գործ 1. Հովհաննես Թամամյան, Հովհաննես Շահինյան և 14 տարվա ազատազրկում
Արթուր Մկրտչյանի նախագահությամբ քննված առաջին աղմկահարույց գործերից է եղել մայիսի 12-ին Կոմիտասի պողոտայում Խաչիկ Մկրտչյանին սպանելու կապակցությամբ հարուցված գործը:
Սկզբում սպանության հոդվածով մեղադրանք էր առաջադրվել Արաբկիրի նախկին թաղապետ` Հովհաննես Շահինյանի քրոջ որդուն` Արսեն Ահարոնյանին, և այդ մեղադրանքով էլ քրեական գործն ուղարկվել էր դատարան:
Ինչպես գործի քննության ընթացքում նշել է Վռամ Բաղդասարյանի փաստաբան, Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ Գայանե Խաչատրյանը, այնուհետև ԱԱԾ տնօրեն Գ.Հակոբյանը 10.01.200- թվականին /տարեթիվը նշված չէ/ գրություն է հասցեագրել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ հայտնելով այն մասին, որ իբրև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նախաքննության ընթացքում միտումնավոր կերպով խեղաթյուրվել են դեպքի փաստական հանգամանքները, որի արդյունքում Վռամ Բաղդասարյանը զերծ է մնացել քրեական պատասխանատվությունից: Գրության հիման վրա մեղադրանք է առաջադրվել Վռամ Բաղդասարյանին սպանության հոդվածով, ինչի արդյունքում Հովհաննես Շահինյանի քրոջորդի Ահարոնյանի արարքը վերաորակվել է ավելի մեղմ հոդվածով:
Բացի դա, Աղվան Հովսեփյանը միջնորդագիր է ներկայացրել այն ժամանակվա ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ նշելով, որ գործի սխալ ընթացքի մեղավորներից մեկը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հոհվաննես Թամամյանն է: Վերջինիս ձերբակալել են ու մեղադրել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Հետագայում իրավապաշտպան Միքայել Դանիելյանը փաստաթուղթ է հրապարկել, համաձայն որի Հովհաննես Շահինյանը պարտք է եղել Հովհաննես Թամամյանին 32 միլիոն դրամ: Իրավապաշտպանի խոսքով` այդ փաստաթուղթը նույնպես իր դերն է խաղացել քրեական գործում:
Համաձայն փաստաբան Գայանե Խաչատրյանի, դատաքննության ընթացքում դատավոր Մկրտչյանն իրավունքի շահերը պաշտպանելու փոխարեն հանդես էր գալիս մեղադրողի կողմից, Վռամ Բաղդասարյանի դեմ ցուցմունք տվողներին հուշում էր պատասխանները կամ ուղղորդող հարցեր էր տալիս, մերժում էր պաշտպանական կողմի միջնորդությունները: Դատավորը Վռամ Բաղդասարյանին 14 տարվա ազատազրկման դատապարտեց:
Գործ 2. Երբ դատարանում ինքնասպանության փորձ էին անում
Նույն դատավորի մոտ քննվել է նաև Արմեն Մարտիրոսյանի, Կարեն Կարապետյանի և Պետրոս Հակոբյանի քրեական գործը, որի քննությունը տևել է մեկ տարուց ավել՝ խախտելով գործի քննության ողջամիտ ժամկետները: Գործով քննության ընթացքում Արմեն Մարտիրոսյանը ինքնասպանությանփորձ էր կատարել՝ վնասելով ձեռքն ու որովայնը: Նա իր բողոքն է արտահայտել դատարանի կողմնակալ վերաբերմունքի և խոշտանգումների մասին հայտարարությանը դատարանի կողմիցանտեսելու պատճառով:
Դատավորը նաև խախտել է օրենքը՝ ժամանակ չտալով ամբաստանյալներին պատրաստվելու վերջին խոսքին, թեև պարտավոր էր դա անել:
Գործ 3. Զարուհի Փոստանջյանի եղբորը մեղադրում էին
2011 թվականի փետրվարի 23-ին ձերբակալվել էր ԱԺ պատգամավոր Զարուհի Փսստանջյանի եղբայրը՝ Տիգրան Փոստանջյանը, ով աշխատում էր Արաբկիրի թաղապետարանի կոմունալ բաժնում: Համաձայն մեղադրանքի, Փոստանջյանը, հանդիսանալով հանրային ծառայող, ապօրինի շինարարությանը չխոչընդոտելու համար Հ.Ս.-ից 2010թ. սեպտեմբերին պահանջել և ստացել է 100 000 դրամ վարձատրություն: Գործը քննել է Արթուր Մկրտչյանը:
Զարուհի Փոստանջյանը, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարել են, որ դա քաղաքական հետապդնում է իշխանությունների կողմից՝ կապված քրոջ գործունեության հետ: 11 հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել այդ մասին՝ նշելով, որ Տիգրան Փոստանջյանն իր դեմ հարուցված քրեական գործի մասին տեղեկացել է 18.02.2011-ին ինտերնետային հրապարակումից: Նույն օրը Տիգրան Փոստանջյանին զանգահարել է անծանոթ մի քաղաքացի և հայտնել, որ` դատախազությունը կառավարության հետ միասին քրեական հետանդում են ուզում նախաձեռնել` «գործ սարքել» կապված իր քրոջ գործունեության հետ: Փոստանջյանն ազատազրկման է ենթարկվել առանց դրա համար պատշաճ հիմնավորման առկայության: Հաշվի չի առնվել այն, որ Փոստանջյանը, պատահականորեն իմանալով քրեական գործի հարուցման մասին, անձամբ է ներկայացել հարցաքննության և որ նա իր խնամքի տակ ունի երկու մանկահասակ երեխա: Դատարանն անտեսել է նաև ներկայացված գրավի միջնորդությունն ու ԱԺ պատգամավորների կողմից տրված երաշխավորագրերը:
2011 թվականի մարտի 6-ի դատական նիստի ժամանակ Արթուր Մկրտչյանը հայտարարել էր, որ Փոստանջյանի վրա կտարածվի նախագահի հայտարարված համաներումը, եթե նա համաձայնի ընդունել այն:
Մեղադրյալի խոսքով` ինքը պատրաստ կլիներ ապացուցել իր անմեղությունը, եթե դատարանը փոխեր խափանման միջոցն ու դատաքննությունը շարունակվեր իր ազատության պայմաններում: Եթե նման հնարավորություն չկա, ապա մեղադրյալը պատրաստակամություն է հայտնել ընդունել համաներումը: Նա հայտարարել է, որ երբեք չէր անի դա ու մինչև վերջ կպայքարեր, սակայն բանտի ստորացուցիչ պայմաններն իրեն ստիպում են գնալ այդ քայլին:
Գործ 4. Թմրանյութերը ձեռք է բերել, բայց իրացրե՞լ է
Արթուր Մկրտչյանի 2011 թվականի սեպտեմբերի 2-ին կայացրած դատավճռով Արգիշտ Մովսիսյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման՝ գույքի 1/3-ի բռնագրավմամբ: Նրան մեղադրում էին թմրամիջոց իրացնելու մեջ:
Դատավճիռ կայացներիս դատավորը հիմք է ընդունել մեղադրական եզրակացության այն ենթադրությունը, համաձայն որի Մովսիսյանը մեղադրվում էր այն բանում, որ իրացնելու նպատակով գործով չպարզված անձանցից և հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափի «ափիոն» տեսակի թմրամիջոց:
Ինչպես նշում է փաստաբան Արայիկ Պապիկյանը, գործի նյութերով չի ապացուցվել Մովսիսյանի կողմից թմրանյութ ձեռք բերելը: Հետևաբար անհնար էր ապացուցված համարել այն, որ Մովսիսյանը թմրամիջոցն իրացրել է:
Բացի դա, գործով մյուս ամբաստանյալների` Ս. Մանուկյանի և Հ. Բաբայանի ցուցմունքների մեջ նշված են եղել թմրանյութի տարբեր քանակներ (325 գրամ, 350 գրամ), իսկ հետագայում երկուսն էլ հրաժարվել են իրենց ցուցմունքներից` դրանք շփոթված և ոչ սթափ լինելու պայմաններում տալու պատճառով, իսկ մեղադրող կողմը որևէ այլ ապացույց չի կարողացել հայթայթել Մովսիսյանի կողմից թմրանյութի ենթադրյալ իրացման քանակի վերաբերյալ:
Հ.Գ. Նշենք, որ 2012 թվականի «Հելսինկյան ասոցիացիան» դիմել էր ԱՄն-ի դեսպանատուն՝ խնդրելով մուտքի արտոնագիր չտրամադրել մի շարք դատավորների, ովքեր աչքի են ընկել օրինախախտումներով ու կամայական որոշումներով: Արթուր Մկրտչյանն ընդգրկվել էր այդ դատավորների ցանկում:

Նյութերը՝ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի և «Անկախ լրագրողների ցանց» ՀԿ-ի

Տեղեկատվությունը՝ Epress.am-ի: Լուսանկարը՝ court.am-ի:

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով