Իրավապաշտպանը չէր զարմանա, եթե Աղվան Հովսեփյանն ու Ռուբեն Սահակյանը տեղերով փոխվեին
| Մարդու իրավունքներ | No Comments on Իրավապաշտպանը չէր զարմանա, եթե Աղվան Հովսեփյանն ու Ռուբեն Սահակյանը տեղերով փոխվեին
Epress.аm-ը խնդրել է «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանին գնահատել վերջինիս գործունեությունը:
Խոսելով Սահակյանի մասին՝ Դանիելյանը նախ հիշեցրել է նրա հայտարարությունը, որն արվել է 90-ականներին իր և այլ փաստաբանների վրա կատարած հարձակումից հետո:
«Մի քանի փաստաբանների վրա հարձակում կատարեցին, հետո այդ փաստաբաններից մեկը, դեպքի ասուլիսի ընթացքում խոսելով, հայտարարեց. «Ես կհասկանայի, որ ինձ ծեծեին որպես քաղաքացի, բայց ինձ ծեծել են որպես փաստաբան»: Այսինքն՝ փաստաբանը կարծում էր, որ մարդու վրա հարձակվել, ծեծել կարելի է, իսկ փաստաբանի վրա՝ ոչ: Այդ փաստաբանը Ռուբեն Սահակյանն էր, և հետագայում մի գործով պաշտպանում էր երկու ոստիկանների, ովքեր փաստաբանի մասնագիտություն չունեցող մարդու ծեծել ու սպանել էին»,- ասել է Դանիելյանը:
Դանիելյանը նշել է, որ դա Ռուդիկ Վարդանյանի սպանության փաստով հարուցված գործն էր, երբ Սահակյանը ստանձնել էր երկու ամբաստանյալ ոստիկանների՝ Ջաղինյանի և Աթարբեկյանի պաշտպանությունը:
«Ընդունեցին, որ մարդուն սպանել էր, սակայն Ռուբեն Սահակյանը ասաց՝ ապացուցեք՝ ում հարվածից է Վարդանյանը մահացել: Գործն ավարտվեց ամբաստանյալներին դիրքի չարաշահման համար դատապարտելով:
Նրանք իրենց մի քանի տարին նստեցին ու դուրս եկան, և դարձան փաստաբան»,- պատմել է Դանիելյանը:
Ըստ իրավապաշտպանի՝ Ռուբեն Սահակյանը նաև կհիշվի նրանով, որ վերջինիս նախագահության օրոք է դատարանում մարդուն պաշտպանելու ընթացակարգի մասին և փաստաբաններին առնչվող օրենքում փոփոխություն կատարվել, որն ամենաշատն է ճնշում տուժողի պաշտպան կողմին: Խոսքն այն սահմանափակման մասին է, որով տուժողի իրավահաջորդին դատարանում կարող է ներկայացնել միայն փաստաբանը:
«Կա տարբերություն՝ տուժողի շահերը ներկայցնում է փաստաբանը, թե իրավապաշտպանը: Փաստաբաններն աշխատում են օրենքի շրջանակներում, իրավապաշտպանները՝ ազատության: Նրանց համատեղ գործունեությունն է լավագույն տարբերակը: Փաստաբանների պալատն աշխատում է իրավապահ մարմինների հետ սերտ համագործակցությամբ: Եվ ես չէի զարմանա, որ Աղվան Հովսեփյանը դառնար պալատի նախագահ, իսկ Ռուբեն Սահակյանը՝ գլխավոր դատախազ: Ոչ մի բան չէր փոխվի»,- ասել է Դանիելյանը:
Նրա խոսքով՝ Ռուբեն Սահակյանի հեռանալը պալատից պակաս տպավորիչ չեղավ: Նա ներկայացրեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու շահերը: Նրան ազատելն էլ համարեց իր ձեռքբերումը և դիմեց հանրությանը՝ ասելով. «Հետո էլ ասում եք՝ արդարադատություն չկա Հայաստանում», ինչը, Դանիելյանի խոսքով, ցինիզմ է:
Լուսանկարը՝ advocates.am
Տեղեկատվությունը՝ Epress.am-ի:
Դիտումներ: 617
Թողնել մեկնաբանություն