Skip to main content

Կարգապահական հետապնդումների շարունակություն՝ այս անգամ ՔԿՀ-ի կողմից

  «Վանաձոր» ՔԿՀ պետը Փաստաբանների պալատից խնդրում է պատասխանատվության ենթարկել  փաստաբան Արայիկ Պապիկյանին զուտ նրա համար, որ վերջինս պահանջել է անհապաղ կատարել դատարանի որոշումը։  

Փետրվարի 27-ին Վերաքննիչ քրեական դատարանը որոշում էր կայացրել իր պաշտպանյալին անհապաղ ազատ արձակելու մասին։ Դատարանից  որոշումը պաշտպանը ուղարկել է  «Վանաձոր» ՔԿՀ, որը մի քանի ժամ չէր կատարվել։

   «Զանգահարեցի «Վանաձոր» ՔԿՀ։ Որպես բողոք նաեւ բավականին կոշտ արտահայտություններով պահանջեցի, որ պաշտպանյալիս անհապաղ ազատ արձակեն, որովհետեւ կար  դատարանի անհապաղ ազատ արձակելու մասին որոշում»,- ասաց Արայիկ Պապիկյանը։

«Վանաձոր» ՔԿՀ պետ Արտակ Հովհաննիսյանը Փաստաբանների պալատ ուղարկված գրության մեջ մեջբերումներ է արել  Արայիկ Պապիկյանի հեռախոսազրույցից։ Նա նշել է, որ  բոլոր նրանք, ովքեր դատարանի որոշումը չեն կատարում, պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Պաշտպանը տվել է Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի, Քրեակատարողական ծառայության պետի, Քրեակատարողական հիմնարկի պետի անունները։

«Ըստ էության, ոչ կոռեկտ եմ ինձ պահել։ Հիմա ցանկանում եմ տեղեկացնել, որ ես բավականին  մեղմ եմ դրանք ասել։ Ես վերահաստատում եմ այդ ամենը, որ բոլոր անձինք, ովքեր դատարանի որոշումը չեն կատարում,  պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- նշում է փաստաբանը։ Նա նաև  ավելացնում է․ «Եթե Վանաձոր» ՔԿՀ պետը տեղյակ չէ ՔՕ 353-րդ հոդվածից, ապա ժամանակն է նրան հիշեցնել , որ սեւով սպիտակի վրա նշված է՝ դատական ակտը դիտավորությամբ չկատարելը, որում նշված է կատարման ժամկետ, քրեորեն պատժելի արարք է»։

«Վանաձոր» ՔԿՀ պետը  Փաստաբանների պալատի նախագահին  խնդրել է  է գրությունը ընդունել որպես հաղորդում եւ քննարկել Արայիկ Պապիկյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու նպատակահարմարությունը։

 «Եթե  ես, իր կարծիքով,  էթիկայի կանոններ եմ խախտել, ապա նպատակահարմարության հարց չի քննարկվում։ Սա հայեցողական տիրույթ չպետք է լիներ։ Այսինքն՝ ինքն անգամ կասկածում է՝ Արայիկ Պապիկյանը ինչ-որ բան խախտե՞լ է, թե՝ ոչ»,- ասում է փաստաբանը։

 Արայիկ Պապիկյանն առաջարկում է ՔԿՀ պետի  իրավական գիտելիքները ստուգման ենթարկել Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի կողմից։

 Իսկ եթե հեռախոսազրույցն էլ ձայնագրվել է, որի մասին  Արայիկ Պապիկյանին տեղյակ չի պահվել, ապա ձայնագրություն կատարող անձը՝ Հայկ Կաչյանը,   թույլ է տվել օրենքի խախտում։

   ՔԿՀ աշխատակիցը  պետք  է պատասխանի՝ ձայնագրե՞լ են հեռախոսազրույցը,  թե ուղղակի խոսակցությունից մեջբերումներ արել։ Արայիկ Պապիկյանը վստահեցնում է՝ իր խոսքերը խեղաթյուրել են։

 «Նշել են՝ փաստաբանը հորդորել է կալանավորված անձի հարազատներին ՔԿՀ հիմնարկ չներկայացնել  որոշման պատճենը։ Սա ուղղակի ֆանտաստիկ երեւակայություն ունեցող անձը կարող է նման գործողություններ թույլ տալ»։ Այս ամենը, ըստ պաշտպանի, վկայում է այն մասին, որ պաշտոնյաների կողմից  ՔԿՀ-ներում  շարունակում են տիրել այն բարքերը, որոնք եղել են Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի օրոք, եւ փոփոխություներ դեռ չեն երեւում։

 Այլ մանրամասների կարող եք ծանոթանալ տեսանյութում։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով