Կարգապահական պատասխանատվության ենթարկվելը հետապնդման հետեւանք էր
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ Փաստաբանների պալատի խորհուրդը շուրջ մեկ տարվա ընթացքում 22 կարգապահական վարույթ է հարուցել։
Կարգապահական վարույթները, սակայն, ոչ միայն Արայիկ Պապիկյանի, այլ նաեւ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու մեջ մեղադրվող «Սասնա ծռերի», ընդդիմադիր առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների պաշտպանների նկատմամբ էին հարուցվել։
Փաստաբանները տևական ժամանակ դատավորների կողմից ենթարկվում էին սանկցիաների, երբ փորձում էին պաշտպանել իրենց եւ իրենց պաշտպանյալների օրինական շահերը եւ իրավունքները։ Դատավարությունների ժամանակ մեղադրյալները, զրկված լինելով արդար դատաքննության իրավունքից, ի նշան բողոքի լքում էին նիստերի դահլիճը, նույն կերպ վարվում էին նաև փաստաբանները՝ վկայակոչելով պաշտպանյալների պահանջը՝ առանց իրենց ներկայության չմասնակցել նիստերին։
Շատ հաճախ փաստաբաններին նույնիսկ չէր հաջողվում մուտք գործել նիստերի դահլիճ, սակայն կրկին ենթարկվում էին սանկցիաների և հետագայում՝ Փաստաբանների պալատի կողմից պատասխանատվության։
Փաստաբանների պալատի խորհրդի կողմից պատասխանատվության ենթարկվելը քաղաքական հնչեղություն ունեցող գործերով պաշտպանություն իրականացնողները համարում են հետապնդում։
Փաստաբանների պալատի խորհրդի կողմից հարուցված 22 կարգապահական վարույթներից 6-ով Արայիկ Պապիկյանն արդարացվել է, իսկ պատասխանատվության ենթարկվելու 11 գործով բողոք է ներկայացվել դատարան։
Գործերի մեծ մասով արդեն նիստեր են նշանակվել։ Դատավոր Աննա Փիլոսյանը փետրվարի 5-ին դատական նիստ է նշանակել, սակայն Արայիկ Պապիկյանը չէր ներկայացել դատարան․ փետրվարի 5-ին նշանակված նիստի մասին ծանուցագիրը ստացվել էր միայն փետրվարի 27-ին։
Իսկ ահա դատավոր Հայարփի Զարգարյանը փաստաբանի հայցադիմումը թողել է առանց քննության։ Արայիկ Պապիկյանը նիստի օրը ինքնաբերաբար գնացել է դատավորի նախկին նստավայրը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարան։ «Նիստից րոպեներ առաջ պարզեցի, որ սխալ հասցեով եմ գնացել։ Զանգեցի դատարանի կազմ, խնդրեցի, եթե հնարավոր է, հետաձգեն։ Գրանցեցին զանգս, հետո «Դատալեքս»-ից տեղեկացել եմ, որ դատարանը հայցադիմումը թողել է առանց քննության»,- ասաց Արայիկ Պապիկյանը։
Փաստաբանը որոշումը ստանալուց հետո պատրաստվում է բողոքարկել այն։ Արայիկ Պապիկյանը ենթադրում է , որ դատարանը ձեւական ընթացակարգով է հայցադիմումը թողել առանց քննության․ «Եթե այդպես պետք է արդարադատություն իրականացնեն, ապա այդ դատավորին ես չեմ ցանկանում իմ հարկերով աշխատավարձ վճարել։ Ինքը ձեւական աշխատանք կատարելու համար իմ հաշվին երաշխիքներ չպետք է ունենա»,- հավելեց նա։
Քաղաքական աղմկահարույց գործերով փաստաբան Նինա Կարապետյանցն էլ մինչ օրս 6 կարգապահական պատասխանատվության է ենթարկվել։ Ընդհանուր իրավասության դատարան 5 բողոք է ներկայացվել։
Այդ գործերով կարգապահական պատասխանատվության են ենթարկվել նաեւ փաստաբաններ Մուշեղ Շուշանյանը, Երվանդ Վարոսյանը, Լուսինե Սահակյանը, Հայարփի Սարգսյանը, Արա Ղարագյոզյանը, Ինեսսա Պետրոսյանը, Գրիշա Բալասանյանը, Հարություն Բաղդասարյանը, Լիպարիտ Սիմոնյանը, Տիգրան Հայրապետյանը, Արա Զաքարյանը, Հրանտ Գեւորգյանը, Դավիթ Գյուրջյանը։
Բացի Արայիկ Պապիկյանից եւ Նինա Կարապետյանցից, պալատի որոշումները դատական կարգով վիճարկում են նաեւ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը, Դավիթ Գյուրջյանը, Մուշեղ Շուշանյանը եւ Տիգրան Եգորյանը։
Թողնել մեկնաբանություն