Հայտարարություն՝ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի հացադուլի մասին
Ավելի քան 20 օր է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ են հայտարարել «Սասնա Ծռեր» խմբի անդամներ Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը՝ պահանջելով ապահովել իրենց պատշաճ բուժօգնությունը, ինչպես նաև իրենց տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ։
Անձի, առավել ևս կալանավորված անձի կողմից պատշաճ բուժօգնության պահանջը ոչ միայն քննարկման առարկա չի կարող դառնալ, այն էլ տևական ժամանակ, այլ ենթակա է անհապաղ կատարման: Սակայն մինչ օրս քննարկվում է Ա. Բիլյանի և Ս. Բարսեղյանի դիմումների միայն ենթակայության հարցը: Մինչ հարցի կարգավորումը, նշյալ անձանց առողջությունը կարող է անդառնալի վնաս կրել: Այլ ՔԿՀ տեղափոխության մասին դիմում-պահանջը ևս անձի իրավունքն է, առավել ևս, որ այդպիսի պահանջն ունի ավելի քան բավարար հիմնավորումներ և պատճառներ, որոնք ներկայացվել են նաև դատարանում:Նշյալ պարզ և լուծման համար չափազանց դյուրին խնդիրները տևական ժամանակ է չեն լուծվում: Պետության անունից հանդես եկող պատկան մարմիններն ու հաստատությունները՝ դատարան, Քրեակատարողական վարչություն, քրեակատարողական հիմնարկ, որոնք կոչված են ապահովել մարդու իրավունքներն ու ազատությունները, կանխել դրանց խախտումները, անտրամաբանական վարչարարության կամ անգործության դրսևորմամբ հերթական անգամ փաստում են, որ ՀՀ-ում մարդու իրավունքների խախտումները կրում են հանընդհանուր բնույթ, հատկապես պետական մարմինների կողմից: «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնում հացադուլի մեջ գտնվող Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի ներկա առողջական վիճակի, հնարավոր անցանկալի հետևանքների առնչությամբ՝ դատապարտելով բոլոր իրավասու մարմինների անգործությունն ու ձևական վարչարարությունը և պահանջելով՝
- վերջ տալ ձևական վարչարարությանը և ապահովել Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի իրավունքների պաշտպանությունը,
- անհապաղ միջոցներ ձեռնարկել նրանց դիմումներին առարկայական լուծում տալու ուղղությամբ,
- պատասխանատվության ենթարկել ստեղծված իրավիճակի համար բոլոր մեղավոր պաշտոնյաներին,
- քրեակատարողական հիմնարկներում ապահովել օրենքով սահմանված նվազագույն անհրաժեշտ պայմաններ, ինչը վերջ կդնի անազատության մեջ գտնվող անձանց իրավունքների մշտական խախտումներին:
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ10.01.2018թ.
Թողնել մեկնաբանություն