ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ Դատական օրենսգրքի նախագիծը, որի մեջ ներառված է նաև դատավարության մասնակից փաստաբանինդատավորի կողմից մինչև 100000 ՀՀ դրամի չափով տուգանելու իրավունքի մասին դրույթ։
Դատարանների իրական անկախության բացակայության, խաթարված արդարադատության պայմաններում, երբ արդարության համար պայքարն առավելապես փաստաբանների ու իրավապաշտպանների ուսերին է, վերջիններիս նկատմամբ օրենսդրական այդպիսի «պատժամիջոցի» սահմանումն ուղղակի մարտահրավեր է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը։
Հատկանշական է, որ որպես դատական սանկցիա կիրառելու հիմքեր նշվում են դատական իշխանության բարձր հեղինակությունը և դատական իշխանության նկատմամբ հանրության վստահությունն ապահովելու նպատակները։
Տարակուսանք է առաջացնում այն, որ որպես այդ նպատակներին հասնելու միջոց ընտրվել է պատժամիջոցը։ Հեղինակություն և վստահություն հնարավոր է վաստակել կամ ձեռք բերել օրինական աշխատանքով, իսկ պատժամիջոցով դրանց հասնելու կերպըխոսում է սեփական անզորության մասին։
Գործող օրենսդրությունը պարունակում է փաստաբանի մասնագիտական գործունեության միջամտության և սահմանափակման ոչ իրավաչափ մի շարք նորմեր, և դրանք «համալրելը» նոր սահմանափակումներով նշանակում է ուղղակի նահանջ կատարել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում և խախտել միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները։
Փաստաբանությունը նաև իրավապաշտպան գործունեության ձև և միջոց է։ Այն պետք է ունենա լայն հնարավորություններ և առավելագույն երաշխիքներ, ինչպես նաև անկաշկանդ գործելու հնարավորություն։
Այդ իրավունքներն ամրագրված են բազմաթիվ միջազգային իրավական փաստաթղթերով, որոնց անդամակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը։ Այդ իրավունքների ապահովման փոխարեն ՀՀ իշխանությունները նախաձեռնել են դրանց սահմանափակման քաղաքականություն։
ՄԱԿ-ի «Իրավաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքները» (1990 թվական) որպես իրավաբանների կողմից իրենց պարտականությունների կատարման երաշխիքներ սահմանում են հետևյալը՝
«Կառավարություններն ապահովում են, որպեսզի իրավաբանները՝
կարողանան իրենց մասնագիտական բոլոր պարտականությունները կատարել սպառնալիքներից, խոչընդոտներից, ահաբեկումից կամ անարդարացի միջամտությունից զերծ մթնոլորտում.
դատական հետապնդման և դատական, վարչական, տնտեսական կամ այլ պատժամիջոցների չենթարկվեն` ընդունված մասնագիտական պարտականություններին, նորմերին ու բարոյականությանը համապատասխան ցանկացած գործողության համար, ինչպես նաև չենթարկվեն նման հետապնդման և պատժամիջոցների սպառնալիքների:
Իրավաբաններն օգտվում են քաղաքացիական և քրեական անձեռնմխելիությունից համապատասխան հայտարարությունների առնչությամբ, որոնք բարեխղճորեն արված են դատարանին` գրավոր միջնորդագրերի կամ դատարանում բանավոր ելույթների ձևով կամ դատարանում, տրիբունալում կամ իրավաբանական կամ վարչական այլ մարմնում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում»:
Հելսինկյան ասոցիացիան անընդունելի է համարում ՀՀ Դատական օրենսգրքի նախագծով փաստաբանի (իրավապաշտպանի) գործունեության սահմանափակման մասին ՀՀ Արդարադատության նախարարության մտադրությունը և կոչ անում՝
բոլոր իրավասու մարմիններին՝Փաստաբանին տուգանելու մասին ՀՀ Դատական օրենսգրքի նախագիծը հանել շրջանառությունից;
բոլոր շահագրգիռ կազմակերպություններին, կառույցներին ու անհատներին՝ առավելագույն ջանքեր գործադրել՝ կանխելու օրենքի նախագծի հնարավոր քննարկումները կամ դրա ընդունումը։
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
Նինա Կարապետյանց, նախագահ, փաստաբան,
Արայիկ Պապիկյան, խորհրդի նախագահ, փաստաբան
06․11․2017թ.
Թողնել մեկնաբանություն