Հատուկ քննչական ծառայությունը կասեցրել է 2017 թ. հունիսի 28-ին դատարանի նկուղում (կալանավորների պահման խցերում) «Սասնա Ծռեր» խմբի չորս անդամների խոշտանգման ենթարկելու փաստով հարուցված քրեական գործի քննությունը։
Չորս տարի քննվող քրեական գործի այդօրինակ վախճանն սպասելի էր։ «Թավշի դարաշրջանի» գործն ՀՔԾ-ն անփառունակ կերպով եզրափակեց «պողպատի դարաշրջանում»։ Այն, որ հնարավոր չէր բացահայտել տվյալ գործով հանցանք գործած անձանց, չի դիմանում որևէ քննադատության։ Դեռ ավելին, ենթադրաբար, բավարար հիմքերի և փաստական տվյալների հիման վրա հայտնաբերված միակ մեղադրյալի նկատմամբ էլ դադարեցվել է քրեական հետապնդումը, կամ որ նույնն է, վերացել կամ անհետացել են այդ հիմքերն ու տվյալները։
ՀՔԾ-ն միայն 4 տարի հետո է պարզել, որ ձեռք են բերվել «հակասական ու իրարամերժ տվյալներ», իսկ «ոստիկանության ծառայողների արտաքին քրեաիրավական գնահատական տալու հիմքեր չկան»։
Ի վերջո, ով կամ երբ պետք է ստուգման ենթարկեր այդ «հակասական և իրարամերժ տվյալները»։ Դեռ լավ է, որ չի որոշվել, որ խոշտանգված անձինք են միմյանց վնասվածքներ հասցրել ու նոր մեղադրանքների արժանացել։ Հանցանքի կատարման վայրը, հանցագործության բացահայտումը, գործի պատշաճ քննությունը բացառապես պետության հսկողության և իրավասության խնդիրներ են, և կայացրած որոշումը վկայում է, որ ՀՀ իրավապահ մարմինները կա՛մ չեն ցանկանում, կա՛մ չեն կարող ապահովել իրենց բացառիկ լիազորությունները։ Իրավապահ համակարգի, օպերատիվ ծառայությունների այդօրինակ անձեռնահասությունը պարարտ հող է ապահովում իրենց բացառիկ լիազորությունների կատարումն այլ անձանց կամ կազմակերպությունների կողմից իրացնելու համար, ինչը նշանակում է, որ «դիմադրող» համակարգն իրավամբ օրվա իշխանության իրական կամակատարն է։
Հելսինկյան ասոցիացիան խստորեն դատապարտում է դատախազության, ՀՔԾ-ի, այլ իրավապահ կառույցների կողմից դրսևորվող անգործությունը՝ պահանջելով իսպառ վերացնել ոստիկանների կողմից բռնությունների ու խոշտանգումների գործերով հովանավորչությունն ու դրանք կոծկելու երկարամյա արատավոր ու կայուն պրակտիկան։
Հելսինկյան ասոցիացիա ՀԿ
Արայիկ Պապիկյան, փաստաբան, վերոնշյալ գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ
Արա Ղարագյոզյան, փաստաբան, վերոնշյալ գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ
Թողնել մեկնաբանություն