Skip to main content

Հաց բերողի հիվանդության մասին տեղեկանքը արդյո՞ք փաստաբանը չի տրամադրել իրավասու մարմիններին

Հաց բերողի հիվանդության մասին տեղեկանքը արդյո՞ք փաստաբանը չի տրամադրել իրավասու մարմիններին

  

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց փաստաբան Տիգրան Եգորյանի հայցադիմումի քննությունը կարգապահական գործով ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 16.10.2017թ. որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին։

Կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար հիմք է հանդիսացել «Ազատություն և Հայրենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Արուսյակ Հայրապետյանի և Թեհմինե Ենոքյանի դիմումները։ Նրանք հայտնել են, որ «Ազատություն և Հայրենիք» հիմնադրամի շահառու է հանդիսանում 2016 թվականի հուլիսի 31-ից կալանավայրում գտնվող Արթուր Սարգսյանը («Հաց բերողը»): Դիմող կողմը նշել է, որ հիմնադրամն Արթուր Սարգսյանի գործով 2016 թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ քննչական մարմիններին ներկայացրել է նամակ՝ իրազեկելով, որ Արթուր Սարգսյանը տառապում է Բեխտերևի հիվանդությամբ, ինչը բացառում է պատիժը կալանավայրում կրելը: Դիմող կողմը հայտնել է, որ Արթուր Սարգսյանի ընտանիքի անդամների հավաստմամբ, նրա հիվանդության մասին համապատասխան փաստաթղթերը հանձնվել են Արթուր Սարգսյանի փաստաբան Տիգրան Եգորյանին, մինչդեռ, նշված տեղեկությունը փաստաբանն իրավասու մարմիններին չի ներկայացրել։ Դիմողները անհանգստություն են հայտնել նաև այն մասին, որ Արթուր Սարգսյանի փաստաբանն առանց ներքին ատյանները սպառելու դիմել է ՄԻԵԴ: Դիմելով Պալատ՝ դիմողները խնդրել են միջոցներ ձեռնարկել փաստաբան Տիգրան Եգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

Կարգապահական գործի քննության ընթացքում փաստաբանն առարկել է դիմողի կողմից ներկայացված հանգամանքների դեմ՝ նշելով, որ Արթուր Սարգսյանին կալանքից ազատելու հիմք է հանդիսացել ոչ թե դիմողի կողմից ՀՀ Հատուկ քննչական ծառայություն ներկայացված, այլ իր կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումը, որը պարունակում էր նաև Արթուր Սարգսյանի հիվանդության վերաբերյալ տեղեկություն։ Հենց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ՀՀ կառավարությանը նշված հարցի կապակցությամբ ուղղված հարցումների արդյունքում է Արթուր Սարգսյանն ազատվել կալանքից, իսկ նրա հարազատները քրեական գործի ընթացքից առհասարակ տեղյակ չեն եղել, ուստի նրանց ներկայացրած փաստերը չեն կարող հիմք հանդիսանալ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: Փաստաբանը նշել է, որ իր կողմից բազմաթիվ գործողություններ են կատարվել Արթուր Սարգսյանի իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նպատակով, ուստի իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը բացակայում են:

Այնուամենայնիվ, ՓՊ խորհուրդը որոշել էր փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ՝ ապահովելով մասնակցությունը իր հաշվին 6 ամսվա ընթացքում լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին՝ քրեական 15 դատավարության բնագավառի թեմայով, 8 ակադեմիական ժամ ժամաքանակով:

Այսօրվա դատական նիստին փաստաբան Տիգրան Եգորյանը հայցադիմումի լրացում ներկայացրեց։ Փաստաբանների պալատի ներկայացուցիչ Արտաշես Խալաֆյանը ժամանակ խնդրեց հայցադիմումի լրացմանը ծանոթանալու եւ դիրքորոշում հայտնելու համար։

Դատավոր Կորյուն Ափինյանի որոշմամբ նիստը հետաձգվեց մինչեւ սեպտեմբերի 11-ը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով