ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ․ ռազմավարության մշտադիտարկման մասին զեկույց․ ԱՄՓՈՓԱԳԻՐ
Հելսինկյան ասոցիացիան 2022 թվականին հանրության դատին հանձնեց Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության մշտադիտարկման մասին զեկույցը, որին ի թիվս վերլուծություների ու եզրահանգումների, պարունակում էր հետևյալ առաջարկները՝
- Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության (գործողությունների պլաններով) իրականացման աշխատանքներին կարևոր է հանրության լայն շրջանակներին ներգրավելը, առաջին հերթին՝ քաղաքացիական հասարակության ու մասնագիտական շրջանակների ներկայացուցիչներին։
- Դատական և իրավական բարեփոխումներին հանրության մասնակցությունը խթանելու նպատակով կարևոր է միջոցներ ձեռնարկել հասարակության ընդհանուր իրավագիտակցության մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Քննարկումներ անհրաժեշտ է իրականացնել նաև տեղական մակարդակով՝ ապահովելով հեռավոր համայնքների բնակիչների մասնակցությունը։
- Անհրաժեշտ է ապահովել դատաիրավական բարեփոխումներին վերաբերող (և ոչ միայն) օրենսդրական նախագծերի պարտադիր հանրային քննարկումները խելամիտ ժամկետներում, իսկ հանրային լայն հետաքրքրություն ներկայացնող և/կամ առանձին խմբերի (մասնագիտական, սոցիալական, այլ) վրա ազդեցություն ունեցող նախագծերի դեպքում քննարկումներ կազմակերպել ոլորտային փորձագետների և շահագրգիռ խմբերի հետ։
- Օրենսդրական նախագծերի մասնագիտական քննարկումներ անցկացնել նախագծի մշակման վաղ փուլերում՝ նախքան օրինագծի մշակումը։ Այս համատեքստում արժե դիտարկել դրա հիմնական դրույթների և/կամ հայեցակարգի մշակումն ու քննարկումը։
Սույն Ամփոփագիրը մասնավորապես ներկայացնում է կազմակերպության կողմից նախորդ երկու տարիներին իրականացված հատկապես քրեական գործերով (վարույթներով) նիստերի մշտադիտարկման արդյունքում ստացված տեղեկություններն ու տվյալները։ Բացի սրանից՝ տեղ են գտել նաև բաց աղբյուրներում առկա վերաբերելի տեղեկություններ։
Ամփոփագիրը պատկան մարմինների ուշադրությանը ներկայացվեց ս․թ․ հունիսի 24-ին հրավիրված ամփոփիչ աշխատաժողովի ժամանակ: Ներկա էին Արդարադատության նախարարության, Ներքին գործերի նախարարության, Բարձրագույն դատական խորհրդի, Դատական դեպարտամենտի, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Փաստաբանների պալատի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի շուրջ 20 ներկայացուցիչներ։ Հրավիրված դատավորները, Քննչական կոմիտեի և Գլխավոր դատախազության ներկայացուցիչները ծանրաբեռնվածության պատճառով չմասնակցեցին աշխատաժողովին։
Հանդես գալով բացման խոսքով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, մասնավորապես, անդրադարձավ դատական և իրավական բարեփոխումներին՝ հատուկ ընդգծելով, որ առկա խնդիրները վեր հանելու և մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ ձևավորելու հարցում չափազանց կարևոր է քաղաքացիական հասարակության դերը։ «Պետք է կարողանանք մեկտեղել ուժերն ընդհանուր գաղափարի շուրջ՝ ունենալու մարդու իրավունքների պաշտպանության ամուր համակարգ։ Այս բոլոր հարցերում ես ևս մեկ անգամ պաշտոնապես հայտնում եմ իմ հանձնառությունը»,- հավելեց Պաշտպանը։
Աշխատաժողովը ծառայեց որպես հիմնական որոշում կայացնողների միջև փորձի և կարծիքի փոխանակման, ինչպես նաև սերտ համագործակցության հարթակ։ Մասնակիցներն առաջարկեցին համատեղ ջանքերով լուծումների հասնելու գործնական գաղափարներ:
Սույն ամփոփագիրը պատրաստել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ԱՄՆ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (National Endowment for Democracy – NED) ֆինանսավորմամբ՝ «Մարդու իրավունքների վրա հիմնված դատական համակարգի ստեղծում ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում։ Ամփոփագրի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ինն են և կարող են չհամընկնել Ժողովրդավարության ազգային հիմնադրամի տեսակետներին։
Attachments
Ֆայլ | Բեռնումներ |
---|---|
ԱՄՓՈՓԱԳԻՐ | 46 |
Թողնել մեկնաբանություն