Հ.Գեվորգյանը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման. տեսանյութ
Դատարանի կողմից քրեական գործը վերսկսելու որոշումը կայացվել էր մեղադրողի միջնորդության հիման վրա, որի հիմքում դրվել էր այն փաստը, որ դատաքննության ժամանակ չէր հետազոտվել լազերային կրիչը, որում առկա է տեսանյութ, որը իբրև հիմնավորում է Հ.Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածով մեղադրանք առաջադրելը:
Սույն թվականի նոյեմբերի 9-ին դատարանը կայացրեց դատավճիռ, որով մեղավոր ճանաչեց Հ.Գևորգյանին, սակայն մինչև դատավճռի եզրափակիչ մասը նշելը, հայտնենք, որ դատաքննությունը վերսկսելուց հետո հետազոտվեց մեղադրող կողմի միջնորդած ապացույցը՝ տեսագրությունը, որով բնավ չհիմնավորվեց Հ.Գևորգյանի կողմից ոստիկաններին դիմադրելու փաստը, ինչպես նաև վերսկսելուց հետո հաստատվեց, որ դատարանից անհետացել են դատական նիստերի արձանագրությունների այն կրիչները, որտեղ ձայնագրված են գործով այն վկաների ցուցմունքները ովքեր ցուցմունք են տվել ի օգուտ ամբաստանյալի, իսկ դատարանն էլ նրանց կրկին դատարան չհրավիրեց: Դատական նիստերին այդպես էլ չներկայացավ տուժող Ն.Հարությունյանը, ով ամբաստանյալի քաղաքացիական կինն է: Վերը նշվածը անտեսելով դատարանը այնուամենայնիվ գտավ, որ Հ.Գևորգյանի մեղադրանքը հիմնավոր է և նրան դատապարտեց ազատազրկման 8 տարի ժամկետով: Ամբաստանյալը լսելով դատավճիռը փորձեց ինքնահրկիզման դիմել իր հետ նախապես դատարան բերած բենզինով, սակայն ուղեկցող ոստիկանները կանխել են ինքնահրկիզման փորձը:
Հարկ ենք համարում նշել, որ ամբաստանյալը գտնվում է կալանքի տակ 2011 թ-ից, վերջինիս առողջական վիճակը շարունակվում է ծանր մնալ, չի կարողանում ինքնուրույն քայլել, դժվարանում է խոսել, իսկ քրեակատարողական հիմնարկը չի ձեռնարկում որևէ միջոց Հ.Գևորգյանի առողջական վիճակը բարելավելու ուղղությամբ:
Մանրամասները դիտեք տեսանյութում:
Տեսանյութը՝ Հելսինկյան ասոցիացիայի
Թողնել մեկնաբանություն