Այսօր՝ ապրիլի 13-ին, «Անի Պլազա» հյուրանոցի «Գառնի» սրահում տեղի ունեցավ կլոր-սեղան հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետության հանրային պաշտպանության համակարգում առկա խնդիրներն ու դժվարությունները։ Ներկայացվեցին նաև հանրային պաշտպանության համակարգում բարելավմանն ուղղված առաջարկներ՝ հիմնվելով Հայաստանում առկա հիմնահարցերին, ինչպես նաև ԱՄՆ ու եվրոպական մի շարք երկրների հանրային պաշտպանության համակարգերի ուսումնասիրության արդյունքներին։
Հանդիպումը հրավիրել էր «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։ Քննարկմանը ներկա էին Փաստաբանների պալատի, Հանրային պաշտպանի գրասենյակի, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, անհատ փաստաբաններ, հետաքրքրված այլ անձիք։
Հանդիպումը տևեց նախատեսվածից երկար։ Համաձայնելով ներկայացված խնդիրներին՝ մասնակիցները ծավալեցին ակտիվ և հետաքրքիր քննարկում, ներկայացրին իրենց կարծիքները և հանդես եկան նոր առաջարկներով՝ համաձայնելով նաև, որ հետագա հանդիպումների կարիք կա։
Հանդիպումը «Մարդու իրավունքների դիտորդում և շահերի պաշտպանություն» ծրագրի շրջանակներում իրականացված առաջին կլոր-սեղան-քննարկումն էր։ Ծրագիրը նպատակաուղղված է Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում արդարադատության արդյունավետության բարձրացմանը, հասարակության իրավական իրազեկման և իրավական պաշտպանունակության զարգացմանը: Գործողությունների շարքում իրականացվում է նաև հանրային պաշտպանների ներգրավվածությամբ դատական գործերի դիտորդում տարբեր ատյանների դատարաններում։ Երկրորդ հանդիպումը նախատեսված է իրականացնել հաջորդ ամիս, որն ավելի ընդլայնված ու ներկայացուցչական բնույթ կկրի և ուղղված կլինի ստացված առաջարկների ամփոփմանը։
Կլոր-սեղան հանդիպման ներկայացման նյութերը շուտով՝ www.hahr.am և www.hrtv.am կայքէջերում։
«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ
Թողնել մեկնաբանություն