Skip to main content

Մամլո հաղորդագրություն․ «Հայաստանում անկախ և թափանցիկ դատական համակարգ ունենալու ճանապարհին» ծրագրի ամփոփում

2022 թվականի ապրիլ-հուլիս ամիսներին «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն իրականացրեց «Հայաստանում անկախ և թափանցիկ դատական համակարգ ունենալու ճանապարհին» ծրագիրը։

Ծրագիրը նպատակաուղղված էր դատական կառույցների գործունեության վերաբերյալ տեղեկատվության հասանելիության բարձրացմանը փորձարարություն անցած դատական մշտադիտարկման մեխանիզմի կիրառման և դրա միջոցով ձեռք բերված արդյունքների  հանրայնացման միջոցով՝ ներկայացնելով համակարգի գործունեության 2021 և 2022 թվականների իրավիճակների համեմատական վերլուծություն և բարեփոխումներին ուղղված առաջարկներ։

Ծրագիրն իրականացվեց Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Լեհաստանի զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ և Լեհաստանի համերաշխություն հիմնադրամի համագործակցությամբ։

Ըստ էության, այն նախորդ՝ կրկին Լեհաստանի համերաշխություն հիմնադրամի համագործակցությամբ իրականացված «Իրավական ոլորտում վերապատրաստված երիտասարդ քաղաքացիները որպես անկախ ու թափանցիկ դատական համակարգի երաշխավորներ» ծրագրի տրամաբանական շարունակությունն էր, որի նպատակն էր խրախուսել երիտասարդների մասնակցությունը Հայաստանի Հանրապետությունում քրեական արդարադատության համակարգի թափանցիկության մեծացման գործին, և որի շրջանակում մշակվել է դատական մշտադիտարկման մեխանիզմը։ Այն ներկայացնում է՝

  • Դատական մշտադիտարկողների ուսուցման գործընթացը,
  • Մշտադիտարկման հաճախականությունն ու ձևը,
  • Գործընկերությունն ու հետադարձ կապը մշտադիտարկողների խմբի ներսում և խմբերի միջև,
  • Հաշվետվողականությունն ու արդյունքների ջատագովումը լայն հանրության շրջանում։

Այս գործիքի կիրառումը հնարավորություն է տալիս  ձևավորել և զարգացնել հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հանդեպ, նպաստել դրանց խախտումների դեպքում արդյունավետ դատական պաշտպանությանը և քաղաքացիական հասարակության անդամների ավելի արդյունավետ ու լայն մասնակցությանը որոշումների կայացման գործընթացներին՝ դրանով կարևոր ներդրում ունենալով Կառավարության և նրա քաղաքականության նկատմամբ վստահության ձևավորման, ինչպես նաև հասարակության ներսում ընթացող ժողովրդավարական գործընթացներում երկրի համընդհանուր զարգացման համար միասնության ու համախմբվածության գործում:

Ծրագիրն կիրականացվեց Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում,  որտեղ գործում են դատական մշտադիտարկողների խմբեր։ Հասարակական կազմակերպության փորձառու մշտադիտարկողների աջակցությամբ ու անմիջական ղեկավարությամբ երեք խմբերում ընդգրկված 50-ից ավելի մշտադիտարկողները զարգացրին իրենց իրավական գիտելիքն ու փորձը՝ իրականացնելով 700-ից ավելի այցեր դատարաններ։

Հատկանշական է, որ անցած երկուսուկես տարիների ընթացքում մշտադիտարկման ծրագրերում ընդգրկվել են ընդհանուր թվով 500-ից ավելի մասնակից Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից, իրականացվել է հազարից ավելի այց տեղի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններ։

Կարևոր էին նաև ոլորտի մասնագետների՝ Արդարադատության նախարարության ներկայացուցիչների, դատավորների, դատախազների, փաստաբանների և այլոց հետ մշտադիտարկման արդյունքների շուրջ աշխատանքային քննարկումները և փորձի փոխանակման հանդիպումները։ Ավելին, սրանք միտված էին հետագայում արդարադատության համակարգի և քաղաքացիական հասարակության միջև արդյունավետ հաղորդակցության, գործընկերության և համակարգի գործունեության վերաբերյալ իմացության ու վստահության մակարդակի բարձրացման հարթակ դառնալուն։

Հանդիպումները կայացան առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Երևանի Կենտրոն, Գյումրու և Վանաձորի նստավայրերում։ Հանդիպումներին ներկա ոլորտի մասնագետները դատական մշտադիտարկողների հետ կիսվեցին իրենց փորձով՝ ներկայացնելով, մասնավորապես, դատավորի, դատախազի պաշտոնի առանձնահատկություններն ու կարևորությունն արդարադատության իրականացման մեջ, այն հիմնախնդիրները, որոնց իրենք բախվում են և հնարավոր լուծումները, նաև խոսեցին դատական մշտադիտարկման կարևորության մասին։

Մշտադիտարկողներն ուղղեցին հարցեր, որպեսզի ստանան ոլորտի մասնագետների մեկնաբանություններն այն խնդիրների մասին, որոնք իրենք բացահայտել ու գրանցել էին քրեական գործերով նիստեր դիտարկելու ընթացքում։ Խնդիրների շրջանակը, մասնավորապես, ներառում էր ոչ միայն ուսումնասիրության առարկա ոլորտին առնչվող համակարգային, այլև նաև սովորութային բնույթ ունեցող խնդիրներ, օրինաչափություններ, գործելակերպեր, վերաբերմունք, որոնց նույնպես պետք է ուշադրություն դարձնել, որովհետև դրանք շոշափելի ազդեցություն են թողնում դատական համակարգի գործունեության վրա ինչպես դրական, այնպես էլ բացասական առումով։

Հնչեցրած հարցերն առնչվում էին հետևյալ հիմնախնդիրներին․

  • դատարանների չափազանց ծանրաբեռնված աշխատանքային ռեժիմ,
  • բավականին ուշացումով և առանց ուշացման պատճառը հստակեցնելու դատական նիստերը բացելը,
  • դատական նիստերը առանց բացելու հետաձգելը,
  • դատական նիստերը հետաձգելը՝ առանց պատճառների հստակեցման:

Որպես խնդիրների մեծ մասի հիմնապատճառ ներկայացվեց դատարանների ծանրաբեռնվածությունը։ Ոչ բոլոր պատասխաններն են դատական մշտադիտարկողները համարել սպառիչ կամ ընդունելի։

Մշտադիտարկողներն ուշադրություն են դարձրել նաև դատարանների շենքային պայմանների խնդիրներով պայմանավորված՝ սահմանափակ կարողություններով մարդկանց համար արդարադատության մատչելիության ապահովման, խոցելի անձանց մասնակցությամբ գործերի քննության հատուկ հմտությունների (մասնավորապես ՀՀ փոքրամասնությունների լեզուներով լիցենզավորված թարգմանիչներ և այլն) լիովին կամ մասնակի բացակայությանն առնչվող մի շարք այլ խնդիրների և արձանագրել դրանք։

Բոլոր երեք խմբերը հաստատում են, որ դատարանների շենքեր մուտքի և մշտադիտարկում իրականացնելու հարցերում որևէ արգելք չեն արձանագրել։ Հիմնական խնդիրը, որին բախվել են մշտադիտարկողները, նույն քրեական գործով նիստերի պարբերաբար հետաձգման հետևանքով մի քանի հաջորդական նիստերի դիտարկման անհնարինությունն է եղել, որովհետև գործով հաջորդ նիստը նշանակվել է մի քանի ամիս անց։

Կազմակերպության հավաքած տեղեկույթը կարող է կարևոր հենք դառնալ հետագա ուսումնասիրությունների համար, օգտագործվել յուրաքանչյուրի կողմից, ով ցանկանում է ներգրավվել դատական մշտադիտարկման կարևորագույն ու անհրաժեշտ գործընթացների մեջ և ջանքեր ներդնել երկրում նշյալ ոլորտի բարեփոխման համար։ Դա կարելի է անել նաև տարբեր հանրային միջոցառումների, զեկույցների, մամլո հաղորդագրությունների, բողոքի ակցիաների, նամակագրության, նախընտրական արշավների, ուսուցման, այլ հնարավոր միջոցներով:

Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունում դատական համակարգի բարելավման նպատակով համակարգի գործունեության ուսումնասիրության, մասնավորապես դրա վերաբերյալ տեղեկատվության հանրային հասանելիության վիճակը պարզելու համար որպես գործիք ընտրված դատական մշտադիտարկումը դարձավ այն լավագույն միջոցը, որով հնարավոր եղավ գործընթացում ներգրավել դատաիրավական համակարգի բարեփոխմամբ շահագրգիռ մեծաթիվ անձանց՝ հիմնականում 16-30 տարեկան երիտասարդների, և նրանց ջանքերի շնորհիվ հավաքել խնդիրներն արձանագրելու և բարեփոխումներին ուղղված առաջարկները կազմելու համար անհրաժեշտ տեղեկույթը, որն ամփոփվեց ավարտական զեկույցում։ Կարիք կար այն համադրելու 2021 թվականին այդ նույն միջոցով ձեռք բերված տեղեկույթի հետ և հիմնավոր եզրահանգումներ կատարելու համակարգում մեկ տարվա ընթացքում կատարված փոփոխությունների վերաբերյալ։

Զեկույցի ներկայացումը տեղի ունեցավ հուլիսի 28-ին։ Սույն զեկույցի նպատակն է վեր հա­նել դատական համակարգի արդ­յու­նա­վետ գոր­ծու­նեութ­յու­նը խոչընդոտող խնդիրները և ներկայացնել ­իրատեսական բա­րե­փո­խում­նե­րի և լուծումների ա­ռա­ջարկներ: Զեկույցը հիմնված է ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պետութ­յու­նում դատական համակարգի 2021-2022 թվականների գործունեության վերաբերյալ տեղեկատվության հասանելիության համեմատական վերլուծության վրա։

Ներ­կա­յաց­ված են նաև միջազգային և տեղական կազմակերպությունների ո­րոշ մտա­հո­գություն­ներ դատական համակարգի անկախության, անաչառության, թափանցիկության և հանրային հասանելիության, հասարակության շրջանում համակարգի նկատմամբ վստահության ցածր մակարդակի, այլ առ­կա խնդիր­նե­րի վերա­բեր­յալ։ Ըստ այդմ, կարելի է ար­ձա­նագ­րել, որ չնայած մինչ օրս ընդունվել են դատաիրավական բարեփոխումներին ուղղված ռազմավարություններ, ոլորտում խորը հա­մա­կար­գա­յին փոփոխություններ չեն կա­տար­վել՝ ի վերջո հանգեցնելով մի շարք խնդիրների տևական առկայության, այդ թվում՝ ոլորտի մասին տեղեկության թերի հասանելիության և դրա նկատմամբ հասարակության վստահության ցածր մակարդակի։

Զեկույցը հե­տաքր­քիր և ­կար­ևոր է հատկապես այն պատճառով, որ, որպես վերոնշյալ խնդիրների բացահայտման և լուծման միջոց, այն ջատագովում է քաղաքացիական հասարակության՝դատական մշտադիտարկման գործունեությունը՝ առաջարկելով փորձարկված և պարզ մեխանիզմ ու գործիքակազմ։

Ավելին, կարևորելով դատական համակարգի և քաղաքացիական հասարակության փոխգործակցությունը մի շարք խնդիրների լուծման հարցում՝ համոզմունք է արտահայտվում, որ այն նշանակալից դեր կարող է ունենալ ինչպես դատական համակարգի բարեփոխման, այնպես էլ դրա միջոցով մարդու իրավունքների և ժողովրդավարության կայացման գործում։

Միջոցառմանը ներկա էին 30-ից ավելի մասնակիցներ, որոնց թվում էին Լեհաստանի Համերաշխություն հիմնադրամի ներկայացուցիչներ Աննա Ռադեցկան և Միկոլայ Գրաբովսկին, ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության Քաղաքական-տնտեսական բաժնի ղեկավար Մարչին Ռուժիցկին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչ Լիլիթ Անտոնյանը, ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչներ Սաբինա Նովակովան և Նարիա Զալյանը, ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Ջուլիա Օհանյանը, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներ Թամարա Բարբակաձեն և Նատալյա Ադամյանը, ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Կարեն Ամիրյանը, ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավուքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ Թերեզա Դավթյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչներ Նաիրի Միրզոյանը և Ծովինար Մարգարյանը, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ղեկավար Զարուհի Հովհաննիսյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Թագուհի Հարությունյանը, դատական մշտադիտարկողներ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներից։

Հանդես գալով խոսքով՝ հրավիրյալները բարձր գնահատեցին այս ձևաչափով իրականացվող դատական մշտադիտարկման ծրագրերը որպես դատական մշտադիտարկողների աշխատանքը կազմակերպելու, դատական ​​գործընթացներին հետևելու, դիտարկումների արդյունքները համակարգված կերպով գրանցելու և հրապարակելու լավագույն հնարավորություն քաղաքացիական հասարակության համար, մատնանշելով, որ դրանք խրախուսում և ուժեղացնում են հասարակության բազմակերպ արձագանքն արդարադատության համակարգում առկա խնդիրներին ու բացթողումներին, նպաստում հասարակության իրազեկության բարձրացմանը, խրախուսում արդարադատությունը և դատարաններին հաշվետու դարձնում հանրության առաջ:

Այդ առումով կարևոր է նաև դատական համակարգում վերաբերմունքի փոփոխության հարցը, իսկ դրա համար անհրաժեշտ և կարևոր գործոն են դատական մշտադիտարկման արդյունքները և եզրակացությունները նրանց հասանելի դարձնելը, բաց ու անկաշկանդ քննարկումներն ու հանդիպումները դատավորների, դատախազների, փաստաբանների և արդարադատության ոլորտի այլ աշխատակիցների հետ՝ նրանց կարծիքը լսելու, լավագույն փորձի փոխանակման, համագործակցության, ինչպես նաև արդարադատության համակարգի հանդեպ հասարակության շրջանում վստահության ձևավորման ու շարունակական զարգացման նպատակով, ինչի պակասն ու կարիքը դեռևս առկա են Հայաստանի Հանրապետությունում։

 Ծրագիրն իրականացվել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Լեհաստանի զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ և Լեհաստանի համերաշխության հիմնադրամի համագործակցությամբ։

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1997թվականին։ Գործունեությունն իրականացնում է 1975թ․ օգոստոսին Հելսինկիում ստորագրված «Եվրոպայում համագործակցության և անվտանգության համաձայնագրի» և կազմակերպության կանոնադրության համաձայն։ Ունի գրասենյակ Երևանում և մասնաճյուղ Վանաձորում: Իրականացնում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, այդ թվում՝ խոսքի և կրոնի ազատության, խաղաղ ցույցերի և հավաքների իրավունքի պաշտպանությունը դատարաններում, քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժական հաստատություններում, բանակում, և դրանց  ջատագովում։ Չունի քաղաքական, կրոնական կամ ազգային ուղղվածություն։ Իրականացնում է նաև Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված մարդու իրավունքներին առնչվող միջազգային պայմանագրերով և համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների իրականացման մշտադիտարկում:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել
ծրագրերի համակարգող Կարինե Թորոսյանին,
հեռ. 010 531 972,  էլ․ փոստ՝ karinetorosyan@hahr.am

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով