Ասուլիս Կ․Կունգորցեվի եվ Հ․Աղամալյանի գործերով․ Տեսանյութ
Հիշեցնենք․ Կարեն Կունգորցևին մեղադրանք է առաջադրվել սպանության հոդվածով՝ 2013թ. հոկտեմբերի 12-ում Վանաձորում տեղի է ունեցել վիճաբանություն Երևանից Վանաձոր մրցումների մեկնած տղաների և տեղի թիմի տղաների միջև, որի արդյունքում սպանվել է 15-ամյա Դավիթ Հովակիմյանը: Դեպքի օրը աշխատանքի վայրից ձեռբակալվել է Կարեն Կունգորցևը, ով, ինչպես ֆիքսել են դեպքի վայրի 4 տեսախցիկներից 2-ը, այդ պահին քայլելիս է եղել այն հատվածով, որտեղ տեղի է ունեցել դեպքը:
Շուրջ 10 ամիս Կունգորցևին անհիմն կալանքի տակ պահելուց հետո, այժմ դիտավորյալ սպանության հոդվածը փոխարինվել է սպանության փորձ կատարելու հոդվածով: Սույն թվականի օգոստոսի 26-ին գործով ձերբակալվել է նաև «Վանաձոր» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ՝ Վլադիմիր Ղուկասյանը, ում մեղադրանք է առաջադրվել մասնագիտական պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և դրանք ոչ պատշաճ կատարելու հետևանքով անզգուշությամբ բուժվող հիվանդի մահն առաջացնելու համար:
Հայկ Աղամալյանը Երևան քաղաքի քննչական վարչությունում քննված և ներկայումս Երևան քաղաքի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ 13141613 քրեական գործով մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով` 2013թ ապրիլի 9-ին(նախագահի երդմնակալության օրը)` ժամը 15:15-ի սահմաններում Երևան քաղաքի Տերյան փողոցի 72-րդ շենքի հարևանությամբ մի խումբ անձանց հետ, դանակի գործադրմամբ բռնություն գործադրելով խուլիգանություն կատարելու և այդ ընթացքում նույն դանակով Տիգրան Հայրապետյանի կրծքավանդակի աջ շրջանին հարվածելու և նրան դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու համար:
Բանախոսները զուգահեռներ անցկացրեցին երկու գործերի միջև, երկու գործով էլ հանցագործության գործիքը՝ դանակը, չի հայտնաբերվել, երկու մեղադրյալներն էլ ենթարկվել են խոշտանգումների, բաժին բերման ենթարկվելուց չեն ունեցել փաստաբան և օրինական ներկայացուցիչ /մեղադրյալներն անչափահաս են/, երկու գործով էլ չկա ուղղակի ապացույց ինչը կհիմնավորեր Կ․Կունգորցևի և Հ․Աղամալյանի կողմից սպանություն կատարելու փաստը։
Ի դեպ, նախաքննության մարմնի կողմից նման գործերով այս ոճով նախաքննություն անցկացնելը նորություն չէ, դեռևս 2010 թվականին Վռամ Բաղդասարյանին առաջադրվեց մեղադրանք սպանության հոդվածով և դատապարվեց 14 տարվա ազատազրկման, մինչդեռ քրեական գործի նյութերով հիմնավորվում էր, որ վերջինիս առաջադրված մեղադրանքն անհիմն է։
Մամուլի ասուլիսի մանրամասները դիտեք տեսանյութում։
Թողնել մեկնաբանություն