Նամակներ դատապարտյալներից. Հրաչ Գեվորգյան
Ես՝ Հրաչյա Գևորգյանս, 2011 թվականի հոկտեմբերի 18-ից մինչ օրս գտնվում եմ անազատության մեջ, անհիմն կերպով, առանց որևիցե հանցանք կատարելու, անորոշ վիճակում: Արդեն 4 տարի է լինում, որ ես գտնվում եմ դատական քաշքշուկների մեջ, ներկայումս առողջական վատ վիճակով գտնվում եմ դատապարտյալների կենտրոնական հիվանդանոցում, տարել եմ մեկ վիրահատություն, մեկ վիրահատություն էլ դեռ պիտի տանեմ, այս ամենի, նաև իմ առողջության քայքայման մեղավորը Մաշտոցի ՆԳ բաժանմունքի քրեականի հետախուզության բաժնի նախկին պետ Արթուր Գևորգյանն է և նրա գլխավորությամբ մի խումբ օպեռներ, որոնց խոշտանգումների, ծեծի, ջարդի պատճառով եմ այս օրն ընկել: Նախ նշեմ, որ այս երկար ու ձիգ տարիների ընթացքում առանց որևիցե պատճառաբանության և անհասկանալի ձևով մեկը մյուսի հետևից արդեն 3-րդ դատախազ է փոխվում և երկրորդ դատավորը: Արդեն 2 տարի է, մինչ նոր դատախազը ու նոր դատավորը վարում են իմ գործը, բայց ոչ մի անգամ չեն տեսել սուտ տուժող Նաիրա Հարությունյանի դեմքն անգամ: Դատավորի ու դատախազի ասելով՝ ոչ մի ձևով չեն կարողանում բերման ենթարկել Նաիրա կոչվածին և սպառվել են բոլոր միջոցները, բայց իրականում Նաիրա Հարությունյանը գտնվում է Երևանում և զբաղվում է մարմնավաճառությամբ, որի մարմնավաճառությունը դատարանով է հաստատվել 2012 թվականին դատավոր պրն. Ռ. Ռշտունու ժամանակ: Իբր թե չեն գտնում և չեն կարողանում բերման ենթարկել, բայց իրականում երեք դատախազին էլ, որոնք մեկը մյուսի ետևից փոխվում են անհասկանալի պատճառներով, ձեռք չի տալիս այդ մարմնավաճառի ներկայությունը դատարանում: Դատական նիստի ժամանակ անձամբ ես դատախազին ներկայացրի Նաիրա կոչվածի տվյալները և հեռախոսահամարները և այն սայթերը (odnoklassniki, mail.ru), որտեղ Նաիրան իր նկարներն է տեղադրել ու հեռախոսահամարները և զբաղվում է մարմնավաճառությամբ: Ես տրամադրեցի դատախազին այդ տվյալները, որպեսզի բերման ենթարկեն, բայց դատախազը ոչ ցանկացավ լսել և ոչ էլ ցանկացավ վերցնել տվյալները: Նրա հորն ու որդուն, որոնք դատարանում ամենակարևոր վկաներն են հանդիսանում և ստորագրություն են տվել, որ քաղաքից չբացակայեն մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, սակայն Նաիրայի հայրն և որդին, որոնք նույնպես գործով տուժող են հանդիսանում, երկրից փախել են և հիմա ոչ մեկին չեն կարողանում գտնել և բերման ենթարկել: Նույն ձև էլ արդեն 4 տարի է, որ ոչ մի ձևով չեն ցանկանում գոնե մի անգամ բերման ենթարկել նախկին քրեականի բաժանմունքի պետ Արթուր Գևորգյանին, որն իմ գործով նույնպես տուժող է հանդիսանում, բայց ոչ մի անգամ չի ներկայացել դատարան: Հիմա էլ իբր թե դատարանից կորել է վկաների նախնական ցուցմունքների ձայնագրությունները, որոնք իմ օգտին էին ցուցմունք տվել: 4 վկայի ցուցմունքների ձայնագրությունները կորել է դատարանից, իսկ մեկինն էլ չեն կարողանում լսել, քանի որ «կոմպը կախում է», այս բոլորը միտումնավոր են անում թե դատավորը և թե դատախազը, քանի որ այն վկաների ցուցմունքներն են կորել և չեն ուզում լսել, ինչը վկայում է որ «իմ գլխին սարքել են»: Ո՞նց կարող է և ի՞նչ օրենքի իրավունքով է կորում դատարանից վկաների նախնական ցուցմունքների ձայնագրությունները: Եվ ներկայումս էլ այդ նույն կեղծիքներն ու ստերը կրկնում է դատախազը, մեկը մյուսին պահելով ու կեղծելով՝ գործը տանում են առաջ: Հետգրություն: Փաստորեն ես օրգանի ոտնձգությունների դեմ անպաշտպան եմ, քրեականի պետը, քննիչը, դատախազը, դատավորը, ով ոնց ցանկանում է՝ այդպես էլ անում է: Խնդրում եմ ձեզ և ձեր միջամտությունը, որպեսզի բարձրաձայնեք այս հարցը, որպեսզի արդար և ճիշտ դատավարություն լինի: Ես այլընտրանք չունեմ, ստիպված կլինեմ դիմել ծայրահեղ միջոցների:
Հարգանքներով՝ Հրաչյա Գևորգյան
Թողնել մեկնաբանություն