Skip to main content

Ոստիկանությունը չի պատասխանել «Հելսինկյան ասոցիացիա»-ին

Օգոստոսի 12-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Թումանյան-Աբովյան խաչմերուկում, Աբովյան փողոցը հատելիս, Աննա Գոյունյանը հետիոտնի գծանշանի վրա ենթարկվել է վրաերթի: Արդյունքում 81-ամյա կինը ստացել է ողնաշարի կոտրվածք:

   Տուժող կողմը մտահագություն էր հայտնել, որ դեպքի բացահայտման հետ կապված բավարար քայլեր չեն ձեռնարկվում։ Այդ առիթով էլ տուժող Աննա Գոյունյանի որդին՝ Հարություն Գյամջյանը, դիմել էր «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ։

   Նախաքննական մարմինը որեւէ գործողություն չի կատարել դեպքի վայրում տեղադրված տեսախցիկներով արձանագրված դեպքի տեսաձայնագրությունները ձեռք բերելու համար:

Եւ տուժող կողմին եւ «Հելսինկյան ասոցիացիա»-ի դիտորդին ոստիկանությունից բանավոր կարգով հայտնել են, որ դեպքի վայրում տեղադրված տեսախցիկները շարժական են և չեն ֆիքսել դեպքը:

Մինչդեռ «Հելսինկյան ասոցիացիա»-ի կողմից կատարված ուսումնասիրություններն ապացուցում են հակառակը․ նշված վայրում տեղադրված տեսախցիկները ֆիքսված են և բավարար տեսադաշտ ունեն դեպքի վայրը տեսաձայնագրելու համար:

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը դիմել էր ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ խնդրելով պարզաբանել, թե որտեղ են  այս տարվա օգոստոսի 12-ին, ժամը 22:00-ի սահմաններում, Թումանյան-Աբովյան խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի տեսանյութերը եւ ինչու չեն տրամադրվել իրենց։

Վալերի Օսիպյանի փոխարեն պատասխանել է Ճանապարհային ոստիկանության պետ Երվանդ Կարապետյանը՝ նշելով հետևյալը․ «12.08.2018 թ․ ժամը 22.00-ի սահմաններում Երեւան քաղաքի Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում Սվետլանա Սմբատի Ստեփանյանի վարած «Nissan» մակնիշի 35QM258 հաշվառման համարանիշի ավտոմոբիլով քաղաքացի Աննա Գեւորգի Գոյունյանին վրաերթի ենթարկելու փաստով 17.08.2018 թ․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի թիվ 1878/h եզրակացության համաձայն վերջինիս առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս։ Իսկ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի վարչություն»։

Բայց պատասխանը էլ ավելի է զարմացրել «Հելսինկյան ասոցիացիա»-ի նախագահ Նինա Կարապետյանցին։

«Որ դեպքը տեղի է ունեցել, մենք էլ գիտենք։ Մեզ համար կարեւոր է, թե ինչու տեսախցիկները չեն ֆիքսել։ Ի դեպ, նշել են, որ տեսախցիկները շարժական են եւ այդ պահին չեն ֆիքսել։ Բայց իրականում տեսախցիկները ֆիքսված են, ու կասկած չկա, որ դրանք կարող էին ֆիքսել։ Այս պատասխանը իրականում մտահագություն է առաջացնում նաեւ կոռուպցիայի հետ կապված, ինչո՞ւ չէ, նաեւ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում»,- ասում է Նինա Կարապետյանցը։

Տեսախցիկների մասին առհասարակ որեւէ տեղեկություն չտրամադրելը մի քանի անգամ կրկնապատկել է անհանգստությունները․ «Ակնհայտ է, որ մեր հարցերին չեն պատասխանում, եւ այստեղ միտում կա։ Ուրիշ մոտեցում չի կարող լինել։ Եթե տեսանյութերը չեն տրամադրվել, քննիչը տեսանյութերը չի պահանջել եւ ժամանակին չի վերցրել, հետեւաբար այստեղ կարելի է տեսնել միայն միտում կամ անփութություն, որի արդյունքում կարեւոր ապացույցներից մեկն ուղղակի վերացել է։ Ուրիշ պատասխան սա չի կարող ունենալ։ Երկու դեպքերում էլ պատասխանատվություն պետք է կրեն բոլոր մեղավոր անձինք, հատկապես անհանգստացնող է Ճանապարհային ոստիկանության պետի պատասխանը։ Փոխարենը ճշտելու, թե որտեղ են տեսանյութերը եւ ինչու չեն կցվել գործի նյութերին, ղեկավարությունը գրում է, որ դեպքերը տեղի են ունեցել»,- ավելացնում է Նինա Կարապետյանցը։

«Հելսինկյան ասոցիացիա»-ն նամակ է ուղարկել նաեւ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին, սակայն մինչ օրս արձագանք չի ստացել։   117.jpg

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով