Skip to main content

Պատկերացում չունի մարդու իրավունքների մասին. նախարարի հայտարարությանը չեն հավատում

Հակադարձելով նախարարին՝ Դանիելյանը նշել է, որ հնարավոր չէ խոսել, օրինակ, այլ կրոնների նկատմամբ հարգանքի մասին, եթե հայաստանյան բանտերում կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ են նստած իրենց հավատի համար: Դանիելյանը, մասնավորապես, մատնացույց է արել «Յեհովայի վկաներ» կրոնական կազմակերպության ներկայացուցիչներին:
«Դա խոսում է այն մասին, որ մենք ոչ մի ձևով չենք հանդուրժում այլ կրոնները: Մենք օրինակներ ունենք, որ իշխանության և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներն անհանդուրժող հայտարարությաններ են արել կրոնական փոքրմասնությունների հասցեին», – ասել է Դանիելյանը:
Նրա խոսքով՝ ոչ միայն հայաստանցիները, այլ նաև այլ երկրում բնակվող հայերը հաճախ անհանդուրժող են թե այլոց մշակույթների, թե կրոնների նկատմամբ:
«Նրանք ապրում են մի երկրում և փնովում են այդ երկիրը: Նման օրինակներ շատ կան: Հայերից շատերը, օրինակ, ավտորիտար ռեժիմներով երկրներում ոչ թե ընդունում են այդ երկրի մշակույթը, այլ պարզապես ծառայում են ռեժիմի ղեկավարին, ինչպես, օրինակ, Սիրիայում՝ Բաշար Ասադին, իսկ Ռուսաստանում՝ Վլադիմիր Պուտինին:
Ընդհանրապես, Հայաստանը, հայերը ու հանդուրժողականությունը շատ տարբեր բաներ են: Չի կարող մարդ լինի հանդուրժող մշակույթի ու կրոնի նկատմամբ, բայց անհանդուրժող լինի, ասենք, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ: Մարդիկ կամ հանդուրժող են, կամ ոչ հանդուրժող, կիսով չափ հանդուրժող հնարավոր չէ լինել», – ասել է իրավապաշտպանը:
Շարունակելով խոսել Հայաստանում այլ կրոնների նկատմամբ հարգանքի բացակայության մասին՝ Դանիելյանը նշել է, որ Հայաստանում նախկինում՝ դեռևս 90-ականներից, եղել են տարբեր կրոնական ուղղությունների ներկայացուցիչներ, ովքեր հետապդնումների են ենթարկվել և դադարեցրել են իրենց գործունեությունը Հայաստանում, մասնավորապես, կրիշնաիտները, բահաիստները, բուդդակայանները:
Հիշեցնենք, որ վերջին տարիներին ԱՄՆ Պետդեպի Կրոնի ազատության մասին զեկույցներում նշվել է, որ Հայաստանում բնակչության հիմնական մասը բացասական վերաբերմունք ունի կրոնական փոքրամասնությունների նկատմամբ, իսկ էթնիկ հայ լինելը գրեթե միշտ կապվում է Հայ Առաքելական եկեղեցու հետ: Հայաստանյան լրատվամիջոցները շարունակում են իրենց հրապարակումներում օգտագործել «աղանդ» բառը, երբ խոսում են կրոնական փոքրամասնությունների մասին: 2012 թվականի զեկույցում ընդգծվում է, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցու պատմություն առարկայի ուսումնական ծրագիրն ու դասագրքերը ավելի շատ միտված են եկեղեցու հավատքին, քան եկեղեցու պատմությանը:

Տեղեկատվությունը՝ Epress.am-ի:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով