Skip to main content

Վերաքննիչ դատարանը հաստատեց խոշտանգման փաստը

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հաստատեց’ Արմեն Աղաջանյանի նկատմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խոշտանգում է տեղի ունեցել։ Խոշտանգման ենթարկելու գործով մեղադրանք էր առաջադրված «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ Արմեն Հովհաննիսյանին։ Դատարանը նրան դատապարտեց յոթ տարի վեց ամսվա ազատազրկման։ Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Արմեն Հովհաննիսյանը կհայտնվի անազատության մեջ։
Ըստ մեղադրանքի’ Արմեն Հովհաննիսյանը 2018թ․ մարտի 16-ին «Նուբարաշեն»-ում կատարած արարքի համար պատժելու նպատակով մի խումբ անձանց կազմում խոշտանգել է Արմեն Աղաջանյանին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ, ինչից հետո մի խումբ պաշտոնատար անձանց հետ կատարել է պաշտոնեական կեղծիք։
Դատաքննությունից հետո Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը խոշտանգման հոդվածը վերաորակել էր որպես լիազորությունների անցում եւ դատարանի դահլիճից համաներմամբ ազատ արձակել։ Իսկ ահա Վերաքննիչ դատարանը մերժել էր թե դատախազի, եւ թե տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանի բողոքները։
Գործով վճռաբեկ բողոք էր ներկայացվել։ Վճռաբեկ դատարանը գտել էր Արմեն Հովհաննիսյանի արարքը վերաորակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն։ Վճռաբեկ դատարանը որոշել է գործն ուղարկել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության։
Հիշեցնենք, որ 30-ամյա Արմեն Աղաջանյանը կալանավորվելուց եւ «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխվելուց հետո ենթարկվել էր խոշտանգման, իսկ չորս ամիս հետո նրա մարմինը գտել էին կախված «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» լոգարանում։ Արմեն Աղաջանյանին խոշտանգելու փաստով մեկ գործ ևս գտնվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում։ Գործը քննվում է դատավոր Արտուշ Գաբրելյանի վարույթում։ Ամբաստանյալը Արտուշ Միրաքյանն է։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով