Վճռաբեկ դատարանը փաստել է՝ խախտվել է մարդու՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը․Արմեն Աղաջանյանի գործ
Վճռաբեկ դատարանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խոշտանգված Արմեն Աղաջանյանի գործով որոշում է կայացրել։
Հիշեցնենք, որ 30-ամյա Արմեն Աղաջանյանը կալանավորվելուց եւ «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխվելուց հետո ենթարկվել է խոշտանգման, իսկ 4 ամիս հետո նրա մարմինը գտել են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» լոգարանում կախված։
Խոշտանգման ենթարկելու գործով մեղադրանք էր առաջադրվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ Արմեն Հովհաննիսյանին։ Ըստ մեղադրանքի՝ հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված, պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, 2018թ․ մարտի 16-ին «Նուբարաշեն»-ում կատարած արարքի համար պատժելու նպատակով մի խումբ անձանց կազմում խոշտանգել է Արմեն Աղաջանյանին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ, ինչից հետո մի խումբ պաշտոնատար անձանց հետ կատարել է պաշտոնեական կեղծիք։
Մինչդեռ առաջին ատյանի դատավոր Դավիթ Բալայանը դատավճիռ էր կայացրել ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանին դատարանի դահլիճից համաներմամբ ազատ արձակել՝ խոշտանգման հոդվածը վերաորակելով որպես լիազորությունների անցում: Դատարանը նշել էր, որ ծեծը չի ուղեկցվել մշակված հատուկ մեթոդների կիրառմամբ, դաժան վերաբերմունքը տևել է ոչ ավելի, քան երկու րոպե, չի կրկնվել, չի կիրառվել ընդհատումներով, Արմեն Աղաջանյանին հասցված վնասվածքներն ուղղված չեն եղել որովայնի շրջանին, ցուցաբերված վերաբերմունքը չի վնասել նրա ֆիզիկական, հոգեկան ու հոգեբանական վիճակը, քանի որ հակառակ դեպքում նա չէր բարձրաձայնի այդ մասին, իսկ քրեական հետապնդում իրականացնող մարմնի կողմից տուժողի հոգեկան վիճակը պարզելու համար դատահոգեբանական փորձաքննություն չի նշանակվել, հետևաբար՝ չկան տվյալներ հետևանքների կարճատևության կամ երկարատևության մասին։
Վերաքննիչ դատարանը՝ Նարինե Հովակիմյան, Արսեն Նիկողոսյան եւ Սեւակ Համբարձումյան կազմով, թեեւ անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի դատավճիռը եւ մերժել բողոքները, սակայն նշել է, որ ընդունելի չի համարում առաջին ատյանի դատարանի այն պնդումը, թե տեղի ունեցած բռնությունը խոշտանգում որակելու համար անհրաժեշտ պայման է, որ դեպքին նախորդած լինի տուժողի կողմից այնպիսի հակաօրինական արարքի կատարում, որը հաստատված է համապատասխան ընթացակարգով: Վճռաբեկ դատարանը գտել է, որ այդ պնդումը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայուն նախադեպային իրավունքին։
«Տուժողի նկատմամբ ֆիզիկական ուժի գործադրումը խիստ անհրաժեշտություն չի եղել. տուժող Արմեն Աղաջանյանը գտնվել է քրեակատարողական հիմնարկի տարածքում, փաստացի անազատության վիճակում և նրա նկատմամբ բռնություն է գործադրվել քրեակատարողական հիմնարկի տարածքում անհասցե հայհոյանքներ հնչեցնելու կապակցությամբ։ Արմեն Աղաջանյանը որևէ մեկի նկատմամբ բռնություն չի գործադրել, նրան որևէ պահանջ չի ներկայացվել, որը վերջինս հրաժարվել է կատարել, նա որևէ դիմադրություն ցույց չի տվել, ուստի տուժող Արմեն Աղաջանյանի վարքագծով պայմանավորված՝ նրա նկատմամբ ֆիզիկական ուժի գործադրման անհրաժեշտությունը հիմնավորված չի եղել»,- նշված է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ։
Վճռաբեկ դատարանը նաեւ արձանագրում է , որ պետության պոզիտիվ պարտականությունն է հանդիսացել ապահովելու իր վերահսկողության ներքո, փակ տարածքում, արդեն իսկ խոցելի իրավիճակում գտնվող Արմեն Աղաջանյանի պաշտպանությունը:
Ըստ Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Հովհաննիսյանի արարքը վերաորակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն։ Այդպիսով, Վճռաբեկ դատարանը որոշել է գործն ուղարկել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության։
Գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության փաստաբան Արա Ղարագյոզյանը կարծում է, որ Վճռաբեկ դատարանը հաստատել է մի փաստ․ «Առաջին ատյանի դատարանի հիմնավորումները սխալ են, և վերաքննիչ դատարանում նոր քննություն իրականացնելով, խոշտանգում գործադրելու համար ամբաստանյալը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության»։
Հիշեցնենք, որ Արմեն Աղաջանյանին խոշտանգելու փաստով մեկ գործ ևս գտնվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում։
Թողնել մեկնաբանություն