Տեղեկանք Տիգրան Համբարձումյանի սպանության փաստով հարուցված թիվ 90554311 քր. գործով
Նախաքննական մարմինը մինչ օրս աշխատում է միայն կեղծ վարկածի վրա, թե իբր հանգուցյալը համասեռամոլական հակումներ է ունեցել, ինչը բացարձակապես հերքվում է նույն քրեական գործով ձեռք բերված տվյալներով, որոնք պարզորոշ ցույց են տալիս, որ Տիգրան Համբարձումյանը ոչ թե ինքնասպան է եղել, այլ նրան սպանել են:
Դեպքի վայրի և դեպքի վայրից վերցված իրերի հետազոտումները առաջ են բերում բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան Ասոցիացիայի փորձագետ Ռ. Մարտիրոսյանը փորձեց ստանալ ՀՀ զինդատախազ Գ.Կոստանյանից և ՀՀ ՊՆ ՔԾ պետ Ա.Հարությունյանից նրանց հետ Գորիսում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Թիվ 610/19 դատաբժշկական փորձագիտական եզրակացությամբ պարզվել է, որ դեպքից առաջ Համբարձումյանը օգտագործել է խմիչք, որ դեպքից առաջ նրան հասցրել են մարմնական վնասվածքներ, սակայն նախաքննական մարմինը չի ցանկանում քննությամբ պարզել գործին էապես առնչվող այս հանգամանքները:
Գործով կատարված հետմահու դատահոգեբանական փորձաքննությամբ ապացուցվել է, որ նախաքննական մարմնի կողմից նշված հանգամանքներում Տ.Համբարձումյանը չէր կարող ինքնասպան լինել: Միայն այն փաստը, որ «Рапира» տեսակի ածելու վրա, որը հայտնաբերվել է դեպքի վայրից և որով իբր ինքնասպանություն է գործել Համբարձումյանը, վերջինիս մատնահետքերը չեն հայտնաբերվել հիմնովին արժեզրկում է նախաքննական մարմնի առաջ քաշած կեղծ վարկածը:
Առ այսօր գործով չկան ձերբակալվածներ. որևէ մեկին մեղադրանք չի ներկայացվել Տ. Համբարձումյանին սպանելու կամ ինքնասպանության հասցնելու հոդվածով:
Նախաքննական մարմինը հայտնվել է փակուղում, իսկ վերադաս դատախազությունը պարբերաբար մերժում է տուժող կողմի բացարկը նախաքննական մարմնին և միջնորդությունը, որպեսզի քրեական գործը տրվի այլ քննչական մարմնի:
Այսպիսով, նախաքննական մարմինը ո՛չ ցանկանում է բացահայտել սպանությունը և ո՛չ էլ կարողանում է հիմնավորել իր կեղծ վարկածը: Արդյունքում քրեական գործը մտել է փակուղի:
Թողնել մեկնաբանություն