Skip to main content

Փախստականների քրեական հետապնդումը դադարեցվեց. վերաքննիչը բեկանեց դատավճիռը

Վերաքննիչ քրեական դատարանը, Լուսինե Հովհաննիսյանի նախագահությամբ, բեկանեց Սյունքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը եւ փախստականներ, ազգությամբ քուրդ, Թուրքիայի հանրապետության քաղաքացիներ Մուհսիմա Թուների և Շահջան Թուների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։

Հիշեցնենք, որ 13.02.2023 թ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճռել էր՝ Մուհսիմա Սելիմի Թուներին եւ Շարջան Սելիմի Թուներին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 457 հոդվածի 1-ին մասով (Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց կազմակերպության, առևտրային կամ այլ կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի, աուդիտորի կամ փաստաթուղթ կազմելու, տալու կամ դրա իսկությունը հավաստելու համար լիազորված այլ անձի կողմից տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող կամ իրավունք վերապահող կամ պարտականությունից կամ պատասխանատվությունից ազատող փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից այն օգտագործելու կամ իրացնելու նպատակով, կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակով կեղծ դրոշմ, կնիք կամ ձևաթուղթ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև կեղծ փաստաթուղթ օգտագործելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 44-469 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (Առանց սահմանված փաստաթղթի կամ պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելը) նախատեսված հանցանքների կատարման մեջ։

ՀՀ քրեական օրենսգրքի 74 հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ՝ հանցագործությունների համակցությամբ, նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով՝ պատիժ սահմանել ազատազրկում 3 (երեք) տարի 15 (տասնհինգ) օր ժամկետով։

ՀՀ քրեական օրենսգրքի 84 հոդվածի կիրառմամբ՝ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 3 (երեք) տարի ժամկետով, վարքի նկատմամբ վերահսկողությունը դնել իրավասու մարմնի վրա։

 Մեղադրող Վաչե Ղազարյանը, սակայն չէր համակերպվել դատավճռի, և մասնավորապես, ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հանգամանքի հետ։ Նա վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ խնդրելով մասնակի բեկանել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 13.02.2023 թ. դատավճիռը, կայացնել նոր դատական ակտ և մեղադրյալներ Մուհսիմա Թուների և Շահջան Թուների նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը ճանաչել անթույլատրելի։

Վերաքննիչ դատարանում, սակայն հետաքրքիր զարգացումներ էին սպասվում։ Մեղադրողը չհասցրեց ընթերցել իր բողոքը։ Փոխարենը ազգությամբ քուրդ քույրերի պաշտպանությունը ստանձնած Արայիկ Պապիկյանը դատարանում ներկայացրեց համապատասխան փաստաթղթեր, այն մասին, որ 2023 թ. օգոստոսի 8-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կայացվել է Որոշում՝ Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Մուհսիմա Սելիմ Թյուներին, իսկ 2023 թ. հոկտեմբերի 18-ին Շահջան Սելիմի Թյուներին Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչելու և ապաստան տրամադրելու մասին։ Նրանց տրամադրվել է նաև «Փախստականների կարգավիճակի մասին» 1951 թվականի Ժնևի կոնվենցիայով սահմանված անձը հաստատող փաստաթուղթ։

Վերոնշյալ երկու որոշումները պաշտպանական կողմը ներկայացրել էր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան։ Որոշումների մեջ մանրամասն պատճառաբանվել էր, որ Մուհսիմա Սելիմի Թյուների և Շահջան Սելիմի Թյուների հետապնդման ենթարկվելու երկյուղը հիմնավոր է, առկա են Կոնվենցիայով նախատեսված «քաղաքական հայացքներ» և «ազգություն» հիմքերով սպառնացող հետապնդումները, և նրանց տրամադրվել է ապաստան։ Սակայն նույնիսկ այս որոշումները ներկայացնելուց հետո մեղադրողը ցանկանում էր ընթերցել բողոքը, ինչը դատավորները թույլ չտվեցին, քանի որ անհրաժեշտ էր նախ քննարկել և լուծել պաշտպանի ներկայացված միջնորդությունը՝ գործի վարույթը կարճելու մասին։

«Ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածը, այնպես էլ ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածը նախատեսում են կարգավորում (խրախուսական կանոն) այն մասին, որ տվյալ նորմի գործողությունը չի տարածվում ապաստան հայցողի վրա, հանգամանք, որը առկա է երկու մեղադրյալների պարագայում, և ինքին քրեական հետապնդումը բացառող հիմք է։ Ավելին՝ պաշտպանյալներս ոչ միայն ապաստան հայցողներ են, այլ՝ նրանք արդեն իսկ ստացել են ապաստան։ Գտնում ենք, որ այս փաստական հանգամանքը էական է, և իրավաչափորեն կարող է ազդել քրեական գործով վերաքննիչ դատարանի կողմից կայացվող դատական ակտի վրա», – ՍԴ/0081/01/22 քրեական գործով հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդություն ներկայացնելու ժամանակ նշեց պաշտպան Արայիկ Պապիկյանը։

Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ «Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե՝ առկա է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ քրեական պատասխանատվությունը բացառող որևէ հանգամանք (բացառությամբ անմեղսունակության)։»։

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց բավարարել պաշտպանի միջնորդությունը եւ գործի վարույթը կարճել։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով