Փաստաբաններին մինչեւ 100 հազար դրամով տուգանելու մասին օրենքի դրույթը պետք է վերացվի
Փաստաբանների նկատմամբ մասսայական հետապնդումներն սկսվեցին 2016թ․ հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման դեպքերով հարուցված քրեական գործով պաշտպանությունը ստանձնելու պահից։
Դատարաններն անհարգալից վերաբերմունքի համար սանկցիայի էին ենթարկում փաստաբաններին, այնուհետեւ Փաստաբանների պալատը համատարած կարգապահական պատասխանատվության էր ենթարկում նրանց։
Դրա վառ ապացույցը Փաստաբանների պալատի խորհրդի կողմից 2017թվականին 86 վարույթի հարուցումն էր, որոնցից միայն 69-ը՝ «Սասնա ծռեր»-ի գործով։ Իսկ 2018թ․ տվյալները դեռ առկա չեն:
Փաստաբանների մուտքը դահլիճ խոչընդոտվում էր նաեւ կարգադրիչների կողմից, իսկ Ֆեյսբուք սոցիալական ցանցում փաստաբան Արայիկ Պապիկյանի, ինչպես նաեւ ընտանիքի անդամների հասցեին սպառնալիքներ էին հնչեցվում։ Սպառնալիքներ հնչեցնող անձն էլ մինչ օրս չի բացահայտվել։
Աղմկահարույց գործերով պաշտպանություն ստանձնած փաստաբանների հետապնդումների մասին եւս մեկ անգամ բարձրաձայնվեց «Փաստաբանների իրավունքների ջատագովություն Հայաստանում» թեմայով կլոր-սեղան հանդիպում-քննարկման ժամանակ։ «Հելսիկյան ասոցիացիա»-ն Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) հետ իրականացնում է Հայաստանում փաստաբանների իրավունքների ջատագովության ծրագիր։ Ծրագրի շրջանակներում անդրադարձ է կատարվել 17-ից ավելի փաստաբանների գործունեությանը, ավելի քան 55 գործի մշտադիտարկում է իրականացվել, որոնցում ներգրավված էին հետապնդումների ենթարկված փաստաբաններ։ Ծրագրի շրջանակներում մշտադիտարկվել են նաև Պալատի խորհրդի կարգապահական նիստերը եւ հարցազրույցներ են անցկացվել հետապնդումների ենթարկվող փաստաբանների և հանրային պաշտապանների հետ ոլորտին վերաբերվող տարբեր թեմաների շուրջ։
«Փաստաբանների իրավունքների ջատագովություն» թեմայով կլոր-սեղան հանդիպում-քննարկման ժամանակ աղմկահարույց գործերով փաստաբան Արայիկ Պապիկյանը նշեց՝ անկախ այն ամենից, թե ինչ պայմաններում են փաստաբանները ենթարկվել դատական սանկցիաների, պալատի պատճառաբանության մեջ շաբլոնային ձեւակերպում է տրվում․ «Վերլուծելով վերը նշվածը՝ փաստաբանը հստակ գիտակցել է իր գործողությունների ոչ իրավաչափ լինելը, եւ թույլ է տվել փաստաբանի վարքագծի էթիկայի կանոնների խախտում, հետեւաբար նրա նկատմամբ պետք է կիրառել պատասխանատվության հետեւյալ միջոցը»։
Մինչդեռ փաստաբանները հստակ նշել են, որ իրենք հանդես են եկել պարզապես ի շահ իրենց պաշտպանյալների, վերջիններիս համար արդար դատավարություն ապահովելու, ինչպես նաև փաստաբանական համայնքի բարձր հեղինակությունը պաշտպանելու համար։ «Պալատի գրությունից ստացվում է, որ փաստաբանները գիտակցել են, որ խախտում են կատարում, եւ թույլ են տվել այդ խախտումը»,- ասում է Արայիկ Պապիկյանը:
Փաստաբանների պալատի խորհրդի որոշումների հետ համաձայն չլինելով՝ փաստաբանների մեծ մասը դրանք վիճարկում են դատարանում։ Բայց այստեղ եւս փակուղային իրավիճակ է ստեղծել։
«Դատարանը, քննելով փաստաբանի բողոքը, ըստ էության պետք է ճանաչի, որ մեկ այլ դատավոր փաստաբանի նկատմամբ սխալ որոշում է կայացրել: Հաշվի առնելով մեր դատական համակարգը եւ դատավորների ով լինելը՝ կարող է կասկած հարուցվել»,- ավելացնում է երկու տասնյակից ավելի կարգապահական պատասխանատվության ենթարկված Արայիկ Պապիկյանը: Նաև, նրա խոսքերով՝ փաստաբաններին չպետք է նույնացնել իրենց պաշտպանյալների հետ։
Կլոր սեղանի ժամանակ կարծիքներ հնչեցին, որ փաստաբանների հանդեպ հարուցված կարգապահական վարույթները պետք է կարճվեն, քանի որ դրանք նախորդ իշխանության պատվերով էին հարուցվել։
Ներկա փաստաբաններն իրենց կարծիքները հայտնեցին 2019թ․ հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքի դեմ, ըստ որի փաստաբանը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար կարող է մինչեւ 100 հազար դրամ տուգանքի ենթարկվել։
«Ամենամեծ փաստարկներից մեկն այն է, որ դատավորն ինքը վիրավորվում է, ինքը որոշում է կայացնում եւ ինքն էլ պատժում է։ Փաստաբանն իր ուղիղ պարտականությունները կատարելու համար կարող է տուգանվել»,- ասում է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցը:
Փաստաբան Արայիկ Պապիկյանն էլ ընդգծում է՝ եթե փաստաբանը վճարի այդ գումարը եւ չբողոքարկի, նշանակում է, որ անհարգալից է եղել։ Դրանից հետո Փաստաբանների պալատը պետք է կարգապահական վարույթ հարուցի եւ, պարզելով, որ փաստաբանը դատարանում էթիկայի կանոն է խախտել, եւս մեկ անգամ նկատողության է արժանացնելու: «Այսինքն՝ իմ մեկ խախտման համար ես երկու անգամ պատժվում եմ: Մինչդեռ հիմնարար սկզբունք է մեկ արարքի համար երկու անգամ չդատապարտվելը»։
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը դեռ 2019թ․ փետրվարի 4-ին դիմել է ԱԺ նախագահին եւ պատգամավորներին՝ այդ թվում խորհրդարանում հայտնված փաստաբաններին՝ առաջարկելով փաստաբանների մասով օրենքը վերացնել կամ խմբագրել այնպես, որ չտարածվի նրանց վրա։ Մինչ օրս պատասխան չի ստացվել: Ըստ Նինա Կարապետյանցի՝ ներկայիս իշխանությունը կարող է այդ օրենքը փոխել, քանի որ ունի բավարար ձայներ: «Համոզվելու համար, որ հեղափոխության արդյունքում քայլեր են արվում, պետք է այդ օրենքը վերացվի»,- հավելեց փաստաբան Հայարփի Սարգսյանը։
Հնչեցին առաջարկներ, որոնք կամփոփվեն և կներկայացվեն հաջորդ նախատեսվող կլոր-սեղան հանդիպման ժամանակ։
Թողնել մեկնաբանություն