Փորձագետը պատմել է ԼՂՀ-ի «աքլոր» փաստաբանների և ապօրինի կառույցների մասին
«Մինչդեռ առավել հաճախ որպես ինքնասպանություններ ներկայացվող սպանությունների դեպքերում քննչական ծառայության համապատասխան աշխատակիցը դիմում է ԼՂՀ փաստաբանների հանրային գրասենյակին, որպեսզի նշված անձնավորության համար անվճար փաստաբան տրամադրվի», – ասել է մեր զրուցակիցը:
Փորձագետը «հերթապահ» կամ «աքլոր» անվանումն է տվել այդ փաստաբաններին՝ ընդգծելով, որ «աքլորը» մարդկանց ծանոթ է մանկական խաղերից, որոնք միշտ մեջտեղում են եղել:
«Այդ «աքլոր» փաստաբանները քիթները խոթում են ամեն տեղ ու վերը նշված համակարգի ենթականերն ու նրանց հանցավոր համագործակիցներն են: 2011-ին փետրվարի 12-ին ԼՂՀ զորամասերից մեկում սպանված Թորգոմ Սարուխանյանի գործը հանցավոր քննության արդյունքում նենգափոխվել ու ներկայացվել է որպես ինքնասպանություն: Այս ինքնասպանության համար դատավոր Համլետ Դավթյանը երեք զինծառայողների՝ Ռոբերտ Բադալյանին, Հրանտ Կարապետյանին և ԼՂՀ քաղաքացի Վիլհելմ Ենգիբարյանին տարբեր տարիների ազատազրկման է դատապարտել՝ իբր Թորգոմ Սարուխանյանին ինքնասպանության հասցնելու նպատակով», – պատմել է Մարտիրոսյանը:
Նա ընդգծել է, որ Կարապետյանին ու Բադալյանին մեղադրանք նրակայացնելու առաջին իսկ օրվանից որպես նրանց պաշտպան է ներգրավվել ԼՂՀ փաստաբանների հանրային գրասենյակի պաշտպաններ Մարինա Գրիգորյանը ու Ազատ Ավագիմյանը, որոնք այդպիսի իրավասություն չեն ունեցել:
«Նրանք հաշվառված չեն ՀՀ փաստաբանական խորհրդում, բայց ոչ մի մարմին մինչ օրս չասաց, թե ինչո՞ւ եք անօրինականություն կատարում և ո՞վ է ձեզ թույլ տվել այլ պետության փաստաբանի ներգրավել սույն գործի մեջ: Այս խոսակցությունը ընդհանրապես չէր բացվի, եթե չլիներ մի աղաղակող ու սարսափելի փաստ, այն է՝ Մարինա Գրիգորյանն ու Ազատ Ավագիմյանը նախաքննական փուլում և դատարանում հանդես չգային ոչ թե որպես այս խեղճ ու կրակ, անմեղ զինծառայողների փաստաբան, այլ՝ նրանց բացահայտ թշնամի: Նշեմ, որ Ավագիմյանն այս պահի դրությամբ կալանավորված է և մեղադրվում է կաշառք տալու մեջ», – նշել է մեր զրուցակիցը:
Մարտիրոսյանի կարծիքով՝ նման փաստաբանների առկայությամբ մեղադրյալը իրեն շատ ավելի ընկճված է զգում, քան առանց նրանց՝ «պատահական չէ, որ ամբաստանյալներից մեկը Վերաքննիչ դատարանում հրաժարվել է Գրիգորյանի ծառայություններից»:
«Նշեմ, որ սկզբում Սարուխանյանի դատաքննությունն ապօրինաբար ընթանում էր Ստեփանակերտում, մենք հրաժարվեցինք այնտեղ գնալ ու նիստերց մեկին, որին մենք չենք մասնակցել՝ հարցաքննվել են 9-ը վկաներ, իսկ հաջորդ նիստին, որը ստիպված անցկացրին Գորիսում, հարցաքննվեց ընդամենը 1 հոգի: Տարբերությունը զգացեք՝ վկաներին բերում էին և 2-3 հարց տալիս: Փաստաբաններից որևէ մեկը լուրջ հարց չտվեց, չասաց՝ «էս ի՞նչ ստեր ես պատմում»: Օրինակ, ԼՂՀ քաղաքացի Սևակ Ավանեսյանի տված ցուցնմունքներից ակնհայտ երևում է, որ նախաքննական մարմինը նախաքննության ընթացքում տասնյակ հանցագործություններ է կատարել», -ասել է փորձագետը:
Մարտիրոսյանը նշել է, որ Ավանեսյանը ճնշման է ենթարկվել ցուցմունք տալուց հետո, և նույն Ավագիմյանը հայտարարել է, թե Ավանեսյանը ոստիկանության աշխատակից է, ու նրան կստիպեն հրաժարվել իր ցուցմունքից:
«Այդպես էլ եղավ, նրան լռեցրեցին, հակառակ դեպքում 30-ից ավելի անձ, այդ թվում՝ Գլխավոր դատախազը, զինդատախազը, մարզային դատախազը, ՌՈ պետը, չակերտավոր Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և հանցագործ հատուկ քննչական ծառայության պետ, գեներալ Արմեն Հարությունյանը պետք է ենթարկվեին քրեական պատասխանատվության», – ասել է մեր զրուցակիցը:
Մարտիրոսյանը շեշտել է, որ Ավանեսյանի՝ պաշտոնապես հաստատված ցուցմունքով, 24 զինծառայող Սարուխանյանի սպանությունից հետո տեղափոխվել է Ստեփանակերտի Ռազմական ոստիկանություն, որտեղ 10 օր խոշտանգվել են՝ ստիպելով նրանց կեղծ ցուցմունքներ տալ:
«Որտե՞ղ էին փաստաբաններ Գրիգորյանն ու Ավագիմյանը, չէի՞ն տեսնում, որ իրենց պաշտպանյալներին խոշտանգում էին՝ ոչ մի ձայն չեն հանել այս մարդիկ: Ի՞նչ անեն զինվորները այս մսաղաց համակարգի դեմ», – ասել է փորձագետը:
Տեղեկություն՝ Epress.am-ի:
Թողնել մեկնաբանություն