Skip to main content

Արման Վեզիրյանի 05.09.2012թ.-ի դատավարությունը. Նինա Կարապետյանց

Ըստ Արման Վեզիրյանի պաշտպան Նինա Կարապետյանցի՝ համաձայն ՀՀ քրեական  օրենսգրքի 118 հոդվածի՝ ծեծը համարվում է կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործություն: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  183 հոդվածով սահմանված են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց վերաբերյալ` «քրեական գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա», այդ ցանկում ընդգրկված է նաև ՀՀ քրեական  օրենսգրքի 118 հոդվածը:

Արման Վեզիրյանին մեղադրանք առաջադրելուց հետո, սույն քրեական գործով որևէ մեկը տուժող չի ճանաչվել, ինչպես նաև գործում բացակայում է որևէ մեկի բողոքը: Համաձայն նույն օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ քրեական հետապնդումը բացառող հանգամանք է համարվում, եթե «սույն օրենսգրքով նախատեսված դեպքերով բացակայում է դիմողի բողոքը»:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն. «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը:»

Իսկ համաձայն ՀՀ քրեական դատավարության  օրենսգրքի 35 հոդվածի 4-րդ մասի՝ մեղադրողը, դատարանում հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, պարտավոր է հայտարարել ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին: Ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին մեղադրողի հայտարարությունը դատարանի համար քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք է:

Ակնհայտ  է, որ այս ամենից ելնելով մեղադրողը, իսկ վերջինիս կողմից նման «ցանկություն» չհայտնելու դեպքում դատարանը ոչ թե կարող էր, այլ  պարտավոր էր Ա.Վեզիրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և Ա.Վեզիրյանի մասով քրեական գործը կարճելու մասին որոշում կայացնել:

Հասկանալով, որ ո՛չ դատախազը, ո՛չ դատարանը նման «ցանկություն»  չունի, և ոչ մեկը, ոչ մյուսը չի ցանկանում իր վրա վերցնել Ա.Վեզիրյանի վերաբերյալ հետապնդումը դադարեցնելու և քրեական գործը կարճելու «պատասխանատվությունը» պաշտպանական կողմը նման միջնորդությամբ  հանդես եկավ:

Մատնանշելով վերը նշվածը և մանրամասն վերլուծելով գործող օրենսդրությունը՝ պաշտպան` Ն.Կարապետյանցը  միջնորդել է դատարանին Ա.Վեզիրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և Ա.Վեզիրյանի մասով քրեական գործը կարճելու մասին: Միջնորդությունը ավելի քան  հիմնավորված էր, քանի որ օրենքից բերված մեջբերումները կրում են իմպերատիվ բնույթ և թույլ չեն տալիս կամայական մեկնաբանության:

Դատարանը միջնորդությունը մերժեց՝ համարելով այն անհիմն: Միջնորդության գրավոր մերժումը դեռ չի ստացվել. ավելի մանրամասն կանդրադառնանք հաջորդիվ:

Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 11-ին, ժամը 14:00-ին:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով