9 տարի անց դատախազությունը համակերպվեց․ Կարեն Կունգուրցեւը սպանություն չի կատարել
9 տարի անց ՀՀ Գլխավոր դատախազությունը ընդունեց այն փաստը, որ Կարեն Կունգուրցեւը սպանություն չի կատարել։
Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 13-ին Վանաձոր քաղաքում 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանը դանակահարվել էր, ապա հիվանդանոցում մահացել:
Դեպքից ժամեր անց Կարեն Կունգուրցեւը բերման էր ենթարկվել ոստիկանության բաժին։ Առաջին ատյանը արդարացրել էր Կունգուրցեւին, իսկ Վերաքննիչ դատարանը առաջադրել էր նոր մեղադրանք՝ դիտավորությամբ անձին մարմնական վնասվածք հասցնելը, որն առաջացրել է մահ: Վճռաբեկ դատարանն էլ բեկանել էր գործը եւ ուղարկել առաջին ատյան՝ նոր քննության։ 2019 թ-ից գործը քննող դատավոր Մուշեղ Հարությունյանը եւս արդարացրել էր Կարեն Կունգուրցեւին, Վերաքննիչ դատարանը` նույնպես։
9 տարիների ընթացքում պաշտպանական, իսկ հետո տուժող կողմը պնդում էին, որ սխալ նախաքննություն է ընթացել եւ իրականությունը չի բացահայտվել։
Այս դատավճռից հետո Կարեն Կունգուրցեւի մասով արդարությունը վերականգնվեց, իսկ ահա Հովակիմյան ընտանիքի մասով՝ ոչ։ Դեպքից ինը տարի է անցել եւ չափազանց դժվար է լինելու նոր քննություն կատարելու համար։ Բայց կա նաեւ հակառակ կողմը՝ եթե քննիչը եւ դատախազը պատշաճ քննություն իրականացնեն, ապա ամեն ինչ պարզվի։
2013 թվականից Կարեն Կունգուրցեւի պաշտպանությունը ստանձնած Արայիկ Պապիկյանի խոսքերով՝ առաջին հերթին պետք է պարզել, թե դեպքի ովքեր են եղել ոստիկանության բաժնում եւ նրանց բոլորին հարցաքննել։ Այդ դեպքում, ըստ նրա կպարզվի, թե ովքեր էին գծել այդ կեղծ սցենարը եւ մեղադրանք առաջադրել Կարեն Կունգուրցեւին։
Պաշտպանական կողմ այս ընթացում կրկին միջնորդություններ է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին եւ խնդրել՝ հանձնարարելու պատշաճ քննություն իրականացնել , այդ նպատակով կիրառելով ՀՀ քրեադատավարական օրենքի հնարավոր բոլոր գործիքակազմերը։ Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը՝ Լոռու մարզային վարչության աշխատակիցների նկատմամբ բռնությամբ զուգորդված պաշտոնական լիազորությունների անցման հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել էր՝ նրանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով։ Բացի այդ՝ Կարեն Կունգուրցևին բերման ենթարկելու ժամանակ բռնություն գործադրելու և ձեռնաշղթաներով ճանաչման ներկայացնելու վերաբերյալ եւս քրեական հետապնդում չի իրականացվել։ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչության պաշտոնատար անձանց կողմից վկա Սեդա Պապոյանի նկատմամբ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորությունների անցում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և վերջինիս ցուցմունք տալուն հարկադրելու վերաբերյալ քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։
Հիշեցնենք, որ 2022 թ. օգոստոսի 9-ին քրեական գործը դատարանից ուղարկվել է դատախազություն՝ դրա հետագա ընթացքը օրենքով սահմանված կարգով լուծելու համար։
Իսկ պաշտպանական կողմը հոկտեմբեր ամսին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացրել է հայցադիմում՝ պետության կողմից (ի դեմս՝ ՀՀ ֆինանսների նախարարության) Կարեն Կունգուրցևին անցած իննը տարիների ընթացքում պատճառված վնասը հատուցելու պահանջի մասին։ Նա մոտ 4 տարի գտնվել է անազատության մեջ։ Դատավոր Արամ Մկրտչյանը նախնական դատական նիստ է նշանակել դեկտեմբերի 15-ին։
Թողնել մեկնաբանություն