Skip to main content

Դատական մշտադիտարկման երկօրյա ծրագիր Արագածոտնի մարզում

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը համագործակցության է հրավիրում Արագածոտնի մարզում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ոչ ՀԿ անդամ իրավապաշտպանների, ակտիվիստների, ուսանողների, արդար դատաքննության խնդիրներով հետաքրքրված այլ անձանց, ովքեր հետաքրքրված են դատական մշտադիտարկմամբ՝ տեսական և գործնական իրականացման մակարդակներում։

Ծրագրի նպատակն է դատական մշտադիտարկման (մոնիթորինգ) վերաբերյալ գիտելիքի տրամադրումը, իրավական դաշտում առկա կարգավորումների և մեխանիզմների վերաբերյալ իրազեկումը, ինչպես նաև նրանց հմտությունների և կարողությունների զարգացումը՝ այդպիսով նպաստելով մարզային մշտադիտարկողների թիմի ձևավորմանը և նրանց հետագա ակտիվ գործունեությանը ոլորտում։

Ծրագրի տեսական մասում մասնակիցները կծանոթանան «Դատական մշտադիտարկում և լուսաբանում։ Արդար դատաքննության արտաքին երաշխիքներ» խորագիրը կրող ուղեցույցին։ Ի թիվս այլ թեմաների, կներկայացվեն նաև դատական մշտադիտարկման (մասնավորապես, քրեական գործերով նիստերի) առանձնահատկությունները, նպատակը, սկզբունքները, դատական մշտադիտարկման ժամանակ մասնագիտական գործունեության ապօրինի խոչընդոտման դեպքեր, դրանց պատճառները և օրինական կարգավորման հնարավորությունները։ Փորձառու մասնագետները կպատասխանեն մասնակիցների հարցերին, նրանց կտրվի մշտադիտարկողի իրավունքների վերաբերյալ սպառիչ տեղեկություն ինչպես դասընթացի ընթացքում, այնպես էլ դասընթացից հետո։

Ծրագրի գործնական փուլում կկազմակերպվի մասնակիցների փորձնական այց տեղի մարզային դատարան՝ կազմակերպիչ հասարակական կազմակերպության ներկայացուցիչների աջակցությամբ դատական նիստ դիտորդելու նպատակով։

Տեղեկացնում ենք, որ մասնակիցների սննդի ծախսերը (անհրաժեշտության դեպքում նաև դատարան այցելության տրանսպորտային ծախսերը) հոգում է հրավիրող կազմակերպությունը։ Կպահպանվեն համաճարակային անվտանգության բոլոր կանոնները։

Հանդիպումները կիրականացվեն ապրիլի 25-26։ Մասնակցության համար դիմել մինչև ապրիլի 23-ը ներառյալ։

Հետաքրքրված դիմորդներին խնդրում ենք ուղարկել իրենց տվյալները՝ անուն-ազգանուն, հեռախոսահամար, մարզ, լրացուցիչ նաև ՀԿ-ի անունը, եթե անդամակցում կամ ներկայացնում եք որևէ ՀԿ-ի, հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով՝ karinetorosyan@hahr.am:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել կամ զարգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 095 750 864:

Դասընթացն իրականացվում է «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և «Իրավունքի ուժ»  հասարակական կազմակերպության համագործակցությամբ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով