Skip to main content

Կարեն Կունգուրցեւը երկրորդ անգամ արդարացվեց

15-ամյա պատանու սպանության մեջ մեղադրվող Կարեն Կունգուրցեւը երկրորդ անգամ արդարացվեց։ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Հարությունյանը ճանաչեց  եւ հռչակեց Կարեն Կունգուրցեւի անմեղությունը։ Այս գործը ներպետական բոլոր երեք ատյաններով անցել  եւ կրկին  վերադարձել էր  Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան։

Հիշեցնենք, որ  8 տարի  առաջ՝ 2013 թվականի հոկտեմբերի 13-ին Վանաձոր քաղաքում 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի դանակահարվել էր,  որի հետևանքով Դավիթը հիվանդանոցում մահացել էր:

Դեպքից ժամեր անց Կարեն Կունգուրցեւը բերման էր ենթարկվել ոստիկանության բաժին։  Նրան մեղադրանք էր առաջադրվել սկզբում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), իսկ  նախաքննության ավարտին հոդվածը  փոխվել էր  եւ նոր մեղադրանք էր առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 34-104.1 հոդվածով (սպանության փորձ):

Շուրջ քսան ամիս տեւած 40 նիստերից հետո Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանն արդարացման դատական ակտ էր կայացրել։

Իսկ Վերաքննիչ դատարանը՝ Մանուշակ Պետրոսյանի նախագահությամբ, գործը  քննվել էր  13 ամիս եւ բեկանվել  արդարացման դատավճիռը։ Դատարանը  Կարեն Կունգուրցևին առաջադրել էր նոր մեղադրանք՝  դիտավորությամբ անձին մարմնական վնասվածք հասցնել, որն առաջացրել է մահ: Հենց նույն օրն էլ՝ 2017 թ հուլիսի 18-ին,  Կարեն Կունգուցեւը դատապարտվել էր  7 տարվա ազատազրկման եւ հենց դատարանի դահլիճից նրան տարել էին կալանավայր։     Վճռաբեկ դատարանն էլ գործն ուղարկել էր  առաջին ատյան՝ նոր  քննության։ 2019 թ հունվարի 21-ին գործը մակագրվել էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Հարությունյանին։ Այս ընթացքում կողմերը լսել էին  դեպքի ժամանակ անչափահաս վկաների ցուցմունքները։ Նրանք իրարամերժ եւ հակասական ցուցմունքներ էին տվել։

Մեղադրող կողմը թեեւ չէր բողոքարկել Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտը, սակայն միջնորդեց Կարեն Կունգուրցեւին մեղավոր ճանաչել սպանության փորձի հոդվածով եւ դատապարտել 9 տարի 6 ամսվա ազատազրկման։

«Այդ ինչպես է ստացվում, որ վերաքննիչի 112-ի մասին որոշումը դատախազի համար ընդունելի և ճշիտ է, իսկ առաջին ատյանի դատարանի դեպքում՝ 104-ն է ճիշտ։ Այդ ով է դատախազին իրավունք վերապահել, որ նույն անձի համար տարբեր ատյաններում տարբեր հոդվածներ պահանջի կամ ընդունի։ Այս իրավիճակը բացահայտում է սույն գործի էությունը. մեղադրանքը ոչ թե վերաբերում է դեպքին ու գործին, այլ՝ անձին։ Այո՝ անձին, և ոչ թե պաշտպանյալիս անձին, այլ՝ պաշտպանության ու հովանավորության տակ առնվող անձին։ Եվ կարևոր էլ չէ 104, թե՝ 112 կշնորհվի Կարենին»,-իր ճառում նշել էր Կարեն Կունգուրցեւի պաշտպան Արայիկ Պապիկյանը։

Նա  իր  35-էջանոց ճառում  մանրամասն  վերլուծել էր գործի ամեն մի հանգամանք՝ նախաքննության թերություններից սկսած մինչեւ դատարանում վկաների իրարից տարբերվող ցուցմունքներ։  Թե ինչպես են անչափահաս տղաներին համոզել ցուցմունքներ տալ Կարեն Կունգուրցեւի դեմ, որ իրենց ընկերոջ մահվան մեղավորը  բացահայտվի։ Բայց այդ, ըստ նախաքննության,  դեպքից միայն  միայն երկու օր հետո՝ հոկտեմբերի 14-ին են օպերատիվ տվյալ ստանում, որ դեպքի վիճաբանությանը մասնակցել են նաև Արթուր և Արեն Բաղդասարյանները։  Իսկ նրանց օրինական ներկայացուցիչ, ԱԱԾ Արտակ Բաղդասարյանն  իր ցուցմունքով հայտնել  է , որ փաստացի տիրապետել է քրեական գործի նախաքննության բովանդակությանը դրա ամենասկզբնական փուլից սկսած։ Կարեն Կունգուրցևը մշտապես պնդել է, որ ինքը դանակահարության հետ առնչություն չունի, ինքն անմեղ է,  ստիպել են խոսոտովանել, բռնության են ենթարկել, որին մասնակցել են նախիկին ոստիկանապետի տեղակալ Անուբախ Համբարյանը, այլ բարձրաստիճան ոստիկաններ:

Կարենի կողմից հանցանքը կատարծ լինելու պաշտոնական վարկածին չեն հավատում նաև տուժողի իրավահաջորդը և նրա ներկայացուցիչը, ովքեր մշտապես պնդել են, որ Կարենը մեղավոր չէ, և որ նա չի կատարել հանցանքը:

Ի դեպ,  դատարանում,  իր ցուցմունքն ավարտելուց հետո,  վկա Ռաֆիկ Սարգսյանը, շրջվելով  դեպի տուժողի իրավահաջոդի կողմը, ասել էր ՝ «Հակոբ ձյաձյա ներողություն եմ խնդրում, որ ճիշտը չեմ ասել», այնուհետև շրջվել էր  դեպի Կունգուրցևը, և ասել՝ «Կարե՛ն, կներես, որ ճիշտը չեմ ասել»։

Պաշտպան Արայիկ Պապիկյանը թեեւ համոզված էր, որ Կարեն Կունգուրցեւն արդարացվելու է, միաժամանակ մտավախություն է ունեցել․ «Ուժային, համակարգային ինքնապաշտպանական բնազդն էր այստեղ աշխատում»։

Դեպքից կարճ ժամանակ անց եւ մինչ օրս շրջանառվում են լուրեր, որ  Դավիթի դանակահարությունն իրականացրել է ԱԱԾ նախկին աշխատակցի որդին, ով գործով հանդես էր գալիս որպես վկա:

Արդեն 8 տարի է Դավիթը մահացած է, սակայն դեռև չի բացահայտվել այն անձը, ով պետք է դատապարտվի նրա սպանության համար։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով