Խոշտանգման մեղադրանք ՝ ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետի տեղակալին
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետի տեղակալ Ս. Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1․ «Խոշտանգում» հոդվածով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։
Հիշեցնենք․ տուժող Վրեժ Մկրտումյանը հայտնել էր, որ նախորդ տարվա հոկտեմբերի 29-ին Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի հատվածում ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի երեք ծառայողների կողմից իր նկատմամբ բռնություն է գործադրվել, հնչեցվել է սպառնալիք ոտքերին կրակելու եւ ոստիկանության բաժին տեղափոխելու վերաբերյալ։
Այս գործի բացառիկությունը կայանում է նրանում, որ առկա է նաև տեսանյութ: Ենթադրյալ խոշտանգման դեպքը ֆիքսել էր ավտոմեքենայի վրա տեղադրված տեսառեգիստրատորը։ Տուժողը տեսանյութը տրամադրել էր «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ին։ Այն առաջինը տեղադրվեց կազմակերպության կայքէջում, իսկ այնուհետեւ ամբողջական տեսանյութը տրամադրվեց ոստիկանությանը։ Ի դեպ, եթե այս տեսանյութը չլիներ, ապա քրեական գործ չէր հարուցվի։
Միջադեպից անմիջապես հետո «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ն ներգրավվել է այս գործով։ ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը հայտարարել էր, որ տեղի է ունեցել խոշտանգում։ Նա միջնորդություն էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի գործը տեղափոխվի ԱԱԾ, եւ գործ հարուցվի խոշտանգման հոդվածով։
Հիշեցնենք, որ նախաքննության ընթացքում քրեական գործը հարուցվել էր լիազորությունների անցման հոդվածով։
Տուժողի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը, թեեւ ողջունում է խոշտանգման հոդվածով գործ հարուցելը, սակայն դիտարկումներ ունի․
«Մեղադրանք պետք է առաջադրվի բոլոր դերակատարներին, մասնավորապես Ստեփանավանի ոստիկանապետին, ով զենքի բացահայտ ցուցադրմամբ սպառնալիքներ էր հնչեցրել», – ասում է Արա Ղարագյոզյանը։
Փաստաբանին մտագոհում է նաեւ այն, որ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։
«Ենթադրյալ բռնություն գործադրած երեք պաշտոնատար անձինք գտնվում են ազատության մեջ, եւ այս դեպքում հավանակությունը բարձր է, որ նրանք կփորձեն տուժողի կամ վկաների նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրել։ Տուժող կողմը գտնում է, որ գործի օբյեկտիվության ապահովման համար պետք է խափանման միջոց ընտրվեր կալանավորումը։ Մեզ համար շատ ցավալի է, որ Գլխավոր դատախազությունը եւ ԱԱԾ-ն հանդուրժողանակություն են ցուցաբերում ենթադրյալ բռնություն գործադրածների նկատմամբ»,- հավելում է փաստաբանը։
Ըստ նախաքննության ձեռք բերված ապացույցների՝ ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի երեք աշխատակիցներ, այդ թվում՝ բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալը, կանգնեցրել են Դ. Ս.-ի վարած ավտոմեքենան և ավտոմեքենայից դուրս գալու պահանջ ներկայացրել Վրեժ Մկրտումյանին։ Դրանից հետո ավտոմեքենայում գտնվող իրի մասին հարցի վերաբերյալ ճշտող հարցը զայրացրել է բաժնի պետի տեղակալին, և իրենց հետ ոչ հարիր ձևով խոսելու համար պատժելու նպատակով վերջինս երկու անգամ բռունցքով հարվածել է Վրեժ Մկրտումյանի գլխի ձախակողմյան շրջանին՝ վերջինիս դիտավորյալ պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ:
Թողնել մեկնաբանություն